HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իմպերիալիզմը կսաստկանա՞

Հոկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ուկրաինացի գործընկերոջ' Լեոնիդ Կուչմայի հետ հետեւում էր մայրաքաղաք Կիեւում ընթացող զինվորական շքերթին: Բարձր տեղ կանգնած, նրանք նայում էին, թե ինչպես էին հազարավոր զինվորները, նավաստիներն ու երկրորդ աշխարհամարտի ժամանակների Տ-34 տանկերն անցնում հրապարակով' առջեւում ունենալով 1945-ին Ռայխստագի վրա ծածանված կարմիր դրոշը:

Շքերթը պաշտոնապես նվիրված էր 60 տարի առաջ նացիստների դեմ տարած հաղթանակին, բայց իրականում մասն էր նախագահության թեկնածու Վիկտոր Յանուկովիչի նախընտրական քարոզարշավի: Ավելի տպավորիչ բան դժվար էր գտնել' հաղթանակ, զինվորներ, տանկեր, զինվորական նվագախումբ, Վլադիմիր Պուտին ...

Մի երկրի նախագահ, որի միակ նպատակը նախագահից կայսեր վերածվելն է, որոշել է խառնվել մի այլ երկրի գործերին, որն իր համար ռազմավարական նշանակություն ունի: Նա օգտագործում է այդ երկրում ժողովրդավարության անփորձությունն ու փխրունությունը, որպեսզի ապահովի իր մարդու հաղթանակը: Նա այլ երկրի նախագահի իր նախընտրած թեկնածուի վրա տասնյակ միլիոնավոր դոլարներ է ծախսում: Իր երկրի հեռուստակայններին, որոնք հեռարձակվում են նաեւ Ուկրաինայում, հրամայում է բացեիբաց պաշտպանել իր սիրելիին եւ ցեխ շպրտել նրա հակառակորդի վրա:

Եթե անգամ Բուշի մտքով անցներ այդպիսի կամպանիա ծավալել Համիդ Կարզայի կամ Այադ Ալավիի համար, նրանք անհարմար կզգային օգտվել այդ աջակցությունից: Ավելին, ամերիկյան «ինտերվենցիան» կդատապարտեր մնացյալ աշխարհը: Սակայն Ուկրաինայի վարչապետ եւ նախագահության թեկնածու Յանուկովիչը ոչ միայն ընդունում է Պուտինի «նվերները», այլեւ արեւմտյան պետությունների կառավարություններն այս ամենին նայում են պերճախոս լռությամբ:

Յանուկովիչի ընտրությունը Պուտինի համար մեծ քայլ կլինի Խորհրդային Միության փոքր տեսակի' Բելառուս, Ռուսաստան, Ուկրաինա, Ղազախստան, ստեղծման իր ծրագրերի իրագործման ճանապարհին: Յանուկովիչը խոստանում է Ռուսաստանի հետ ավելի սերտացնել հարաբերությունները եւ ռուսերենի համար ապահովել երկրորդ պետական լեզվի կարգավիճակ: Նա խոստանում է նաեւ Ռուսաստանի սեւծովյան նավատորմին հանձնել Ղրիմի Սեւաստոպոլ նավահանգիստը, որի ռազմական բազաները հիմա երկու պետություններն օգտագործում են համատեղ: Գործող նախագահ Կուչման էլ իր հերթին է երազում Յանուկովիչի ընտրությունը: Հակառակ դեպքում նա կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ' կապված հայտնի սկանդալների շարքի հետ:

Իսկ արեւմտամետ թեկնածու Վիկտոր Յուշչենկոն սպառնում է դուրս բերել Ուկրաինան Ռուսաստանի ուղեծրից եւ տանել դեպի Եւրամիություն ու ՆԱՏՕ: Նա ոգեւորում է ուկրաինացիներին կոռուպցիայի դեմ պայքարի եւ օրենքի գերակայության հաստատման խոստումներով: Դիտորդները նկատում են, որ Ուկրաինայում ժողովրդավարությունն այնքան ակնառու է դրսեւորվում, որ կարելի է շոշափել:

