Արցախի օմբուդսմենը հրապարակել է 2017-ի տարեկան հաղորդումը
Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասով՝ 2018թ․ մարտի 31-ին ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հրապարակել է 2017թ. գործունեության, ինչպես նաև Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Փաստաթղթում ներկայացվել են տեղեկություններ Արցախում մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ընդհանուր վիճակի, առանձին ոլորտներում մարդու իրավունքների խախտումների, արձանագրված խնդիրների ու դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ, ինչպես նաև առաջարկություններ՝ ուղղված մարդու իրավունքների երաշխավորման մակարդակի բարձրացմանը:
2017թ․-ին պաշտպանի աշխատակազմը 150 անձանցից ստացել է 119 դիմում, որից 55-ը՝ գրավոր, 64-ը՝ բանավոր: Դիմումների և դիմումատուների քանակական տարբերությունը պայմանավորված է կոլեկտիվ դիմումներ ստանալու փաստով:
ՄԻՊ աշխատակազմը տեղեկացնում է, որ 2017թ․ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությունը շարունակել է ուղղված լինել Արցախում մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորմանը, կանխարգելիչ բնույթի միջոցառումների իրականացմանը, հանրության շրջանում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության կառույցների, ԱՀ հանրային իշխանության մարմինների, ինչպես նաև՝ Հայաստանի Հանրապետության, Սփյուռքի և միջազգային գործընկերների հետ համագործակցության հաստատմանն ու ամրապնդմանը:
Հաղորդմամբ պաշտպանը իրավասու մարմինների ուշադրությունն է հրավիրել ԱՀ օրենսդրության մեջ և իրավակիրառական պրակտիկայում առկա որոշակի խնդիրների վրա (արդար դատաքննության իրավունքի, սեփականության իրավունքի, անձնական ազատության իրավունքի և այլ ոլորտներում)՝ հանդես գալով համապատասխան առաջարկություններով մատնանշված խնդիրների կարգավորման վերաբերյալ, ի թիվս այլոց, հիմք ընդունելով մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավաբանությունը։
«Պաշտպանի հաստատությունը պատրաստակամություն է հայտնում արձանագրված և ցանկացած այլ ընդհանրական խնդիրների լուծման նպատակով ակտիվորեն գործակցել ինչպես ԱՀ պետական իրավասու մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ»,- գրված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ:
ՄԻՊ 2017թ. տարեկան հաղորդմանն ամբողջությամբ հասանելի է այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել