
Քրեական գործեր. Ոստիկանության և Քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք կասկածվում են չարաշահումներ կատարելու մեջ
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել Ոստիկանության և Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այս մասին հայտնում է ՀՔԾ-ն:
Այսպես, քրեական գործերից մեկը հարուցվել է Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա: Մասնավորապես, հիշյալ նյութերի համաձայն, Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի` պետական հատուկ ծառայություն իրականացնող առանձին պաշտոնատար անձինք ՀՀ-ից բացակայող Ա. Հ.-ին անձնագիր տրամադրելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 24-ին և 30-ին կազմել են Ա. Հ.-ի անունից կեղծ դիմումներ` վերջինիս Ստեփանավան քաղաքում հաշվառելու և անձնագրավորելու վերաբերյալ ու հանձնել դրանք, այնուհետև նրան ձևականորեն հաշվառել են Ստեփանավան քաղաքի բնակարաններից մեկում, իսկ 2017 թվականի նոյեմբերի 7-ին անհայտ անձին տրամադրել են Ա. Հ.-ի` ՀՀ քաղաքացու անձնագիրը:
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Ստեփանավանի անձնագրային խմբի` պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Մյուս քրեական գործը հարուցվել է Ռ. Ա.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ 2017թ.-ի դեկտեմբերի 6-ին Ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցները, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, առանց որևէ հիմքի` մասնավորապես, դատարանի համապատասխան որոշման առկայության, իրեն ու իր ընտանիքի անդամներին ապօրինի վտարել են Երևան քաղաքի իր նախկին բնակարանից:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ Քննչական կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում գործով վարույթն իրականացնող քննիչն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, հակառակ դեպքում` սպառնացել է ենթարկել քրեական պատասխանատվության:
Այսպիսով, Ոստիկանության և Քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերը նշված երկու դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր` Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Մեկնաբանել