Կոնստանտինոս Կավաֆիս. Բարբարոսներին սպասելիս
Հայ ընթերցողին տակավին անհայտ Կոնստանտինոս Կավաֆիսը (1863-1933) քսաներորդ դարի հույն մեծ բանաստեղծներից մեկն է: Եւրոպացի գրականագետների կարծիքով, նա Հոմերոսից եւ հին ողբերգակներից հետո միակն է, ով իրապես համաշխարհային ճանաչում է ունեցել: «Բարբարոսներին սպասելիս» բանաստեղծությունը, որ գրվել է վեց տարում' 1898-1904 թվականներին, ակնհայտորեն կապված չէ այդ ժամանակի իրողությունների հետ: Հիմքում ունենալով Կոնստանդնուպոլսի անկման թեմատիկ ակնարկը, այն արծարծում է հասարակության բարոյական արժեքների եւ չափանիշների վտանգավոր սպառվածության թեման, երբ միակ ու վերջին հույսը դարպասները բացելն ու կամովին հանձնվելն է:
Բարբարոսներին սպասելիս
Մարդիկ ինչո՞ւ են հավաքվել
քաղաքի մեջ, փողոցներում:
- Բարբարոսները պիտի գան:
Սենատն ինչո՞ւ է պարպվել,
սենատորներն ինչո՞ւ անգործ
էլ չեն գրում մեզ օրենքներ:
- Դե ասացինք բարբարոսները
գալու են ու էլ ի՞նչ օրենք:
Կգան նրանք, ու կգործեն
օրենքները իրենց դրած:
Ինչո՞ւ է մեր կայսրը զարթնել
առավոտի ծեգից առաջ
ու զարդարված թագով բազմել
դարպասներին մերձ իր գահին:
- Բարբարոսներն են ժամանում, արդեն ասինք:
Կայսրը պիտի տեսնի նրանց առաջնորդին
ու պիտի տա շնորհագիրը մագաղաթյա,
ուր տիտղոսներ կան զանազան:
Իսկ իշխաններն ու մարզպաններն
Ինչո՞ւ են վառ հագուստներով,
եւ ակնակուռ ապարանջան-մատնիքներով
ու ձեռներին գավազաններ արծաթազարդ:
- Բարբարոսներն են ժամանում.
փայլը նրանց կկուրացնի:
Իսկ ո՞ւր են մեր ճարտասանները,
անսովոր է լռությունն այս:
- Բարբարոսներն են ժամանում,
նրանց սրտով չեն այդ ճառերը:
Բայց, կաց, խուճա՞պ է քաղաքում,
փողոցներում ամայությո՞ւն:
Այս ի՞նչ տագնապ է թաքցնում
մարդկանց տուն ու կացարանում:
Գիշերն իջավ: Բարբարոսներն, ահա, չեկան:
Հետո երկրի սահմաններից լուր բերին, թե
բնության մեջ բարբարոսներ էլ ոչ էլ կան:
Բա ի՞նչ պիտի անենք հիմա.
Գուցե դա էր ելքը միակ:
Ռուս. թարգմ. Տիգրան Պասկեւիչյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել