HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թող մեր ընթերցողը լինի նա, ով չի ուզում ուղտի ականջում քնած մնալ

ասում է «Արտասահմանյան գրականություն» եռամսյա հանդեսի գլխավոր խմբագիր, արձակագիր, թարգմանիչ Սամվել Մկրտչյանը 

Որքան հիշում եմ, ավելի քան քսան տարի, գրական շրջանակները երազում էին հայալեզու թարգմանական հանդես ունենալ: Այսինքն` երազում էին իմանալ, թե ինչ կա աշխարհում եւ ոնց է այդ եղածը հնչում հայերեն: Եթե քսան տարի առաջ նման հնարավորություն լիներ, ով գիտի, ինչպիսի՞ն կլիներ ժամանակակից հայ գրականությունը: Եթե այս տարվանից կանոնավոր հրատարակվող «Արտասահմանյան գրականություն» հանդեսն անխափան շարունակություն ունենա, ով գիտի, թե ինչպիսի՞ն կլինի վաղվա հայ գրականությունը: Որովհետեւ գրականությունն էլ մարդու նման սնունդ է ուզում` էկոլոգիապես մաքուր սնունդ: Այսինքն միտք, որն ազատ է կաղապարներից, միտք, որն հակընդդեմ է գավառական մտածողությանը եւ վերջապես միտք, որ մարդու համար է եւ հանուն մարդու: 

Ո՞ւմ համար է տպագրվում «Արտասահմանյան գրականություն» եռամսյա հանդեսը: Ո՞վ է «ԱԳ»-ի ընթերցողը կամ ավելի ճիշտ Ձեր աշխատանքում ի՞նչ պատվեր եք հաշվի առնում: 

Շատ կուզեի հավատալ, որ «ԱԳ»-ի ընթերցողը ջահելներն են, ոչ տառաճանաչ ձեւացող գրչակների անկասելի բանակը: Վերջիններս իրենց գրածից բացի ոչինչ չեն կարդում: Թող մեր ընթերցողը լինի նա, ով չի ուզում ուղտի ականջում քնած մնալ: Հենց այդ քչերի համար էլ տպագրում ենք: Բացի այդ ունենք ինտերնետային էջ՝ www.artgrak.am 

Ո՞վ է ֆինանսավորում հանդեսի ծախսերը: 

Ֆինանսական դժվարություններից խոսելն արդեն անիմաստ եմ համարում. հենց այդ պատճառով սառեցվեց մատենաշարը, մինչդեռ եւս չորս գրքույկ (Ուայլդ, æոյս, Խարմս, Ֆորրուղզադ) պատրաստ են հրատարակության: 

Ի՞նչ սկզբունքով են ընտրվում նյութերը` թարմության, մշակութային անուրանալի արժեքի, թե՞ որեւէ այլ: 

Եւ թարմության, եւ մշակութային արժեքի: Անխտիր պայման. ոչ մի միջնորդ լեզու. բոլոր թարգմանությունները բնագրից են: Փորձում ենք հնարավորինս ներկայացնել ժամանակակից հեղինակներին: Փաստորեն նյութի ընտրության խնդիր չկա, կա թարգմանիչների խնդիր: Շնորհալի թարգմանիչներ մենք շատ քիչ ունենք: Ես հուսով եմ, որ «ԱԳ»-ն իր շուրջը կհամախմբի տաղանդավոր երիտասարդներին՝ վաղվա թարգմանիչներին, որոնց դերն անսահման կարեւորում եմ: Իմ խորին համոզմամբ՝ տաղանդավոր թարգմանիչը կարող է մի ողջ ազգ կրթել ու զարգացնել լեզուն, ինչպես դա արեց Հովհաննես Մասեհյանը: 

Նմանատիպ ռուսական «Ինոստրաննայա լիտերատուրան» թերթելիս դժվար չէ նկատել, որ ռուսներն ունեն դարերի ընթացքում մշակված թարգմանական դպրոց, նույնիսկ դպրոցներ: Այս առումով, ի՞նչ վիճակ է մեզ մոտ` Հայաստանում: Ովքե՞ր են հանդեսի թարգմանիչ-հեղինակները, ի՞նչ սկզբունքով են աշխատում: 

Ի տարբերություն մեզ՝ ռուսներն իրոք ունեն թարգմանական հզոր ավանդույթ: Մեզանում այդ ավանդույթը, ինչպես ամեն ինչ, խիստ չափազանցված է: Մենք նույն Մասեհյանին շփոթում ենք թարգմանական դպրոցի հետ: Թարգմանչաց տոնը նշելիս անգերազանց ենք, թարգմանական լուրջ կառույց ստեղծելու հարցում՝ փնթի եւ անհետեւողական: Ովքե՞ր են հանդեսի թարգմանիչ-հեղինակները. հիմնականում գեղարվեստական թարգմանությամբ մտահոգ մարդիկ, իսկ աշխատանքի սկզբունքը համարժեք թարգմանելն է: Չէի ասի, թե միշտ է ստացվում, բայց հանդեսի խնդիրը սա է՝ աստիճանաբար դառնալ թարգմանական մի կենտրոն, որտեղ կծնվեն բարձրարժեք թարգմանություններ: 

Աշխարհում ստեղծված ու ստեղծվող գրականության ներկայացումը չի՞ կարող խաթարել մեր գրողների ինքնաբավությունն ու ինքնահավանությունը: 

Այն էլ ինչպես: Բայց սա բնականոն ընթացք է: Ամեն ինչ վերջիվերջո իր տեղն է ընկնում: Գրողն ինքնահավան է մինչեւ իր մահը, գրականությունը միշտ կա: 

Ինչպե՞ս եք լուծում հեղինակային իրավունքի հետ կապված խնդիրները: Այդ իրավունքի հետ կապված պահանջների խստացման դեպքում (ապագայում), հնարավո՞ր է, որ «ԱԳ»-ն կանգնի փակման վտանգի առջեւ: 

Սա ցավոտ հարց է: Առայժմ թույլատրում են, հաշվի առնելով Հայաստանի անմխիթար վիճակը, ինչպես դա արեցին Կուրթ Վոնեգութը եւ Պետեր Հանդքեն: Ի դեպ, վերջինս ընդամենը ուզեց մեկ շիշ հայկական գինի: Մարդիկ ըմբռնումով են մոտենում: Իսկ եթե լուրջ՝ իհարկե դժվարություններ կլինեն, երբ սկսի գործել հեղինակային իրավունքի մասին օրենքը: 

Լուրջ խնդիր է նաեւ մեր գրականությունը դրսում ներկայացնելը: Որպես թարգմանիչ, ի՞նչ եք անում այդ ուղղությամբ: 

Տասը տարի առաջ կազմեցի եւ տպագրեցի Selected Armenian Poets ժողովածուն, բոլորովին վերջերս լույս տեսավ Modern Eastern Armenian Poets գիրքը՝ իմ, կներեք, «քմահաճ» ընտրությամբ: Այժմ պատրաստվում եմ երկուսը նորացված վերահրատարակել միասին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter