
Ապահովագրություն. ընկերությունների հարկերն ու դիրքը ԱՊՊԱ ոլորտում
Այս տարի Հայաստանի ապահովագրական շուկայից պետբյուջե հոսող հարկերն ավելացել են։ Ինչպես ցույց է տալիս Պետական եկամուտների հրապարակած խոշոր հարկատուների ցանկը, վեց ընկերություններից հինգը հունվար-սեպտեմբերին հարկերի աճ է գրանցել։
Տարվա առաջին ինն ամիսներին ապահովագրական շուկայում գործող ընկերությունների վճարած հարկերի ընդհանուր ծավալը կազմել է ավելի քան 2.1 մլրդ դրամ։ 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընկերությունների հարկերն աճել են 521 մլն դրամով կամ 33%-ով։ Աճը գլխավորապես պայմանավորված է երկուսի հարկերի ավելացմամբ՝ «Ինգո Արմենիա»-ի ու «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի։
Ապահովագրական ընկերություններից խոշորագույն հարկատուն «Ինգո Արմենիա»-ն է, որը նախորդ տարվա համեմատ հարկերի զգալի աճ է գրանցել։ Այս հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել մոտ 674 մլն դրամի հարկեր և այդ ժամանակահատվածում հանրապետության 1000 խոշոր հարկատուների շարքում զբաղեցրել է 153-րդ տեղը։ Նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ «Ինգո Արմենիա»-ի հարկերն ավելացել են մոտ 290 մլն դրամով կամ 75.4%-ով։
Իսկ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ն խոշորների ցանկում այս անգամ 160-րդ տեղում է։ Առաջին ինն ամիսներին վճարել է ավելի քան 643 մլն դրամի հարկեր։ Նախորդ տարվա համեմատ աճը կազմել է մոտ 212 մլն դրամ կամ 49%:
Հարկերի ծավալով ապահովագրական ընկերությունների շարքում երրորդը «Նաիրի Ինշուրանս»-ն է՝ մոտ 325 մլն դրամի հարկերով։ Հունվար-սեպտեմբերի ցանկում ընկերությունը զբաղեցրել է 303-րդ տեղը։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հարկերն աճել են 8.5 մլն դրամով կամ 2.7%-ով։
Հաջորդում է «Սիլ Ինշուրանս»-ը՝ 191 մլն դրամի հարկերով։ Խոշորների ցանկում 475-րդն է։ Հարկերի աճը՝ 25 մլն դրամ կամ 15.1%:
Իսկ «Ռեսո»-ն խոշորների ցանկում 649-րդն է։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին պետբյուջե է վճարել մոտ 138 մլն դրամ՝ 20.5 մլն դրամով կամ 17.5%-ով ավելին, քան նախորդ տարվա նույն ամիսներին։
Հարկերի ծավալով ապահովագրական ընկերություններից վերջինը «Արմենիա Ինշուրանս»-ն է։ Ի տարբերություն մյուս հինգ ընկերությունների՝ «Արմենիա Ինշուրանս»-ն այս տարի նվազեցրել է հարկերը։ Անկումը՝ 34 մլն դրամ կամ 20.3%: Ընկերության հարկերը հունվար-սեպտեմբերին կազմել են 134 մլն դրամ։ Իսկ խոշորների ցանկում «Արմենիա Ինշուրանս»-ը 664-րդն է։
Ըստ Պետական եկամուտների կոմիտերի տվյալների
Հաշվեգրված ապահովագրավճարներն աճել են
Ըստ Կենտրոնական բանկի՝ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում հայաստանյան ապահովագրական ընկերությունների ակտիվները աճել են 0.8%-ով և կազմել 47.0 մլրդ դրամ, պարտավորությունները աճել են 1.3%-ով` կազմելով 27.5 մլրդ դրամ, իսկ ընդհանուր կապիտալը մնացել է անփոփոխ՝ 19.5 մլրդ դրամ: Նշենք, որ ԿԲ-ն դեռևս չի հրապարակել երրորդ եռամսյակի տվյալները։
Այս ընթացքում Հայաստանի ֆինանսական համակարգում ապահովագրական ընկերությունների մասնաբաժինը մնացել է անփոփոխ՝ կազմելով ֆինանսական համակարգի ակտիվների 1%-ը:
Իսկ ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող հիմնական ցուցանիշը` հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը, այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 5.8%-ով` կազմելով 17.2 մլրդ դրամ (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ընթացքում նշված ցուցանիշի աճը՝ 1.5%):
Ապահովագրական ընկերությունների ակտիվությունը բնութագրող մյուս ցուցանիշը` ապահովագրավճարներ/ՀՆԱ հարաբերակցությունը, կազմել է 0.66%` աճելով 0.01 տոկոսային կետով:
Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ապահովագրավճարների ցուցանիշը կազմել է 11 433 դրամ (տարեկանացված)` 2016 թ. 11 070 դրամի փոխարեն:
Ով ինչ կշիռ ունի ԱՊՊԱ-ում
Հայաստանում ապահովագրական ընկերությունների ապահովագրավճարների կեսից ավելին գոյանում է ԱՊՊԱ ոլորտից (ավտոտրանսպորտային միջոցների պատասխանատվության պարտադիր ապահովագրություն)։
Ինչպես տեղեկանում ենք Ավտոապահովագրողների բյուրոյից, այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը հանրապետությունում կազմել է 482 855։ Այսինքն ՝ ապահովագրված է այդքան ավտոմեքենա։
Նշված մեքենաների 26%-ն ապահովագրված է «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ում։ «Ինգո Արմենիա»-ի կշիռը՝ 22% է, «Նաիրի Ինշուրանս»-ի կշիռը՝ 20%:
Ըստ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի
-
Որքան հարկ են վճարել բանկերն այս տարվա առաջին ինն ամիսներին. հարկերի փոփոխությունը
-
Բջջային կապի շուկայում անկումը խորանում է, հարկերը՝ նվազում
Մեկնաբանել