
Իլհամ Ալիևը վերընտրվեց Ադրբեջանի նախագահի պաշտոնում
Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) ամփոփել է նախօրեին տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունների արդյունքները: Ընտրատեղամասերի մոտ 92%-ի արդյունքների ամփոփումից հետո, ինչպես և սպասվում էր, Ադրբեջանի նախագահի պաշտոնում վերընտրվել է Իլհամ Ալիևը, ով ստացել է ձայների 86%-ը կամ 3 մլն 192 հազար 522 քվե:
Բացի Ալիևից, նախագահի պաշտոնում առաջադրվել էր ևս 7 թեկնածու, սակայն նրանց հավաքած ձայները չնչին տոկոս են կազմում: Ադրբեջանական ընդդիմությունը բոյկոտել էր նախագահական ընտրությունները` դրանք ժամանակից շուտ անցկացնելու պատճառով: Հիշեցնենք, որ նախագահական ընտրություները Ադրբեջանում պետք է տեղի ունենային այս տարվա հոկտեմբերի 17-ին, սակայն Ալիևի հրամանով` ընտրության օրը տեղափոխվեց ապրիլի 11-ին:
Ադրբեջանում ընտրելու իրավունք ուներ 5 մլն 309 հազար 434 հազար քաղաքացի: ԿԸՀ-ի տվյալներով` ընտրություններին մասնակցությունը կազմել է 74,51%:
Ադրբեջանի նախագահական ընտրություններին հետևել են ավելի քան 900 միջազգային դիտորդներ: Նախօրեին օրվա տարբեր ժամերին հաղորդվում էր տարատեսակ ընտրախախտումների և լրագրողների աշխատանքը խոչընդոտելու դեպքերի մասին, սակայն, օրինակ` ԱՊՀ դիտորդները հայտարարել են ընտրությունների լեգիտիմության մասին:
Ընտրություններում հաղթանակ տանելուց հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «ադրբեջանցիները ընտրել են կայունությունն ու զարգացումը»:
Հիշեցնենք, որ 2016 թվականի աշնանը տեղի ունեցած սահմանադրական բարեփոխոււմների համաձայն` Ադրբեջանի նախագահը պաշտոնավարելու է 7 տարի ժամկետով, նախկին 5-ի փոխարեն, այսինքն` Ալիևը նախագահի պաշտոնը կզբաղեցնի առնվազն մինչև 2025թ., իսկ 2009 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո վերացել է անընդմեջ պաշտոնավարման երրորդ ժամկետի արգելքը, ինչը թույլ է տալիս Իլհամ Ալիևին շարունակաբար առաջադրվել նախագահի պաշտոնում:
57-ամյա Ալիևը Ադրբեջանը ղեկավարում է 2003 թվականից: Նա նախագահի պաշտոնը կստանձնի 4-րդ անգամ:
Լուսանկարը` Sputnik / Talyb Barkhudayev
Մեկնաբանել