
Սիրիայում ռուսական ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 32 մարդ
Սիրիական Հմեյմիմ ավիաբազայում վայրէջքի ժամանակ կործանվել է «Ан-26» տրանսպորտային ինքնաթիռը, 26 ուղևորներն ու անձնակազմի 6 անդամները զոհվել են: Այս մասին РИА Нововсти-ին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից: Որպես ավիաղետի նախնական պատճառ՝ նշվում է տեխնիկական անսարքությունը:
Ռուսաստանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ օդանավը չի հասել ավիաբազայի թռիչքուղուն և բախվելով գետնին՝ կործանվել է Հմեյմիմից 500 մետր հեռավորության վրա: Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով 14:00-ին:
Интерфакс-ը, հղում անելով իր անանուն աղբյուրին, հայտնում է, որ «Ан-26»-ը թռչել էր Հալեպի մոտակայքում գտնվող ավիաբազայից, չվերթն իրականցվել էր պարզ եղանակային պայմաններում:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ պարզելու միջադեպի հանգամանքները:
«Ан-26»-ը ռազմատրանսպորտային ինքնաիթռ է, որը նախատեսված է ռազմական տեխնիկայի և զորքերի փոխադրման համար: «Ан-26» մոդելի հիմնական շահագործողները Ռուսաստանի, Չինաստանի և Ուկրաինայի ռազմաօդային ուժերն են:
Սիրիայում ռուսական ավիացիայի հետ կապված վերջին խոշոր միջադեպը տեղի էր ունեցել այս տարվա փետրվարի 3-ին: Իդլիբ նահանգում, ըստ ՌԴ ՊՆ-ի, «Ջաբաթ Ալ-Նուսրա» խմբավորման զինյալների կողմից խոցվել էր «Су-25» գրոհիչը: Օդաչուն կատապուլտի օգնությամբ դուրս էր թռել, սակայն շրջափակվել էր զինյալների կողմից և ձեռքի նռնակով պայթեցրել էր իրեն:
Լրացում / Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ զոհվածներից 27-ը ռուսական բանակի սպաներ են եղել, այդ թվում՝ մեկ գեներալ-մայոր: Զոհերի թվում են նաև ենթասպաներ և պայմանագրային զինծառայողներ: Քաղաքացիական անձինք օդանավում չեն եղել:
Լուսանկարը՝ ТАСС / Виталий Невар
Մեկնաբանել