HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատության հույս

Ուկրաինան այս օրերին հիշեցնում է 1988-90 թվականների Հայաստանը, երբ ժողովուրդը դժվարությամբ, բայց գիտակցել էր անկախություն ունենալու անհրաժեշտությունը: Այդ ժամանակ հնարավոր չեղավ ապրել ու զգալ անկախության բերկրանքը, քանզի տպավորություն ստեղծվեց, որ ԽՍՀՄ-ն ինքնափլուզվեց եւ անկախությունն էլ որպես նվեր տրվեց հանրապետություններին: 

ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանում կրկին նկատվեցին խորհրդային կամ ռուսական կայսրության վերականգնման միտումներ: Առաջին հերթին դա «Բելառուս-Ռուսաստան» միության գաղափարի արծարծումն էր: Գաղափար, որ մեր երկրում էլ պակաս ոգեւորությամբ չէր ընդունվել: Սակայն Ռուսաստանը հրաժարվեց գրկախառնվել Բելառուսի հետ, քանի որ գիտակցում էր դրա քաղաքական ու տնտեսական հետեւանքները: 

Պուտինի Ռուսաստանն ուզում է վերականգնել կայսրությունը, բայց ոչ կայսերական կառույցը` մեկ կենտրոնով ու բազմաթիվ ենթականերով, իրավունքներով, պարտականություններով եւ այլ բաներով: Ռուսաստանը, պարզապես, չի ուզում հրաժարվել իր գաղութներից, ուզում է պահպանել իր գերակա ազդեցությունն այն երկրներում, որոնք նոր են ազատագրվել կայսերական պարտադրանքից: Մի կերպ հաշտվելով մերձբալթյան երկրների կորստի հետ, նա ատամները սեղմած ուզում է պահել մնացյալը: Իսկ դրա համար այդ հսկա երկիրն ունի բազմաթիվ միջոցներ` սկսած հակամարտություններ հրահրելուց, ազգամիջյան լարումներ ստեղծելուց, տնտեսական լծակներից, վերջացրած ժողովրդավարական գործընթացների ձախողմամբ: 

Համենայնդեպս Պուտինի իշխանության օրոք նախկին ԽՍՀՄ հանրապետություններում չի եղել ղեկավարի մի ընտրություն, որտեղ Ռուսաստանը չունենար իր նախընտրությունը: Այսինքն` պայքարը միշտ գնացել է ռուսամետների եւ այլերի, որոշ դեպքերում ուղղակի արեւմտամետների միջեւ: 

Այս առումով բացառություն է Հայաստանը: Մեզ մոտ 2002-ին պայքարը գնում էր իշխանության ռուսամետ թեկնածուի եւ ընդդիմության ռուսամետ թեկնածուների միջեւ, եւ պարզ էր, որ Կրեմլի ընտրությունը կանգ կառնի իշխանության փորձված թեկնածուի վրա: Եւ չնայած ռուսամետ ընդդիմությունը հաղթեց, բայց այդ հաղթանակը Կրեմլում չընդունվեց մի պարզ պատճառով` չի կարելի թույլ տալ ժողովրդավարական ընտրության նախադեպ: 

Վրաստանի «Վարդերի հեղափոխության» պարագայում Մոսկվան ընտրության տարբերակ չուներ, քանի որ խիստ արեւմտամետ Սահակաշվիլին դուրս էր եկել «ոչ ձուկ, ոչ միս» Շեւարդնաձեի դեմ, ինչը շփոթություն էր առաջացրել: Եւ դա էր պատճառը, որ Վրաստանում ԱՄՆ դեսպան Մայլզն ավելի ուժեղ գտնվեց, քան խորհրդային նախկին կենտրոնը: 

Ամենահաջողը Բելառուսի տարբերակն է: Հանրաքվեի միջոցով Լուկաշենկոն հայտարարեց, որ ինքը եղել է, կա եւ լինելու է: Այս դեպքում Մոսկվան այլեւս կարիք չունի մեծ ծախսեր անելու, PR տեխնոլոգիաներ արտահանելու, բացահայտ կամ թաքուն աջակցություն ցուցաբերելու: Մարդն ինքն իր ընտրությունը կատարել է: 

Հիմա Ուկրաինայում են ընթանում ընտրություններ եւ դարձյալ թեկնածուներից մեկը` Յանուկովիչը, ռուսամետ է, մյուսը` Յուշչենկոն, արեւմտամետ: Թեկնածուներն իսկապես ունեն նշված կողմնորոշումները, բայց այս բեւեռները ռուսներն օգտագործում են ուկրաինացի ժողովրդին հավասար կեսերի բաժանելու համար: Ավելին` ասվում է, որ Յուշչենկոյի կողմնակիցներն արեւմտյան ուկրաինայի բնակիչներն են, իսկ Յանուկովիչինն` արեւելյան: Այս բաժանումները մշուշում են Ուկրաինայի ընտրությունների իսկական պատկերը: Իրականում այդ երկրում սկսվել է մի գործընթաց, որը կարելի է անվանել ԽՍՀՄ երկրորդ եւ, հուսով եմ, վերջնական փլուզման սկիզբ: Ուսումնասիրելով մամուլի հրապարակումները (հիմնականում` արտասահմանյան) կարելի է նկատել, որ Արեւմուտքը` դեմ լինելով Յանուկովիչին եւ նրան համարելով ռուսական կայսրության տեղապահ, առանձնապես ոգեւորված չէ Յուշչենկոյի հաջողությամբ կամ ոգեւորված է այնքան, որքան այդ հաջողությունը պետք է եւրոպական այդ երկրում Պուտինին չեզոքացնելու համար: 

Ես խորությամբ ծանոթ չեմ Յուշչենկոյի գաղափարներին, բայց նույն մամուլի հրապարակումներից ենթադրում եմ, որ «ապստամբ» ուկրաինացիները ոգեւորված են ոչ թե ընդդիմադիր թեկնածուի արեւմտամետ կողմնորոշմամբ, Եւրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու հեռանկարով, այլ` հայրենի երկրի անկախության գիտակցությամբ, որն արթնացել է նրանց սրտերում դե-յուրե անկախանալուց 13 տարի անց: Անկախության այս ուշացած գիտակցումն իհարկե համեմված է սոցիալական բողոքով, քրեական անցյալ ունեցող նախագահ չունենալու արժանապատվությամբ: 

Այնպես է ստացվել, որ հետխորհրդային տարածքում ազատության ու բարեկեցության համար մղվող որեւէ պայքար, ենթագիտակցորեն ընկալվում է արեւմտամետ, իսկ ավելի հաճախ` հակառուս, որովհետեւ Ռուսատանն ու հետադիմությունն օր-օրի նույնանում են: 

Ժողովրդավարական շարժումների արդյունքում փլուզված ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանը կարող էր որդեգրել ժողովրդավարական արժեքներ եւ օգտագործելով իր լծակները (հիմնականում` տնտեսական) հասնել նախկին գաղութներում ռուսական ժողովրդավարության հաստատման: Բայց սրա համար ուժից բացի նաեւ խելք էր պետք եւ պետք էր գոնե մեկ անգամ փոխել կաշին: 

Հիմա Ուկրաինայի նախահեղափոխական իրավիճակում որոշվում է ոչ Յուշչենկոյի, ոչ Յանուկովիչի, ոչ էլ անգամ Ուկրաինայի հարցը: Այնտեղ` Կիեւում, վճռվում է Ռուսաստանի ապագան: Եւ Յուշչենկոյի վերջնական հաղթանակը կարող է սկիզբը դառնալ ոչ միայն նոր Ուկրաինայի, այլեւ, գուցե, նոր Ռուսաստանի, որովհետեւ Պուտինը պիտի պատասխան տա իր ժողովրդին կայսերական ձախորդ քաղաքականության համար` մոտավորապես այնպես, ինչպես հերքեց Յանուկովիչին վաղօրոք շնորհավորելու փաստը: 

80-ականների վերջին տարիներին լիտվական «Սոյուդիս» ժողվրդավարական շարժումը մի կարգախոս ուներ. «Հանուն մեր եւ ձեր ազատության»: Ուկրաինայի հեղափոխությունն ինձ հիշեցնում է այդ կարգախոսը, եւ ազատության հույս ներշնչում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter