
Գուդաուրիում ճոպանուղու խափանման հետևանքով տուժել է մոտ մեկ տասնյակ մարդ (տեսանյութ)
Վրացական Գուդաուրիի լեռնադահուկային կուրորտում ճոպանուղու շարքից դուրս գալու հետևանքով այսօր դժբախտ պատահար է եղել, որի հետևանքով տուժել է մի քանի մարդ:
Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես են ճոպանուղու նստարանները զբոսաշրջիկների հետ միասին անարգել հասնում ճոպանուղու ստորին կայարան և մխրճվում միմյանց միջև: Մարդկանց մի մասին հաջողվում է մինչև բախումը ընթացքի ժամանակ ցած նետվել նստարաններից: Ըստ «Ռուսթավի 2»՝ հեռուստաընկերության տուժել է ավելի քան 10 մարդ: Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մեքենաներ և ուղղաթիռներ:
Տուժածների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, որոնցից 4-ը՝ Ռուսաստանի, 1-ական՝ Ուկրանիայի և Շվեդիայի, այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն: Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական ապահովության նախարար Դավիդ Սերգեենկոյի խոսքերով՝ տուժածներից 8-ը դիմել են բժշկական օգնության, որոնցից մեկը հղի է:
«Բժշկի դիմածներից մեկն արդեն դուրս է գրվել, մյուսները շարունակում են հիվանդանոցում մնալ: Բարեբախտաբար, զոհեր և ծանր վնասվածք ստացածներ չկան»,- ասել է նախարարը:
Վրացական լրատվամիջոցները հաղորդում են, որ ճոպանուղու խափանման պատճառը եղել է էլեկտրաէներգիայի անջատումը:
Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին «Ռուսթավի 2»-ին հայտնել է, որ վթարված ճոպանուղին վերջին անգամ ստուգվել էր 2017-ի տարեվերջում: Երկրի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել միջադեպի առնչությամբ:
լուսանկարը՝ 1tv.ge-ից
Մեկնաբանել