Վրաստանը մեր ռազմավարական դաշնակցի հարեւանն է
Ես չգիտեմ, թե ինչու,
Դու չգիտես, թե ինչպես
Հանդիպեցին մեկ-մեկու
Մեր հայացքներն առանց մեզ:
80-ականների սկզբի հանրահայտ այս երգի տեքստի հեղինակը Համո Սահյանն է: Երգը կատարում էր վրացի հանրաճանաչ դերասան եւ երգիչ Վախթանգ Կիկաբիձեն: Հայ-վրացական բարեկամության տեսակետից սա գուցե հետաքրքիր է, բայց ամենահետաքրքիրն այն է, որ երաժշտությունը գրել էր մոսկովյան միլիցիայի հայ գեներալ Ալեքսեյ Հեքիմյանը:
Ռոբերտ Քոչարյանն այցելեց Վրաստան: Նրա այցի արարողակարգի մեջ կար որոշակի նորամուծություն, որը փաստում էր Հայաստանի նախագահի վստահությունը հարեւան երկրի նկատմամբ: Քոչարյանը Վրաստան մեկնեց ավտոմեքենաների շարասյունով, երեւի որպեսզի ապացուցի, որ խոսակցությունները Վրաստանի սահմանում հայկական մեքենաների ու վարորդների նկատմամբ կիրառվող անօրենությունների մասին ոչ մի հիմք չունեն: Սա իմ ենթադրությունն է, գուցե նախագահի արարողակարգի պետն այդպես կազմակերպելու այլ պատճառ ուներ: Վրաստանի նախագահը Ռոբերտ Քոչարյանին դիմավորել է հենց սահմանի մոտ: Այստեղից երկու նախագահները մայրաքաղաք են հասել ուղղաթիռով:
Հայ-վրացական հարաբերությունների կայունությունը տարածաշրջանի կայունության երաշխիքն է: Այս խոսքերը սիրում են կրկնել երկու երկրի քաղաքական գործիչները, ժողովուրդն էլ հավատում է, հատկապես` հայերը: Իսկապես Վրաստանի եւ Իրանի հետ բարեկամությունը մեզ համար ռազմավարական խնդիր է` ուղղակիորեն կապված մեր գոյատեւման հետ: Չէ՞ որ Վրաստանի տարածքով ենք մենք կապվում Ռուսաստանի ու Եւրոպայի երկրների հետ: Եւ դրա համար հայ-վրացական հարաբերությունները չեն կարող դիտարկվել ընդհանուր խնդիրներից դուրս: Այս երկու երկիրը ԽՍՀՄ փլուզումից հետո, դառնալով անկախ պետություններ, թվում է պետք է ունենային ավելի պարզ ու անմիջական հարաբերություններ, սակայն նրանք ընդգրկվեցին ինտեգրացիոն տարբեր գործընթացների մեջ:
Վրաստանը շարունակում է ակտիվորեն ինտեգրվել Եւրաատլանտյան կառույցներին: Նա Հարավային Կովկասի առաջին երկիրն է, որ ընդգրկված է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհատական պլանի մեջ եւ ունի Ալյանսին անդամակցելու հեռանկար: Հայաստանի անվտանգության համակարգը ձեւավորվում է Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության շրջանակում, իսկ անդամակցությունը ՆԱՏՕ-ին չկա անգամ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում: Այսուհանդերձ երկու երկրների մերձեցման ճանապարհը շարունակում է մնալ միայն հոգեւոր-մշակութային գործոնը:
Քաղաքական կողմնորոշումների տարբերությունները երկու երկրին էլ չեն կարող օգուտ բերել, ինչպիսին կբերեր քաղաքական եւ տնտեսական առաջնահերթությունների ընտրության փոխհամաձայնեցվածությունը:
Այսուհանդերձ որոշակի քայլեր կատարվում են: Վրաստանը մի քանի անգամ առաջարկել է դառնալ հայ-թուրքական հարաբերությունների միջնորդ: Հայաստանն էլ իր կողմից առաջարկել է մասնակցել վրաց-ռուսական խրթին հարաբերությունների հարթեցմանը, ինչի հետեւանքով կգործի անդկովկասյան երկաթուղին եւ տարածաշրջանը կունենա լիարժեք հաղորդակցություն, էներգակիրների անխափան մատակարարում եւ այլն:
Հայաստանի նախագահի վերջին այցի խորապատկերը Թբիլիսիի եւ Մոսկվայի ճգնաժամային հարաբերություններն էին` մասնավորապես «Վերին Լարս» անցակետի փակումը: Եւ գուցե սա էր պատճառը, որ երկու նախագահների զրույցի հիմնական թեման հաղորդակցությունն էր:
Հայտնի է, որ հայկական կողմն ուզում է տրանսկովկասյան երկաթուղային հաղորդակցության վերականգնում ու նորացում, ինչը կկապի Հարավային Կովկասի երկրները Ռուսաստանի հետ: Բայց այդ երկաթուղին, հակառակի պես, անցնում է Աբխազիայի տարածքով, որտեղ կա վրաց-աբխազական հակամարտություն: Ռոբերտ Քոչարյանը վրացիներին խորհուրդ է տալիս ձեռ քաշել ստատուս-քվոյից, ասելով, թե այդպիսով Վրաստանը պատժում է ինքն իրեն: Նա վստահ է, որ այդ նուրբ հարցին պետք է տալ պրագմատիկ լուծում: Այս երկաթուղին Հայաստանին շատ է պետք, քանի որ երկաթուղային այլ ուղղությունները չեն գործում: Այս իմաստով տրանսկովկասյան երկաթուղին հայերին կազատեր ներմուծման ու արտահանման հետ կապված բազմաթիվ խնդիրներից: Բայց Վրաստանը հարցը կապում է վրաց փախստականների Աբխազիա վերադառնալու խնդրի հետ: Քոչարյանը կարծում է, որ երկաթուղու հարցը ոչ մի բանի հետ կապել պետք չէ, որ հաղորդակցության վերականգնումը կամաց-կամաց կլուծի բոլոր խնդիրները:
Ի դեպ, խորհուրդ տալով վրացիներին ճանաչել սեփական շահն ու ամեն գնով բացել աբխազական երկաթուղին, Հայաստանը դեմ է «Կարս-Ախալքալակ» նոր երկաթգծի կառուցմանը: Հայաստանը կողմ է հինը, ներկայում չգործող «Կարս-Գյումրի-Թբիլիսի» երկաթգծի վերագործարկմանը, ինչն իրատեսական չէ հայ-թուրքական սրված հարաբերությունների պատճառով, թեեւ Միխայիլ Սահակաշվիլին կարծում է, որ եւրաինտեգրացիայի ճանապարհ բռնած Թուրքիան անխուսափելիորեն կգնա տարածաշրջանային ինտեգրացիայի եւ կբացի ճանապարհները: Ճանապարհներ ասելով ի՞նչ նկատի ունի Սահակաշվիլին, պարզ չէ: Գուցե հենց այն «Կարս-Ախալքալակը», որին դեմ են եւ որը ձախողելու լուրջ ներուժ ունեն հայերը:
Երկու նախագահների բանակցություններում առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է եղել Սամցխե-æավախեթիի (æավախք) հայաբնակ տարածքի խնդիրները: Թեեւ æավախքի հայերը երբեք հանդես չեն եկել Հայաստանին միանալու նախաձեռնությամբ, այնուամենայնիվ Վրաստանում զգուշանում են անջատողական տրամադրությունների հնարավոր զարգացումից: Զգուշանալու լուրջ առիթ է նաեւ այդ տարածքում ռուսական ռազմական բազայի առկայությունը: (Դա Վրաստանում տեղակայված ռուսական երկու բազաներից մեկն է, երկրորդը` Աջարիայում է:) Հաղորդակցության ուղիների եւ æավախքի խնդիրների կողք-կողքի քննարկումը պատահական չէր, որովհետեւ այդ տարածքում անջատողական շարժման սկսվելու եւ զարգանալու դեպքում կձախողվի Թուրքիան ու Վրաստանը միացնող երկաթուղու հնարավոր շինարարությունը եւ Ախալքալակը Վրաստանի համար կդառնա նոր Աբխազիա:
Ընդհանուր առմամբ այն տպավորությունն է, որ Հայաստանի նախագահը Վրաստան էր մեկնել միջնորդական առաքելությամբ: Միջնորդություն, որը հետապնդում էր նաեւ սեփական շահ:
Սկզբում ասացինք, որ Հարավային Կովկասի այս երկու երկիրը ԽՍՀՄ փլուզումից հետո ընտրել են տարբեր կողմնորոշումներ: Բանն այն է, որ Հայաստանը չի խանգարում Վրաստանին իրականացնել իր ինտեգրացիոն գործընթացները, իսկ Վրաստանը դրված է Հայաստանի եւ իր ռազմավարական գործընկերոջ միջեւ, ինչպես Սեւակը կասեր, «ուղեփակոցի գերանի նման»: Եւ երբ փակվում է «Վերին Լարս» անցակետը, ու մեր բեռները օրերով մնում են այնտեղ, մենք չենք զայրանում Ռուսաստանի վրա, մենք փորձում ենք խելք սովորեցնել վրացիներին` միաժամանակ հիշեցնելով, որ «հայկական կողմի միջնորդական ռեսուրսը սահմանափակ է եւ դա նույնպես պետք է հաշվի առնել»: Եւ ընդհանուր առմամբ մենք Վրաստանին վերաբերվում ենք ոչ որպես հարեւան երկրի, այլ` մեր ռազմավարական դաշնակցի հարեւանի, որը մեզ խանգարում է վերջնական ու լիարժեք ինտեգրվել բազում անլուծելի խնդիրներով ծանրաբեռ այդ երկրին:
Իսկ այս ամենը չհասկանալով կամ հասկանալով, բայց Հայաստանին լրիվ անհույս չհամարելով, Վրաստանի նախագահն առաջ է քաշում ինչ-որ «3+3» նախաձեռնություն, որի նպատակն է կովկասյան երեքով բռնել մերձբալթյան երեքի ձեռքն ու ճամփա ընկնել դեպի Եւրոպա: Հայաստանի նախագահը ճեպազրույցի ընթացքում հարցը ցրելու տարբեր փորձեր անելուց հետո, վերջապես հայտարարում է, որ ինքը վստահ չէ, թե մերձբալթյան հանրապետություններն այս հարցում ունեն փախհամաձայնություն, ինչին Սահակաշվիլին անմիջապես պատասխանում է, թե Լիտվան, Լատվիան եւ Էստոնիան արդեն պայմանավորվել են: Բայց այս անգամ էլ երկու եռյակի միջեւ «ուղեփակոցի գերանի նման» դրված է անծայրածիր Ռուսաստանը, եւ մեր նախագահը Շտիրլիցի նման գիտի, որ 3 գումարած 3 հավասար է վեցի, բայց չգիտի` գիտե՞ն արդյոք այդ մասին «կենտրոնում»:
Հիմա կարծում եմ պարզ է, թե ինչո՞ւ էր հանրահայտ երգի երաժշտությունը գրել մոսկովյան միլիցիայի հայ գեներալը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել