
Թրամփը Պուտինին հրավիրել է Սպիտակ տուն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպում անցկացնել Սպիտակ տանը: Հրավերի մասին Թրամփը հայտարարել էր դեռևս մարտի 20-ին, երբ շնորհավորել էր ՌԴ իր պաշտոնակցին վերընտրվելու կապակցությամբ, այս մասին հաղորդել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
Հրավերի մասին տեղեկությունը այսօր պաշտոնապես հաստատել է նաև Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը:
«Ինչպես հաստատել է անձամբ նախագահը, մարտի 20-ին նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրանք քննարկել են երկկողմանի հանդիպումների հնարավորությունը «ոչ հեռավոր ապագայում»՝ նախատեսված մի քանի վայրում, այդ թվում՝ Սպիտակ տանը: Դեռևս ավելին ասել չենք կարող»,- նշել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Յուրի Ուշակովը չի բացառել նաև համաժողով անցկացնելու հնարավորությունը. «Եթե ամեն ինչ լավ լինի, հուսով եմ, որ ամերիկացիները հետ չեն կանգնի համաժողով անցկացնելու իրենց առաջարկից»,- Ուշակովի խոսքերն է փոխանցում Ведомости-ն:
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել է, որ ՌԴ արտգործնախարարությունը Պուտինից հանձնարարություն է ստացել նախագահների հանդիպումը կազմակերպելու համար:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործի հետ կապված ԱՄՆ-ն արտաքսել էր ռուսաստանցի 60 դիվանագետների, ինչին ի պատասխան՝ Ռուսաստանը նույն քանակությամբ ամերիկացի դիվանագետների էր արտաքսել:
Սերգեյ Սկրիպալի թունավորման գործում ԱՄՆ-ն աջակցում է Մեծ Բրիտանիային, որը ռուսական հետախուզության պաշտոնաթող գնդապետի և նրա դստեր թունավորման գործում մեղադրում է Ռուսաստանին: Պաշտոնական Մոսկվան էլ իր հերթին կտրականապես հերքում է իր առնչությունը թունավորման պատմությանը:
Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը հանդիպել են երկու անգամ: Առաջին դեպքում՝ նախորդ տարվա հուլիսին Համբուրգում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովին, իսկ երկրորդ անգամ Վիետնամում՝ Ասիական և խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գագաթնաժողովին
Լուսանկարը՝ Jorge Silva / AFP
Մեկնաբանել