Հավսար` զգաստ
Երբեւէ պատկերացրե՞լ եք, թե ինչպիսին պետք է լինի հայ սպան: Ինչպիսի՞ կեցվածք կամ բարոյական նկարագիր պետք է ունենա: Մեր կարծիքով, հայ սպան պետք է ունենա անթերի բարոյական կերպար եւ անսահման նվիրվածություն հայրենիքի նկատմամբ: Դա հայ սպայի' մեր ունեցած պատկերացումն է, սակայն իրական պատկերը, ավաղ, հաճախ լրիվ հակառակն է: Փորձենք ներկայացնել բարձրաստիճան մի սպայի:
Գնդապետ Ռազմիկ Խանզրադյան, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ: Մինչ ՊՆ-ում աշխատելը, երկար տարիներ աշխատել է Ոստիկանության համակարգում: Թվում է' այս նկարագրությունը ոչնչով չի հակասում հայ սպայի նկատմամբ ունեցած մեր պատկերացմանը: Իրականում Ռ. Խանզրադյանի անմիջական ղեկավարությամբ իրականացվեց Երեւանի Կիեւյան փողոցում գտնվող հանրակացարանի բնակիչների վտարումը: Այդ միջադեպի կապակցությամբ նա վտարվող բնակիչներին տվել է այսպիսի բացատրություն, թե «Սերժ Սարգսյանը դրսում կրվել ա, ու պարտքը փակում ա նախարարության անշարժ գույքով»: Ուշագրավ է, որ վտարման գործընթացին մասնակցած ռազմական ոստիկանության օպերատիվ հետախուզական բաժնի աշխատակիցների մի մասը որոշ ժամանակ անց տարբեր պատճառաբանություններով հեռացվեց աշխատանքից: Նրանց մեջ կային մարդիկ, ովքեր ռազմական ոստիկանության վարչության կազմում մասնակցել էին Արցախյան հերոսամարտին, ունեին 14 տարվա աշխատանքային ստաժ եւ մասնագիտական բարձր որակավորում: Մյուս մասը սահուն եւ անաղմուկ տեղափոխվեց այլ բաժիններ (պաշտոնի իջեցման կարգով): Ի՞նչ էր սա, զուգադիպությու՞ն: Չենք կարծում: Կադրային փոփոխությունների արդյունքում պաշտոն ստացողների մեջ կային այնպիսի մարդիկ, ովքեր մասնագիտական անտեղյակության էտալոն կարող են դառնալ: Օրինակ' օպերատիվ հետախուզական բաժնի երկրորդ բաժանմունքի պետ նշանակվեց Էդիկ Սարգսյանը, որի մասնագիտական գիտելիքները որեւէ օլիգարխի սափրագլուխ թիկնապահի մակարդակից ցածր են: Ի՞նչն էր պատճառը, որ Խանզրադյանն այդ մակարդակի մարդուն նման պաշտոնի է առաջադրել: Բացատրությունը շատ պարզ է: Էդիկ Սարգսյանի հայրը Երեանում հարկային տեսչության պաշտոնյա է: Իսկ ի՞նչ կախում կարող է ունենալ ռազմական ոստիկանության գնդապետը հարկային տեսչության պաշտոնյայից: Ոչ մի, եթե նա չունի սեփական բիզնես: Գնդապետին է պատկանում Հրազդանի կիրճում գտնվող «Գեղամա» սաունա-ռեստորանը եւ մի խաղատուն' Փարաքարի ճանապարհին: Ամեն ինչ հասկանալի եւ պարզ է:
Նրան պատկանող սաունայից 6 ժամ օգտվելու արժեքը գերազանցում է գնդապետի ամսեկան աշխատավարձը: Թե ինչպես է վերաբերվում շարքային զինծառայողը այն գնդապետին, որն օրվա մեծ մասն անցկացնում է սաունայում եւ խաղատանը, այնքան էլ էական չէ: Իսկ բանակում տեղի ունեցող ցանկացած հանցագործության բացահայտման համար Ռ. Խանզրադյանը պատասխանատու է անձամբ: Որտեղի՞ց Ռ. Խանզրադյանին այդքան գումար, երբ ամբողջ կյանքում նա «ապրել է պետական աշխատավարձով»:
Գնդապետի օրինակը վարակիչ էր, եւ գուցե հենց դա խթան հանդիսացավ նույն վարչության մեկուսարանի պետ, մայոր Մուրադ Ղազարյանի համար' սկսելու սեփական գործը: Նա Արշակունյաց պողոտայում բացեց ավտոտեխսպասարկման կետ: Ավտոտեխսպասարկումն, իհարկե, սաունա չէ, եւ մենք չէինք ուզենա անդրադառնալ սույն բավական մանր փաստին, եթե չլիներ մի հանգամանք: Վերը նշված ավտոտեխսպասարկման կետը տնօրինում է Մուրադ Ղազարյանի զինծառայող որդին' Արտակը: Արտակ Ղազարյանն իր ժամկետային ծառայության ընթացքում հասցրել է շատ բան անել' հարբած վիճակում քաղաքացու է վրաերթի ենթարկել, հասցրել է լինել Երեւանի բոլոր սրճարաններում եւ ռեստորաններում, ավտոսերվիս է աշխատացրել, բայց առ այսօր այդպես էլ չի հասցրել գոնե մեկ գիշեր քնել զորամասում:
Արտակի մասին մամուլում հրապարակում է եղել մոտ վեց ամիս առաջ, եւ ուզում ենք ներկայացնել դրա արդյունքը: Նյութին ծանոթանալուց հետո գեներալ-լեյտենանտ Ա. Աղաբեկյանը զանգահարում է ռազմական ոստիկանություն եւ զայրացած' գնդապետ Ստեփանյանից պահանջում Արտակ Ղազարյանին անմիջապես ուղարկել Իջեւանի զորամաս, իսկ Մուրադ Ղազարյանի նկատմամբ սկսել ծառայողական քննություն: Գեներալի հրամանը կատարվում է: Սակայն հինգ օր անց Արտակը վերադառնում է Երեւան, ձեւակերպվում է որպես ռազմական ոստիկանության ընդունիչ-բաշխիչ բաժնի պետի վարորդ եւ ավելի մեծ թափով շարունակում իր քաջագործությունները, իսկ նրա հոր' մայոր Ղազարյանի նկատմամբ ծառայողական քննության իմիտացիան շատ արագ դադարեց:
«Օրենքի ուժ» ՀԿ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել