Ռուսաստանը «ուժեղ ձեռքի» կարիք ունի. սա է Պուտինի հաջողության գրավականը
Հարցազրույց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի հետ
- Պարոն Կարապետյան, ըստ Ձեզ' որքանո՞վ էին կանխատեսելի Ռուսաստանում հետընտրական զարգացումները:
- Այն, ինչ կատարվեց Ռուսաստանում, նախևառաջ ուշագրավ է ոչ այնքան նրանով, որ կեղծիքներ եղան, այլ որ դրանք ֆիքսվեցին, և հանրությունն էլ նման հետևողականությամբ իր բողոքն է արտահայտում այդ կապակցությամբ: Առաջին անգամ Ռուսաստանում իշխող կուսակցությունը գահավիժեց, իսկ հաղթեցին ձախ ուժերը, ինչը վկայությունն է այն բանի, որ երկրում հանրությունը դեպի «ձախ» հակվելու տրամադրություններ ունի:
- Շատերի կարծիքով' դեկտեմբերի 10-ի խորհրդարանական ընտրություններն ու դրա արձագանքները նվազեցրին Պուտինի քաղաքական վարկանիշը, և նրա' հեշտությամբ նախագահ դառնալու կանխատեսումը մեծապես հարցականի տակ դրվեց: Համամի՞տ եք այդ կարծիքին:
- Համամիտ չեմ, որ Պուտինի վարկանիշը ընկել է այդ ընտրություններով, սակայն պարզ է մի բան. նրա համար շատ դժվար է լինելու: Նա շատ բարդ ճանապարհ է ընտրել' Եվրասիական միություն ստեղծելու ջատագովը դառնալով, սակայն քաջ գիտակցում է, որ եթե այդ հարցում հաջողության չհասնի, կկորցնի երկիրը: Եվ հետո, ես կարծում եմ, որ եթե խոսվում է կորստի մասին, ապա կորցրել է ոչ թե Պուտինը, այլ «Եդինայա Ռոսիան», քանի որ Պուտինը հիմա ավելի շատ հարում է «Միասնական ազգային ճակատին», որում ընդգրկված է նաև «Եդինայա Ռոսիան»:
- Ինչպե՞ս են վերաբերվում այդ միության ստեղծմանը Արևմուտքում. ի վերջո, դա բազմաբևեռ աշխարհի դրսևորումներից մեկը կդառնա:
- Թե՛ ԱՄՆ-ը, թե՛ նրա գործընկերները վախեցած են նոր միության ստեղծումից: Եվ այն, ինչ տեղի ունեցավ օրերս Ղազախստանում, երբ բողոքավորների ու իրավապահ մարմինների բախման արդյունքում մարդիկ զոհվեցին, այդ «վախի» արդյունք էր, այսինքն' ամերիկյան միջամտության արդյունք: Վստահ եմ, որ շուտով նման իրադարձություններ կծավալվեն Բելառուսում. այսինքն' բոլոր այն տեղերում, որտեղ այդ միությունը կայանալու նշաններ է ցույց տալիս, ԱՄՆ-ը «հիշեցնում է իր մասին»:
- Հայաստանում է՞լ են նման բաներ սպասվում. ի վերջո, խոսակցություններ կան, որ գուցեև մենք էլ անդամակցենք այդ միությանը:
- Ես չէի ասի, թե մեր իշխանությունները պատրաստակամ են միությանն անդամակցելուն: Բանն այն է, որ մենք վաղուց որդեգրել ենք մի քաղաքականություն, ըստ որի «մենք ամենուր ենք և ոչ մի տեղ»: Սա կոմպլեմենտարության արտահայտման ամենապրիմիտիվ ձևն է, իսկ մենք էլ, նման քաղաքականություն վարելով, ոչինչ չենք շահում: Հույս ունեմ, որ շուտով կհասկանան, թե ինչ փակուղի է տանում այդ քաղաքականությունը:
- Վերադառնանք Ռուսաստանին. ինչպե՞ս եք վերաբերվում մյուս երեք հիմնական ուժերի' կոմունիստների, ՌԼԴԿ-ի և «Սպրավեդլիվայա Ռոսիայի» միավորման հավանականությանը:
- Ես դա անհավանական եմ համարում, քանի որ այս երեք կուսակցությունները միանգամայն տարբեր քաղաքական պլատֆորմներ և գաղափարախոսություն ունեն, իսկ նման իրավիճակում նրանց միավորումը բացառվում է:
- Ըստ Ձեզ' առաջիկա նախագահական ընտրություններն ի՞նչ սցենարով կընթանան:
- Առավել հավանական սցենարը, որը ես կգնահատեի մոտ 70%, այն է, որ Պուտինը առաջին փուլով կընտրվի, իսկ եթե կտրուկ սրացումներ լինեն, դա կհանգեցնի երկրորդ փուլի, որում կհայտնվեն Պուտինն ու Զյուգանովը: Ամերիկայի համար դա, իհարկե, ամենաբարդ ու անցանկալի սցենարը կլինի, քանի որ որքան էլ Պուտինին չցանկանան, կոմունիստ առաջնորդին առավել ևս դեմ կլինեն: Ամեն դեպքում, Պուտինի վարկանիշը անհամեմատելի է մյուս թեկնածուների հետ այն պարզ պատճառով, որ ռուսաստանյան հանրությունը գնալով ավելի շատ է «ուժեղ ձեռքի» կարիք զգում: Իսկ Պուտինն իրենով հենց այդ ուժեղ ղեկավարի մարմնավորումն է: Ուրիշ բան, եթե կոմունիստներն ունենային նման ուժեղ լիդեր, ավելի երիտասարդ ու ընդգծված որակներով, քան Զյուգանովն է. բացառված չէ, որ նրա հետևից գնար Ռուսաստանը:
- Իսկ Հայաստանում է՞լ առկա է այդ «ուժեղ ձեռքի» մորմոքը:
- Անշուշտ: Այստեղ վաղուց զգացել են, որ հետխորհրդային դարաշրջանում հետընթացից բացի ուրիշ ոչ մի բանի չհասան: Լիբերալ արժեքների կրողները այս տարիներին որևէ էական բան չարեցին, որպեսզի մեր հանրության մեծամասնությունը չտառապեր խորհրդային կարոտախտով:
- Այդ դեպքում մեր գործող նախագահը կարո՞ղ է հավակնել «ուժեղ ձեռքի» որակների կրողը լինելուն:
- Ոչ միայն գործող նախագահը, այլև քաղաքական դաշտի առավել զորեղ դեմքերը' նախկին երկու նախագահները, չեն բավարարում այն պահանջները, որ ցանկանում է մեր հանրությունը: Մեզ պետք է նոր ղեկավարին փնտրել երեք նախագահների տիրույթից դուրս, որն առաջին հերթին պետք է ինտելեկտուալ որակների կրող լինի ու նաև' օլիգարխիկ խավին չհարող: Թե ով կլինի այդ նոր որակների կրողը' ներկա պահին դժվար է ասել, սակայն պատմությունը մեզ սովորեցրել է, որ ամենաբեկումնային պահերին մենք միշտ էլ ունեցել ենք խոհեմ քաղաքական ղեկավարներ, որոնք կարողացել են իրավիճակից դուրս գալու ելքեր գտնել: Հաճախ դրանք եղել են դրսից բերվածներ, ինչպիսիք էին Մյասնիկյանը, Հովհաննես Քաջազնունին կամ մեր աշխարհակալ թագավոր Տիգրան Մեծը: Այնպես որ, կարող ենք և դրսում փնտրել այդ նոր ղեկավարին...
ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել