Արցախի վարչապետը բնակարանային պայմանների բարելավումը պետության հիմնական խնդիրն է համարում
Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Կառավարության ղեկավարը, նախ, հակիրճ ներկայացրել է անցնող տարում հանրապետության սոցիալ-տնտեսական, քաղաքական և հասարակական կյանքում տեղի ունեցած կարևոր իրադարձությունները, կառավարության գործունեության ընթացքը, այնուհետև պատասխանել լրագրողների հարցերին:
Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ժամկետի վերաբերյալ հարցին վարչապետը պատասխանեց, որ շինարարական և անհրաժեշտ սարքավորումներով վերազինման աշխատանքներն ավարտված են, խնդիրը օդանավի բացակայությունն է, այն շուտով ձեռք կբերվի հայ բարերարների նվիրատվությամբ, նրանք կօժանդակեն նաև օդաչուների վերապատրաստմանը:
Գալիք տարի Արցախում կայանալիք նախագահական ընտություններին «Ազատ հայրենիք» կուսակցության դիրքորոշման կապակցությամբ քաղաքական այդ ուժի կուսակցության առաջնորդը նշել է, որ իրենց դիրքորոշումը կարտահայտեն համագումարում, որը նախատեսվում է գումարել 2012 թվականին: «Եթե գործող նախագահը առաջադրի իր թեկնածությունը, ապա կուսակցությունը միանշանակ պաշտպանելու է նրան»,- հայտարարել է Ա. Հարությունյանը:
Քաղաքացիության մասին օրենքի ընդունման վերաբերյալ կառավարության ղեկավարը պարզաբանել է, որ այդ հարցն օրակարգում է, սակայն կան քաղաքական խնդիրներ, որոնք էլ խոչընդոտում են օրինագիծը նորից շրջանառության մեջ դնելուն: Ա. Հարությունյանի խոսքով`քրեակատարողական հիմնարկները, ելնելով հայաստանյան ներկա փորձից, կշարունակեն գործել ոստիկանության ծառայության ենթակայության տակ, չնայած Հայաստանում դրանք արդեն մի քանի տարի գործում են արդարադատության նախարարության համակարգում:
Ա. Հարությունյանը հանրապետության ցավոտ խնդիրների մեջ առանձնացնում է բնակարանային պայմանները: Դրանց բարելավման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել, ասել է նա, մշակվում են հիպոթեքային վարկավորման նոր մեխանիզմներ:
Գյուղատնտեսությունում ևս, որը գերակա ճյուղ է, շարունակական ծրագրեր են իրականացվում: Մշակվում է խոշորացման, կոոպերացիայի ստեղծման ծրագիր:
Ա. Հարությունյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև վերաբնակեցման ծրագրերին, հէկերի շինարարությանը, հանքարդյունաբերության ոլորտում գրանցվող ձեռքբերումներին: Լրագրողներին հետաքրքրում էր նաև վարչապետի մեկնաբանությունը վերջերս մամուլում արտահայտված այն տեսակետի վերաբերյալ, թե հանքերը` Հայաստանում և Արցախում, սպառվում են, արդյունահանումը կատարվում է անխնա, ինչը խախտում է բնապահպանական նորմերը: Ա. Հարությունյանը նշեց, որ Արցախի մասով այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Դրմբոնի հանքավայրը շատ հարուստ է, և հանքանյութի արդյունահանումն իրականացվում է պահանջվող նորմերին համապատասխան:
Հանդիպման վերջում կառավարության ղեկավարը շնորհակալություն հայտնեց լրագրողներին հետաքրքիր հարցերի համար և շնորհավորելով նրանց Սուրբ Ծնունդն ու Ամանորը` մաղթեց բարօրություն: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել