Ժամանակն աշխատում է Ադրբեջանի օգտին
Վաֆա Գուլուզադե
Հոկտեմբերի 8-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովը հարցազրույց է տվել «Ռեգնում» լրատվական գործակալությանը` համակողմանիորեն անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին: «Որքանո՞վ է տրամաբանական Ղարաբաղի խնդիրն առանց Ստեփանակերտի քննարկելը » հարցին ի պատասխան Յուրի Մերզլյակովն ասել է. «Ինձ թվում է, որ ապագայում, կարգավորման ինչ-որ մի փուլում ղարաբաղյան կողմը կմասնակցի բանակցություններին, քանի որ մի շարք հարցեր հնարավոր չէ քննարկել եւ վճռել առանց նրա: Երբ եւ ինչ չափով կլինի, առայժմ դժվարանում եմ պատասխանել»: Իսկ Թուրքիայի հավանական ներգրավման մասին հարցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահը պատասխանել է. «Իմ կարծիքով կենսունակ կարգավորման նախապատրաստման եւ իրականացման գործն առանց Թուրքիայի մասնակցության հնարավոր չէ»:
Մերզլյակովի տեսակետերն Ադրբեջանում բացասական արձագանք են ունեցել: «Ռուսաստանը ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա` առաջարկելով բանակցային գործընթացում ներգրավել Լեռնային Ղարաբաղին, ինչն անընդունելի է մեր երկրի համար». գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովն առաջարկել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ներգրավել Թուրքիային եւ Լեռնային Ղարաբաղին: Ադրբեջանցիները գտնում են, որ տարածաշրջանի հզոր պետություններից մեկի` Թուրքիայի մասնակցությունը միջազգային հանրության կողմից կընկալվի, իսկ Ղարաբաղի հայտնվելը բանակցությունների սեղանի շուրջ կարող է զարմանք եւ տարակուսանք առաջացնել: Դատելով Մերզլյակովի խոսքերից, ադրբեջանցիները ենթադրում են, որ այդ դեպքում իրենք Ղարաբաղը պետք է ճանաչեն որպես առանձին սուբյեկտ:
Այս հարցի շուրջ իր տեսակետն է արտահայտել քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նա պատմել է, որ Եւվգենի Պրիմակովը` ՌԴ արտաքին գործերի նախարար աշխատելու տարիներին, առաջարկել է Հեյդար Ալիեւին Լեռնային Ղարաբաղի հետ գնալ ուղղակի բանակցությունների, ինչից «փորձառու քաղաքական գործիչը կտրուկ հրաժարվել է»: Գուլուզադեի կարծիքով, Ալիեւի այս քայլն արժանի է գնահատանքի, «որովհետեւ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետության միջեւ ուղղակի բանակցությունները կնշանակեին ԼՂ-ի` որպես անկախ պետության, ճանաչում»:
Այսուհանդերձ, քաղաքագետի խոսքով, Ռուսաստանը` չցանականալով հրաժարվել իր ամբիցիոզ ծրագրերից, շարունակում է քայլել տրորված արահետով: «Ռուսաստանը հիանալի հասկանում է, որ ԼՂ-ն երբեք չի դառնա անկախ պետություն, եթե Ադրբեջանին չստիպեն ստորագրել խաղաղության ամոթալի պայմանագիր». հայտարարել է Գուլուզադեն: Նա գտնում է, որ Ռուսաստանն իրականում միայն արգելակում է հակամարտության կարգավորումը, քանի որ ոչ միայն զավթիչ-երկրի կողմնակիցն է, այլեւ ինքն էլ մասնակից է եղել ադրբեջանական հողերի զավթմանը: Այսուհանդերձ քաղաքագետը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը համարում է անելանելի:
«Խնդիրը, որի հետ բախվել է Ադրբեջանը, ստեղծել են ռուսները: Ռուսաստանը որպես գերտերություն արդեն չի կայացել, դրա համար մենք պետք է լցվենք համբերությամբ եւ սպասենք: Կգա ժամանակ, երբ Ռուսաստանին ոչ ԼՂ-ն, ոչ էլ Հայաստանը պետք չեն լինի: Ամեն ինչ որոշում է ժամանակը, որն աշխատում է Ադրբեջանի օգտին». նշել է Գուլուզադեն: Նա նկատել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում, ԱՄՆ-ի դիրքերի ուժեղացմանը զուգընթաց զգալի է Ռուսաստանի դիրքերի թուլացում եւ «այդ ալիքի վրա Ադրբեջանը կվերադարձնի իր բոլոր հողերը»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Յուրի Մերզլյակովի առաջարկության մասին իր կարծիքն է հայտնել նաեւ քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նա հայտարարել է, որ Ռուսաստանն առաջին հերթին պետք է զբաղվի Չեչնիայի խնդիրներով եւ լուծի չեչեն ահաբեկիչների առաջնորդ Ասլան Մասխադովի հետ ունեցած իր ներքաղաքական հարցերը: Ալիզադեի կարծիքով, երկիրը որ չի կարողանում լուծել իր ներքին խնդիրները, բարոյական իրավունք չունի այլ երկների հարցերում խաղաղարարի հավակնություններ ցուցաբերելու: Այս քաղաքագետն էլ կարծում է, որ «հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը կգիտակցի իր շահերը եւ Ռուսաստանը կմնա խաղից դուրս»:
Պարզ չէ, թե այդ դեպքում, որտեղ կմնա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որն Ալիզադեի կարծիքով ՖՍԲ-ի, ԳՌՈՒ-ի եւ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի արհեստածին զավակն է:
Պատրաստեց Տիգրան Պասկեւիչյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել