
Պաշտպան Ա. Պապիկյան. «Փաստորեն, 2 ինքնաձիգ էր պակասում զանգվածային անկարգություն ծրագրելու համար»
A4 չափի թուղթ՝ վրան գրված նախագիծ, վանդակավոր տետրի թուղթ՝ հեռախոսահամարներով, ցուցակ, 58 անձանց անուններով դիմումներ՝ «Շուշիի առանձնակի գումարտակ» ՀԿ-ին անդամագրվելու համար, քաղաքացիական անհնազանդության կոչեր, տեսանյութեր, որտեղ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Գարեգին Չուգասզյանը խոսում է Վոլոդյա Ավետիսյանի, Շանթ Հարությունյանի և մյուսների, Վարդան Պետրոսյանի դատավարությունների մասին, «Սիրելի հայրենակիցներ» արտահայտությամբ սկսվող թռուցիկներ. արդեն 3-րդ նիստն է «Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների» գործով դատախազները հերթով ընթերցում են մեղադրանքի կողմի ապացույցները: Եվ այսպես՝ 32 հատոր:
Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ու ևս 6 անձինք մեղադրվում են մի խումբ անձանցով, նախնական համաձայնությամբ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստման մեջ: Ըստ մեղադրանքի` դա պետք է ուղեկցվեր շենք-շինությունների զավթմամբ, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով: Եվ այս ամենը, ըստ մեղադրանքի, պետք է կատարվեր 2 ինքնաձիգով ու 120 փամփուշտներով: Պաշտպան Արայիկ Պապիկյանի դիտարկմամբ, «փաստորեն, 2 ինքնաձիգ էր պակասում զանգվածային անկարգություն ծրագրելու համար»։
Սակայն, պաշտպանական կողմը նկատում է՝ մեղադրանքը շինծու է, նպատակը՝ քաղաքական ընդդիմադիր ուժի մեկուսացումը քաղաքական գործունեության դաշտից:
Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը |
Ապացույցների հետազոտման ընթացքում այսօր հաճախ հնչում էր ամբաստանյալներից Հովհաննես Պետրոսյանի անունը: Օրինակ՝ գաղտնալսվել էին հենց Հովհաննես Պետրոսյանի և Սմբատ Գալոյանի զրույցները։ Ըստ այդ զրույցների, պետք է գրավեին հեռուստաաշտարակը, «արտիլերիա պիտի աշխատեր», «միլիցեքի կեսը պիտի անցներ ժողովրդի կողմը», «ստուդիայից պիտի խփեին»։ «Եվ այս ամենը, ըստ մեղադրանքի, պիտի կատարվեր հայտնաբերված 2 ինքնաձիգո՞վ»,-հռետորական հարց է տալիս պաշտպաններից Արայիկ Պապիկյանը։
Սմբատ Գալոյանն այն անձն է, որի նկատմամբ նախաքննական մարմինը բարեհաճ է գտնվել։ Մնացած ամբաստանյալները կալանավորված են ավելի քան մեկուկես տարի, իսկ նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը։
Հիշեցնենք՝ 2016 թ. մայիսի 20-ին Ծիծեռնակաբերդի խճուղում Հովհաննես Պետրոսյանի ու Հրայր Թոփչյանի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից հետո ոստիկանները ավտոմեքենայից հայտնաբերել էին ԱԿ-74 տեսակի երկու ինքնաձիգ՝ 120 փամփուշտներով:
«Հետքի» հետ զրույցում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը կասկած հայտնեց, որ Սմբատ Գալոյանը գործակալ է, «իսկ ԱԱԾ-ն իր գործակալներին չի դավաճանում»։ Ըստ պաշտպանի` դա է, թերևս, պատճառը, որ Սմբատ Գալոյանն ազատության մեջ է։
Պաշտպան Պապիկյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ քննիչը 13 հեռախոսահամարի վերծանումներ է ստացել, բայց ցանկում ներկայացվել է 16 հեռախոսահամար։
Այսօրվա նիստում 3 րոպեով դատական նիստին մասնակցեց նաև «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից Գևորգ Սաֆարյանը։ Նախորդ նիստին նա հեռացվել էր 4 ժամով, այս նիստին ևս հեռացվեց 4 ժամով։ Պատճառը նույնն է՝ Գևորգ Սաֆարյանը նստած է դիմում դատավոր Տաթևիկ Գրիգորյանին։ Այս անգամ նա պահանջում էր ապահովել իր պաշտպանի ներկայությունը. «Ինձ կանչում եք նիստին, իսկ ինչո՞ւ չեք ապահովում պաշտպանիս ներկայությունը»։
Մեկնաբանել