«Բոլոր տարիքներում էլ կարելի է Ձմեռ պապի խորհրդից չհրաժարվել»
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի Նոր տարվա պատկերի մեջ անբաժանելի են կարմիր աստղով տոնածառն ու մանդարինի բույրը: Պատգամավորը, մտովի հետ գնալով մանկության տարիները, հիշեց, որ Նոր տարին իր համար ընտանեկան բերկրանքի, երջանկության եւ ընտանիքի անդամների հետ տոնը կիսելու խորհուրդ է ունեցել: «Հիմա էլ զգում եմ մանկության տարիների կարմիր աստղով եղեւնու ու մորս թխած գաթայի բույրը»:
«Հետքի» հետ զրույցում ասաց, որ իրենց սեղանին պարտադիր եղել է աղանձը, իսկ տոնածառի տակ՝ սասունցիների մոտ ընդունված «դոնդոլիկը»` այն գուլպան, որի մեջ ամանորյա նվերներն են լինում:
Պատգամավորը հիշեց, որ ժամանակին իր եղբոր հետ խորամանկել են: Իմանալով, որ Ձմեռ պապ իրականում չկա եւ նվերները բարձի տակ մայրն է դնում՝ ցույց են տվել, թե Ձմեռ պապի նվերներին սպասում են: «Տոր տարվա տոները համընկնում էին նաեւ դպրոցական արձակուրդներին, հիշում եմ, թե ինչ հաճույքով էինք գնում Սունդուկյանի թատրոն, Արամ Խաչատրյանի համերգասրահ՝ հանդեսների: Ամանորին հատկապես սիրում էի գունավոր նկարազարդ գրքեր նվեր ստանալ, մայրս էլ գիտեր ու հեքիաթի գրքեր էր ինձ նվիրում»,-ասում է Լիլիթ Գալստյանը:
Հարցին, թե որ տարիքում է հասկացել, որ Ձմեռ պապ իրականում չկա, պատգամավորը պատասխանեց. «Անկեղծանամ, որ ես շուտ եմ մեծացել, գոնե մտքով եւ շուտ եմ հասկացել, որ Ձմեռ պապ չկա: Բայց, իհարկե, երբեմն ուզում ես ինքդ քեզ անմեղորեն խաբել ու այդ հեքիաթը հնարավորինս երկար ձգել: Ձմեռ պապը, երազանքի, սպասումի խորհուրդ ունի եւ բոլոր տարիքում էլ կարելի է Ձմեռ պապի խորհուրդից չհրաժարվել, մանավանդ, եթե մի քիչ էլ շահեկան է»:
Անդրադառնալով այժմյան իրականությանը՝ Լիլիթ Գալստյանը նշեց, թե ժամանակներն այնպիսին են, որ տոնը մեր կյանքից պակասել է: «Դա հասկանալի է, համատարած աղքատության ու արտագաղթի, հուսահատության այս համապատկերը ցավոք սրտի թույլ չի տալիս, որ տոնական տրամադրություն ունենանք: Սովորաբար տարեմուտը ամփոփելու, ներքին կշեռքդ աշխատեցնելու, պարտություններն ու ձեռքբերումները նժարելու ժամանակ է, երբ այդ համեմատում ես, վերլուծում, տեսնում ես, որ իսկապես ծանր հոգսով եւ մշուշոտ հեռանկարով ենք մտնում 2012թ., եւ դժվար, թե ժողովրդի ճնշող մեծամասնության մոտ տոնական տրամադրություն լինի»,-ավելացրեց պատգամավորը:
Այնուամենայնիվ, Լ. Գալստանի կարծիքով, Նոր տարին իր մեջ նորի խորհուրդն ունի, որքան էլ դառը լինի իրականություն, ուզում ես հուսադրության, լավատեսության վերջին փշուրներդ թափ տալ եւ հավատալ հրաշքին, որ ինչ-որ մի բան կփոխվի մեր կյանքում: Պատգամավորը նկատում է, որ ցուցամոլություն շատ կա մեր կյանքում, շատ ենք քաղքենիացել, եւ Նոր տարին ավելի շատ սեղանի ցուցադրության է վերածվել, բայց Ամանորի բուն խորհուրդը հացի, առատության շուրջ հինը ճանապարհելն ու նորը դիմավորելն է:
Լիլիթ Գալստյանի կարծիքով, այնուամենայնիվ, պետք է բաց սրտով ու լավատեսությամբ տարին դիմավորել: Անհեթեթության եւ հիմարության շարքից բնորոշեց այն երեւույթը, երբ մարդիկ Նոր տարին նշելու համար բանկերից վարկեր են վերցնում առատ սեղաններ ապահովելու համար: «Եթե սիրտդ ուրախ չի, սեղանով ուրախացնելն անիմաստ է: Ես կարեկցում եմ այդ տեսակ մարդկանց»,-ավելացրեց Լիլիթ Գալստյան:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել