
Նեպալում օդանավ է վթարվել, կա մի քանի տասնյակ զոհ
Նեպալի մայրաքաղաք Կատմանդուի օդանավակայանի մերձակայքում վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել բանգլադեշական US-Bangla ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթիռ:
BBC-ն հայտնում է, որ օդանավում եղել է 71 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները: Դեռևս տեղեկություններ չկան զոհերի կոնկրետ քանակի մասին, սակայն նեպալական տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են մինչև 50 զոհի մասին: Մոտ երկու տասնյակ մարդու տարբեր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:
Flightradar24 ծառայության տվյալներով՝ վթարված ինքնաթիռը Bombardier Dash 8 Q400 էր, որը գտնվում էր շահագործման 17-րդ տարում: Կատմանդուի օդանավակայանի աշխատակազմի տվյալներով՝ օդանավի վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը:
Նշենք, որ 2018 թվականին սա ուղևորատար օդանավերի վթարման երրորդ խոշոր դեպքն է: Հունվարին Ռուսաստանում Ан-148 օդանավի կործանման հետևանքով զոհվել էր 71 մարդ, այդ թվում երկու հայ: Իսկ Իրանում կործանվել էր ATR-72 ինքնաթիռը և զոհվել էր 66 մարդ:
Լուսանկարը՝ AP Photo / Niranjan Shreshta
Մեկնաբանել