Ռուսաստանի եւ Ուկրաինայի մշակութային, կրոնական, պատմական եւ լեզվական կապերն այնքան ամուր են, որ հնարավոր չէ ձեռի հետ քանդել: Եթե հաղթի Յուշչենկոն, ԱՄՆ-ը եւ Եւրամիությունը բարեկամաբար կտրամադրվեն այդ երկրի նկատմամբ: Նույնը կարելի է ասել նաեւ արեւմտյան ներդրողների մասին: Բայց բարի կամեցողությունը սահմաններ ունի ու Եւրամիությանն անդամակցելը շատ մշուշոտ հեռանկար է Ուկրաինայի համար' անկախ ժողովրդի կատարելիք ընտրությունից: Առավել հավանական է ՆԱՏՕ-ին անդամակցելը, քանի որ երկիրը գտնվում է Սեւ ծովի ափին եւ այնքան էլ հեռու չէ անկայուն կովկասյան տարածաշրջանից: Այս ամենը նպաստավոր է Յանուկովիչի համար: Նա կարող է որդեգրել «երկու կով կթելու» մարտավարություն' միաժամանակ լինելով Մոսկվայի տակ եւ չհրաժարվելով Եւրոպային ինտեգրվելու երկարաժամկետ ծրագրից:

Յուշչենկոյի հաղթանակը կարող է դառնալ խորհրդանիշը փոփոխությունների' թեկուզեւ դանդաղ ու հակասական: Ու նաեւ սա հասկանալով է Պուտինը պաշտպանում Յանուկովիչին: Որովհետեւ ռուսներից շատերը ԽՍՀՄ փլուզումից հետո տեսնելով Ռուսաստանի հեղինակության եւ կարգավիճակի անկումն իրենց նվաստացած են զգում' հատկապես Արեւմուտքի միջամտության եւ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում ազդեցություն ձեռք բերելու փորձերի պատճառով: Պուտինի օրոք Վրաստանի կորստով ավելի կրճատվեց Ռուսաստանի ազդեցության ոլորտը: Վիրավորվածության եւ անբավարավածության զգացումն է Ռուսաստանի անտրամաբանական քայլերի բացատրությունը:

Ռուս մեծապետականների համար Ուկրաինայում ազդեցության կորուստը կարող է նշանակել հրաժարում մեծապետականությունից, այսինքն' կայսրության վերջնական քայքայում: Ուկրաինայի ժողովրդավար լինելու դեպքում, նոր կայսրությունը պարզապես չի ստացվի:

Կկարողանա՞ Պուտինը հասնել իր նպատակին, դժվար է ասել, քանի որ Ուկրաինայում անցկացված հարցումների արդյունքները կասկած են հարուցում: Ընտրության երկրորդ փուլի քվերակությունների արդյունքը մեծավ մասամբ կախված է լինելու երկրորդ փուլ չանցած թեկնածուների ընտրազանգվածի դիրքորոշումից, մասնավորապես կոմունիստների եւ սոցիալիստների կողմնակիցների ձայներից:

Յուշչենկոն, ըստ հարցումների արդյունքների, շարունակում է մի քանի տոկոսով գերազանցել Յանուկովիչին: ԱՄՆ-ի եւ արեւմտյան այլ երկրների կառավարությունները, թեեւ հույս են կապում Յուշչենկոյի հաղթանակի հետ, բայցեւայնպես մտածում են, որ Պուտինը ոչինչ չի խնայի Յանուկովիչին նախագահ դարձնելու համար, որպեսզի արդյունքում Ուկրաինան կցի իր ավտորիտար բլոկին: Ոչ ոք նույնիսկ փորձ չի անում հակադրվել Ռուսաստանի նախագահի ագրեսիվ իմպերիալիզմին, եւ սա նշանակում է, որ իմպերիալիզմը կսաստկանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter