Պարենն ու հուշանվերը
Արամ Զաքարյան
Երեւանի Նալբանդյան 25/14 շենքի առաջին հարկում, միմյանցից հազիվ 15 մետր հեռավորությամբ գտնվող պարենի «Բարիք» եւ հուշանվերների «Լիլի» խանութների խաղաղ գոյակցությունը շատ կարճ է տեւել: Թեեւ խանութները մրցակիցներ չեն, այնուհանդերձ, նրանց սեփականատերերի վեճը զարգացել է հայհոյանքներով, ծեծ ու կռվով եւ քրեական գործի տեսքով հասել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան:
Հուշանվերների խանութի տնօրեն, նույն շենքի բնակիչ Լիլիկ Մելքոնյանը եւ շենքի եւս 10 բնակիչ հավաստիացնում են, որ «Բարիք» խանութի եւ նրա նկուղում գործող հացի, խմորեղենի եւ սալաթների արտադրամասերի պատճառով «առավոտյան ժամը 7:30-ից սկսվում է տարբեր մակնիշի, այդ թվում` խոշոր բեռնատար մեքենաների ինտենսիվ երթեւեկությունը շենքի բակում: Այդ եռուզեռը խաթարում է բնակչության հանգիստը, խոչընդոտում երեխաների եւ մեծահասակների անվտանգ տեղաշարժին բակի տարածքում: Մեքենաների աղմուկը, ծուխը, գազը, նրանց վարորդների գռեհիկ արտահայտությունները եւ անհարգալից վերաբերմունքը, մագնիտոֆոնների ռաբիս երաժշտությունը անտանելի պայմաններ են ստեղծում բնակիչների համար:
«Բազմիցս բողոքել ենք անձամբ Վալերիկին («Բարիք» խանութի տեր եւ տնօրեն-խմբ.), սակայն ոչ մի արդյունքի չենք հասել: Ավելին, նա շարունակում է իր անօրեն գործողությունները, քանդել եւ խորացրել է նկուղի հատակը, հանել հիմքի մեծ չափի քարեր-վալունները: Առանց որեւէ թույլտվության փորել է մուտքի շեմը եւ տեղադրել ջրի մի մեծ բաք` միացնելով 7-րդ մուտքի ջրագծին, որի պատճառով բնակիչները ջուր են ստանում միայն ցիստեռնը լցվելուց հետո: Շուրջ երկու տարի է` մեր բակը վերածվել է «Սովետաշենի աղբանոցի»: Երեք հատ ստանդարտ աղբարկղները մեկ ժամում լցվում են «Վալերիկի զիբիլիով», մնացած աղբը թափվում է աղբարկղի շուրջ, եւ թեթեւ քամու դեպքում ամբողջը տարածվում է բակում: Դեռ երկու տարի առաջ շենքի 5-րդ մուտքի պատը «Կամազ» մեքենայով վնասվելուց եւ փլվելուց հետո Վալերիկն այն չվերանորոգեց, այլ վերականգնեց թիվ 52 բնակարանի բնակիչը: Անցավ մեկ տարի, եւ նորից Վալերիկի կամազներից մեկը քանդեց նույն պատը, եւ շուրջ մեկ տարի է` նա հրաժարվում է վերանորոգել այն՝ լկտիաբար հայտարարելով, թե ում դուրը չի գալիս, թող բողոքի ուր ուզում է կամ իր բնակարանը վաճառի գնա»,-պատմում է Լիլիկ Մելքոնյանը:
«Բարիք» խանութի սեփականատեր ու տնօրեն Վալերիկ (Սուրիկ) Ալթունյանն էլ շենքի 30 բնակարանների 58 բնակչի հետ հայտարարում է. «Խանութի տնօրինության կողմից հեռացվեցին տարիների ընթացքում բակում հավաքված քարերի կույտերը, հին մեքենաների մետաղյա թիթեղները, կատարվեցին բակի աղբահանության աշխատանքներ: Սեփական միջոցներով ասֆալտապատեցինք բակը: Բակում հանգստի համար տեղադրված տաղավարը վերածվել էր հին սառնարանների եւ գազօջախների կույտերի: Խանութի տնօրինության կողմից այն մաքրվեց, տաղավարում տեղադրվեց մետաղյա սեղան: Բակում գտնվող չորացած ծառերի վտանգը սպառնում էր մարդկանց կյանքին: Դիմեցինք կանաչապատման կազմակերպությանը, մեր միջոցների հաշվին կտրեցինք չորացած ծառերը: 2003 թվականի աշնանը տնօրինությունը ձեռնամուխ եղավ շենքի գազաֆիկացմանը, եւ ահա այսօր կատարվում են գազաֆիկացման նախապատրաստական աշխատանքները»:
Երկու կողմերն էլ իրենց փաստարկները եւ տեսակետը ներկայացրել են համապատասխան մարմիններին, որոնցից ստացված պատասխաններում քիչ չեն հակասություններն ու զավեշտները: Այսպես` 26.02.2003թ. Կենտրոնի թաղապետի տեղակալ Գ. Գյանջումյանը Լիլիկ Մելքոնյանին տեղեկացրել է, որ «Բարիքը» նկուղից 25 քմ զբաղեցրել է անօրինական, հարցը կքննվի: Իսկ ահա 29.07.2004թ. Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Վ. Բարսեղյանը տեղեկացրել է, որ տարածքը զբաղեցված է օրինական: Օրինականացնելուց առաջ քաղաքապետարանը հայտնաբերել է այլ կարգի՝ սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներ եւ բավարարվել դրանք վերացնելու համար ժամանակ տալով: Իսկ շենքի հիմքերի եւ սեյսմակայունության թուլացման փաստեր չեն հայտնաբերվել, թեեւ ակնհայտ է, որ կիսանկուղային խանութի համար լրացուցիչ դռներ եւ պատուհաններ են բացված:
Բողոք-պատասխան տարբերակով հեռակա շփումը չի գոհացրել հուշանվերների խանութի տիրոջը: Լիլիկ Մելքոնյանը այցելել է մթերային խանութ` բացատրելու, որ մարդկանց խանգարել չի կարելի. «Գնացի Վալերիկի մոտ, ասացի` շենքի հիմքերը մի թուլացրու: Բա որ մի հատ փոքր ցնցում լինի՞: Ասաց` գնա, ու ինձ երկու հոգով հրեցին գցեցին դուրս, ոնց որ շան լակոտի: Ներկա էին մի յոթ հոգի, այդ թվում` Վալերիկի փեսան»: Նույն դրվագը` ըստ Վալերիկ Ալթունյանի. «Աշխատասենյակում նստած էինք ես, փեսաս, խանութի փոխտնօրեն Մարինե Գրիգորյանը եւ հաշվապահ Աիդա Պետրոսյանը: Լիլիկ Մելքոնյանը մտավ եւ սկսեց հայհոյել ու անպատվել: Կանայք, նրա ձեռքերից քաշելով, հանեցին դուրս, ինքը դեմ էր ընկնում` չէր ուզում դուրս գալ: Դատախազությունը գտավ, որ Լիլիկը անօրինական է մտել սենյակ եւ նրանից ստորագրություն վերցրին, որ մեզ հետ գործ չունենա: Լիլիկի բողոքը ընդամենը չուզողություն է»: Մինչդեռ, ոչ թե դատախազություն, այլ ոստիկանություն է դիմել հենց Լիլիկ Մելքոնյանը, եւ ոստիկանության Կենտրոնի բաժնի գնդապետ Միրիջանյանը պարզել է, որ «Ա. Պետրոսյանի եւ Մ. Գրիգորյանի արարքում առկա է ՀՀ քր.օրի 110 հոդվածի առաջին մասի հանցակազմ»: Քրգործ չի հարուցվել, քանզի Լիլիկ Մելքոնյանը չի բողոքել: «Սխալ, շատ մեծ սխալ եմ արել, որ չեմ բողոքել»,-այժմ խոստովանում է Լ. Մելքոնյանը:
Իսկ հայհոյանք-չկամություն-թշնամանք սառը հակամարտությունը շարունակվել է: Ըստ Վ. Ալթունյանի` այս տարվա մայիսի 16-ին Լիլիկ Մելքոնյանը գիշերով խանութի պատին գրել է. «Վալերիկ` մարդասպան»: Գիրը մաքրվել է, բայց ընթացք չի տրվել: Ամիսներ անց` հուլիսի 2-ին, նույն Լիլիկ Մելքոնյանը նորից գիշերով պատին գրել է` մարդասպան: Վ. Ալթունյանը հատկապես վիրավորվել է, որ դա արվել է Փարաջանովի ծննդյան 80-ամյակի օրերին, երբ քաղաքը լիքն էր հյուրերով, եւ դիմել է ոստիկանություն: Քննիչները Վալերիկ Ալթունյանին թույլատրել են ջնջել իրեղեն ապացույցը եւ տեսել են միայն մարդասպան բառի` Վ. Ալթունյանի հեղինակած լուսանկարները: Լ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրի 136 հոդվածի առաջին մասով: Որ գրողը Լ.Մելքոնյանն է, վկայում են Վ. Ալթունյանի հացի փռի աշխատակիցներ Հայկ Ասրյանը եւ Կարեն Սեդրակյանը: Սակայն նրանց ցուցմունքներում կան հակասություններ եւ անտրամաբանական դրվագներ: Վկաներն ասում են, որ ծխելու եւ հանգստանալու համար դուրս են եկել Սայաթ-Նովա փողոց` զբոսնելու, եւ տեսել են, թե ինչպես է Լիլիկը իջնում բակ: Սայաթ-Նովա փողոցից Նալբանդյան եւ Սայաթ-Նովա փողոցների անկյունում գտնվող Նալբանդյան 25 /14 բակը չի երեւում: Վկաներն ասում են, որ խանութի պատուհանից տեսել են, թե ինչպես է Լ. Մելքոնյանը պատին գրում «մարդասպան»: Կիսանկուղային խանութի լուսամուտից կարելի է տեսնել, թե ինչպես է մեկը մոտենում պատին, եւ միայն դա, այն էլ` դժվարությամբ: Տարբեր օրերի հարցաքննությունների եւ առերեսման ժամանակ վկա Հայկ Ասրյանը մեկ ասել է, թե ներկա էին ինքը, Կարենը, Գրետան եւ Ագապը, մեկ էլ, թե ներկա էին ինքը, Կարենը, Գրետան եւ Վահրամը: Ցուցմունքներում շատ են հայերենի աղավաղումները, սխալները: Լիլիկ Մելքոնյանը հայտարարում է, թե ինքը չէր կարող եւ չի արել այն, ինչ վերագրվում է իրեն` ընդունելով միայն, որ գիշերով գնացել ծեծել է փռի դուռը եւ լռություն պահանջել:
Վալերիկ Ալթունյանն արդեն քայլեր է անում 2005թ. հունվարից իր հացի փուռը տեղափոխելու ուղությամբ. «անկախ Լիլիկի ցանկությունից»: Այս որոշմանը Վ. Ալթունյանը եկել է Նախագահի վերահսկողական ծառայության անցկացրած ստուգումներից հետո: Իսկ Լ. Մելքոնյանն էլ հուշանվերների ցուցափեղկում ավելացրել է «Վաճառվում է» գրությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել