
«Արաքս թռչնաֆաբրիկա»-ի սառեցված հավի միսը նորից փորձաքննվել է․ խախտում չի հայտնաբերվել
Սառեցված տեղական հավի մսի՝ «Հետք»-ի հրապարակած փորձաքննությունից հետո, «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ից ցանկություն հայտնեցին ևս մեկ անգամ փորձաքննել իրենց սառեցված բրոյլեր հավի միսը։
2017թ դեկտեմբերի 24-ին հրապարակված մեր փորձաքննության ժամանակ (փորձաքննության արձանագրություն տես՝ այստեղ) «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի առաջին կարգի սառեցված բրոյլեր հավի միսը (11.10.2017 արտադրության) չէր համապատասխանել ՄՄ ՏԿ 021/2011 սահմանված նորմերին․ նրա մեջ ՄԱՖԱՄ քանակը 1,6 անգամ գերազանցել էր թույլատրելի նորման և նմուշի մեջ հայտնաբերվել էին հակաբիոտիկներ՝ լևոմիցետին՝ 0,017 մգ/կգ (թույլատրելի քանակը՝ <0,01 մգ/կգ-ից)։
Մեր և «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի ներկայացուցիչների, մասնավորապես՝ թռչնաֆաբրիկայի անասնաբույժ Աղասի Բաղդասարյանի ուղեկցությամբ 2017թ դեկտեմբերի 28-ին «ՍԱՍ» սուպերմարկետից ձեռք է բերվել սառեցված բրոյլեր հավի մսի 2 նմուշ՝ 2017թ հոկտեմբերի 11-ի արտադրության։
Նույն օրը դրանք փորձաքննության են ներկայացվել մեկը՝ «Ստանդարտ դիալոգ», մյուսը՝ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի ցանկությամբ՝ «Տոնուս-Լես»-ին պատկանող «FDA» լաբորատորիաներ։
Օրերս մենք ստացանք այդ երկու փորձաքննության պատասխանները։
Այս երկու նմուշների մեջ ստուգվել է լևոմիցետին հակաբիոտիկի առկայությունը, ինչը
երկու լաբորատորիաներն էլ չեն հայտնաբերել։
Մասնավորապես՝ «Ստանդարտ դիալոգ»-ը ստացել է լևոմիցետինի՝ 0,0069 մգ/կգ արդյունքը, «FDA» լաբորատորիայի արձանագրության մեջ նշված է, որ ցուցանիշը փոքր է 0,01մգ/կգ- ից, ինչը թույլատրելի նորմայի սահմաններում է։
«Ստանդարտ դիալոգ»-ի փորձաքննության արձանագրությունը տես՝ այստեղ։
Այսպիսով, այս փորձաքննության ժամանակ «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի նույն օրվա արտադրության երկու սառեցված բրոյլեր հավի մսի մեջ լևոմիցետին հակաբիոտիկ չի հայտնաբերվել։
Մեկնաբանել