
Կատալոնիայի իշխանությունների լիազորությունները կփոխանցվեն Մադրիդին
Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը նախարարների խորհրդի արտակարգ նիստի ժամանակ հայտարարել է, որ Մադրիդը գործարկել է Սահմանադրության 155-րդ հոդվածը, որպեսզի երկրում վերականգնի լեգիտիմությունը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Կատալոնիայի կառավարությունը և խորհրդարանը կարձակվեն, իսկ մարզում գալիք 6 ամիսների ընթացքում ժամկետից շուտ ընտրություններ կանցկացվեն:
Ռախոյի խոսքով՝ Կատալոնիան չի զրկվի ինքնավարությունից, այլ ընդամենը «կազատվի այն իշխանություններից, ովքեր ինքնավարությունը օրենքից դուրս էին հանել»:
Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը թույլ է տալիս կենտրոնական իշխանություններին ճգնաժամային իրավիճակներում ուղիղ կառավարում մտցնել և որոշ ժամանակով սահմանափակել տարածքային իշխանությունների լիազորությունները: Միևնույն ժամանակ, 155-րդ հոդվածը թույլ չի տալիս մարզին ամբողջովին զրկել ինքնավար կարգավիճակից:
Ընդունված փաստաթուղթը կառավարությունը կփոխանցի սենատին, որն այս հարցով վերջնական որոշում կկայացնի:
Իսպանիայի իշխանությունները անօրինական են համարում հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացված անկախության հանրաքվեն, որին մասնակիցների 90%-ը կողմ էր քվեարկել: Հանրաքվեն ուղեկցվել էր իրավապահ մարմինների ձեռնարկած կոշտ միջոցներով:
Կատալոնիայի ղեկավար Կարլես Պուչդեմոնը և ինքնավարության մյուս առաջնորդները անկախության հռչակագիր էին ընդունել, սակայն այնուհետև կասեցրել էին այն, որպեսզի երկխոսություն սկսեն կենտրոնական իշխանությունների հետ:
Մադրիդը, սակայն, պնդում էր, որ Պուչդեմոնը հստակեցնի՝ Կատալոնիայում անկախություն հռչակվե՞լ է, թե՞ ոչ:
Լուսանկարը՝ AFP / Juan Carlos Hidalgo
Մեկնաբանել