HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դատարանների բեռնաթափման, դատական գործերի բաշխման, որոշ գործերի պարզեցված վարույթի քննության և նիստերի հետաձգման խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումներն ու քայլերը: 

Ըստ կառավարության պաշտոնական կայքի՝ վարչապետին զեկուցվել է, որ արդարադատության նախարարությունը մշակել է Դատական օրենսգրքում, Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխությունների օրենսդրական փաթեթ: Դրանով, մասնավորապես, առաջարկվում է նվազեցնել դատարանների նախագահներին մակագրվող գործերի քանակի սահմանաչափը` դարձնելով մինչև տասը տոկոս, բացառությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի: Նշվել է, որ դրանով կլուծվեն գործերի բաշխման, դատավորների միջև ծանրաբեռնվածության անհամաչափության խնդիրները:

Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է դատական նիստերի հետաձգման մասով օրենսգրքում հստակ ձևակերպել, որ նման որոշումները պետք է լինեն բացառապես պատճառաբանված, մինչև երկու միլիոն դրամ գումարի բռնագանձման հայցապահանջներով նախատեսվել է գործերի քննության պարզեցված ընթացակարգ:

Միաժամանակ, որպես արտադատական միջոց առաջարկվել է էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով էլեկտրոնային կապ ստեղծել նոտարների, բանկային և վարկային կազմակերպությունների միջև` նոտարին տրամադրելով էլեկտրոնային կնիք, էլեկտրոնային թվային ստորագրություն: 

Օրենսդրական փաթեթով սահմանվել է, որ Երևան քաղաքում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան իր նստավայրերով: Զեկուցվել է, որ դրանով ավելանալու է փաստացի գործեր քննող դատավորների թվաքանակը, բարձրացվելու է դատարանների կառավարման արդյունավետությունը, իրականացվելու է բյուջետային միջոցների օպտիմալացում։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև Վարչական վերաքննիչ դատարանի դատավորների քանակի ավելացման, ինչպես նաև վարչական գործերի վերադասության կարգով բողոքարկման արդյունավետության բարձրացման հարցերը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորել և ողջունել է ներկայացված օրենսդրական փաթեթը և հանձնարարել որոշ տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո այն ներկայացնել կառավարության աշխատակազմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter