HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՏՄՊՊՀ-ն համագործակցության հուշագիր է կնքել ԼՂՀ-ի գործընկերների հետ

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համագործակցության հուշագիր է կնքել Արցախի հանրապետության գործընկերների հետ՝ հայկական երկու պետություններում մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված քայլերի իրականացման շուրջ: Այս մասին տեղեկացնում է ՏՄՊՊՀ-ն:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՀ և ԼՂՀ մրցակցային մարմինների համագործակցությունը հատկապես վերջին տարիներին զարգանում է շատ ակտիվ և արդյունավետ, իսկ կատարված աշխատանքները տեսանելի դրական են անդրադարձել մի շարք ոլորտների վրա:  

Հուշագրի կնքման արարողությունից հետո տեղի է ունեցել քննարկում, որի ընթացքում հստակեցվել են գալիք 2018 թվականի անելիքները, նախանշվել են հատկապես այն ոլորտները, որոնց ուղղությամբ տարվող աշխատանքները տարվա ընթացքում լինելու են առաջնային: ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն իր խոսքում կարևորել է տարեցտարի ավելի ամուր հիմքերի վրա դրվող համագործակցությունը և վստահեցրել, որ առաջիկայում ևս արվելու է հնարավոր ամեն բան՝ համատեղ խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ: «Այս տարիների ընթացքում ԼՂՀ գործընկերների հետ համագործակցության արդյունքում իսկապես հասել ենք լուրջ ձեռքբերումների, սակայն, պետք է նշեմ, որ ստացված արդյունքները մեզ համար բավարար չեն, կան նոր նախանշված ծրագրեր, կարևոր ուղղություններ, որոնց իրականացմանն էլ առաջիկա տարիներին կուղղենք մեր ջանքերը››,- հայտնում է հանձնաժողովը:

Անցած տարիներին, ըստ ՏՄՊՊՀ-ի, ՀՀ մրցակցային մարմինը մշտապես աջակցել է Արցախի գործընկերներին  ինչպես ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, այնպես էլ համատեղ վարույթների իրականացման, փորձի և տեղեկատվության փոխանակման առումով: Համատեղ վերլուծություններ են կատարվել սոցիալական առաջնային նշանակության մի շարք շուկաներում, իրականացվել  են համատեղ ուսումնասիրություններ՝ անբարեխիղճ մրցակցության և հակամրցակցային այլ գործողությունների բացահայտման նպատակով:

ԼՂՀ ՀԾՏՄԿՊ հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը իր ելույթում նշել է, որ Հանձնաժողովների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում կատարվել է նաև առաջին անհրաժեշտության ապրանքների մանրածախ գների մասին տեղեկատվությունների ամսական փոխանակում, ինչը հնարավորություն է տվել համադրել և վերահսկել այն ապրանքների գները, որոնք ներմուծվում են ՀՀ-ից: Ապրանքատեսակների գների վերաբերյալ տեղեկությունների նշված փոխանակումը և դրա արդյունքում կատարած վերլուծությունները թույլ են տվել զսպել գների արհեստական  բարձրացման միտումները:

Հուշագրի ստորագրումից հետո ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Արցախի գործընկերներին պարգևատրել է շնորհակալագրերով և պատվոգրերով՝ համատեղ գործունեության ընթացքում ունեցած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter