
Կանադայում հոկեյիստների ավտոբուսը վթարի է ենթարկվել. զոհվել է 14 մարդ
Կանադական «Համբոլդտ Բրոնքոս» հոկեյի երիտասարդական թիմի ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 14 մարդ, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վթարը տեղի է ունեցել Սասկաչևան նահանգի Թիսդեյլ քաղաքից 30 կմ հեռավորության վրա: Զոհվածները եղել են 16-ից 21 տարեկան: Զոհերի թվում է նաև ավտոբուսի վարորդը:
14 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Կանադայի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսում եղել է 28 մարդ:
«Համբոլդտ Բրոնքոս»-ը ուղևորվում էր «Նիպավին Հոուքս» թիմի դեմ հանդիպմանը: Խաղացողներից մեկի հայրը որդու զանգից հետո եկել էր դեպքի վայր:
«Դա աղետ էր: Ավտոբուսը դուրս են բերել վերամբարձ կռունկի միջոցով»,- տեղական թերթերից մեկին հաղորդել է հոկեյիստի հայրը:
Զոհվածների ընտանիքներին ցավակցել են «Համբոլդտ Բրոնքոս» և «Նիպավին Հոուքս» թիմերի ղեկավարները, իր ցավակցական խոսքն է հղել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Միջադեպի առնչությամբ հետաքննություն է ընթանում:
Լուսանկարը՝ «Համբոլդտ Բրոնքոս»-ի թվիթերյան էջից
Մեկնաբանել