
Ֆրանսիայում մեծամասշտաբ գործադուլ է սկսվել
Ֆրանսիայում այսօր մեծամասշտաբ գործադուլ է սկսվել՝ կապված Ֆրանսիական երկաթուղիների ազգային ընկերությունում (SNCF) նախատեսվող բարեփոխումների հետ: Երկաթուղայինների ակցիան շարունակվելու է մինչև հունիսի վերջ՝ յուրաքանչյուր շաբաթվա 5 աշխատանքային օրերից 2-ի ընթացքում: Այս մասին հաղորդում է «Դոյչե Վելլե»-ի ռուսական ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից առաջարկվող բարեփոխումները նախատեսում են մրցակցություն ստեղծել երկաթուղային ոլորտում, ինչպես նաև վերացնել SNCF-ի աշխատակիցներին տրված արտոնությունները: Արհմիությունները իրենց հերթին մտավախություն ունեն, որ բարեփոխումները առաջին քայլն են պետական ընկերությունը սեփականաշնորհելու գործում:
Ենթադրվում է, որ արդեն ապրիլի 3-ին գործադուլը կհանգեցնի գնացքների երթուղիների զանգվածային չեղարկման:
Ապրիլի 3-ին գործադուլ կսկսեն նաև էներգետիկայի ոլորտի, փողոցային աղբի մաքրմամբ զբաղվող ընկերությունների և ազգային ավիափոխադրող Air France-ի աշխատակիցները:
2017 թվականի մայիսին Ֆրանսիայի նախագահ ընտրված Էմանուել Մակրոնը արդեն հասցրել է մի շարք բարեփոխումներ իրականացնել, մասնավորապես աշխատանքային բարեփոխումները, որոնք նպատակ ունեն երկրում իջեցնել գործազրկության մակարդակը: Բացի այդ, նա մի շարք օրենքներ է ստորագրել կապված երկրի հարկային ոլորտի հետ: 40-ամյա նախագահը նաև Եվրամիության զարգացման և ամրապնդման կողմնակից է:
Արհմիությունների նպատակն է՝ ճնշում գործադրել Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի կառավարության վրա, որպեսզի նրանք հետ կանգնեն երկաթուղային ոլորտում նախաձեռնած բարեփոխումներից:
Լուսանկարը՝ Reuters-ի
Մեկնաբանել