Բուենոս Այրեսի Գրքի միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի օրը
Բուենոս Այրեսում ընթացող Գրքի 37-րդ միջազգային ցուցահանդեսում նշվել է Հայաստանի Հանրապետության օրը: Ցուցահանդեսում ներկայացված են 42 պետություն և 1500 հրատարակչություն, այդ թվում նաև Հայաստանի տաղավարը: Քանի որ 2011 թ. Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսը հռչակվել է Գրքի միջազգային մայրաքաղաք, ցուցահանդեսի համար ընտրվել է «Քաղաք, որ բաց է գրքերի աշխարհին» կարգախոսը:
Հայաստանի օրվա հանդիսությունները կայացել են Գրքի ցուցահանդեսը հյուրընկալող «Ռուրալ» համալիրում: Միջոցառմանը ներկա 1000-ից ավելի հանդիսականներին ուղղված իր խոսքում Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանն ասել է. «Հայ ժողովրդի երեք հազարամյա պատմության մեջ, թերևս, ամենակարևոր իրադարձություններից էր 5-րդ դարում հայոց այբուբենի ստեղծումը, ինչի շնորհիվ հայերեն թարգմանվեց գրքերի գիրքը' Աստվածաշունչը, տպագրվեցին հազարավոր գրքեր, որոնք մեր ազգի մշակութային և մտավոր հարստության ամենաարժեքավոր մասն են կազմում»:
Վլադիմիր Կարմիրշալյանի խոսքերով' շատ խորհրդանշանական է, որ քույր քաղաքներ Բուենոս Այրեսն ու Երևանը հաջորդաբար ստանձնում են Գրքի միջազգային մայրաքաղաքի պատվավոր տիտղոսը:
ՀՀ դեսպանը տեղեկացրել է, որ գալիք 2012թ. Երևանում կազմակերպվելու է Գրքի միջազգային խոշոր ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն Հայաստանում և սփյուռքում' հայերեն և օտար լեզուներով տպագրված գրքեր: Երևանում կազմակերպվելիք ցուցահանդեսին Արգենտինան ներկայացված կլինի առանձին տաղավարով:
ՀՀ ԱԳՆ-ի մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչության տեղեկացմամբ' Հայաստանի օրվա կապակցությամբ կայացել է համերգ' մենակատարուհի Վալերիա Չերեքյանի,«Նոր հայեր» երիտասարդական էստրադային երգչախմբի և «Նաիրի», «Գայանե», «Մասիս» պարային համույթների մասնակցությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել