
Կիևում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել բարեփոխումներ պահանջող ցուցարարների դեմ
Ուկրաինացի ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել Կիևում երկրի խորհրդարանի շենքի մոտ հավաքված ցուցարարների դեմ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով УНИАН գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ իրավապահները փորձել են գրոհել այն հատվածը, որտեղ ցուցարարները վրաններ են տեղադրել: Ոստիկանների կիրառած արցունքաբեր գազից տուժել է նաև պատգամավոր, «Սամոպոմոշ» կուսակցության ներկայացուցիչ Եգոր Սոբոլևը:
«Գազով թունավորում են, ոտքերով հարվածում են ծնկներին, փորձում են դուրս հանել մարդկանց: Ղեկավարները թաքնվում են թիկունքում՝ չբացատրելով, թե ով է տվել հրամանը և թե որ օրենքի շրջանակներում են նրանք գործում»,- գրել է պատգամավորը իր ֆեյսբուքյան էջում: Ոստիկանությունը չի հերքում, որ արցունքաբեր գազ է կիրառել, սակայն նշում է, որ դրանք եզակի բնույթ են կրել:
РИА Новости-ի հաղորդմամբ՝ ոստիկանները և Ազգային գվարդիայի ներկայացուցիչները ցանկապատ են տեղադրել Գրուշեվսկի, Շելկովիչնայա և Լիպսկայա կենտրոնոկան փողոցներում: Ոստիկանները ոչ ոքի չեն թույլատրում մոտենալ վրաններին՝ չներկայացնելով պատճառները: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցուցարարների և ոստիկանների միջև ծեծկռտուքը սկսվել է այն ժամանակ, երբ իրավապահները փորձել են վերադարձնել պաշտպանական վահանները, որոնք ցուցարարները նախօրեին խլել էին ոստիկաններից:
Լուսանկարը՝ РИА Новости/Стрингер
Ավելի վաղ Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ իրավապահ մարիմնները չեն խոչընդոտի բողոքի ակցիաների անցկացմանը: Դատախազի խոսքերով՝ ոստիկանները պարտավորվում են ապահովել ցուցարարների անվտանգությունը:
Ռադայի շենքի մոտ «Միխոմայդան» անունը ստացած բողոքի ակցիան սկսվել է հոկտեմբերի 17-ին: Երկրի ազգայնական կուսակցությունների՝ «Ազգային կորպուս»-ի, «Ազատության», ինչպես նաև Միխաիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի շարժման», «Բատկիվշինա»-ի, «Սամոպոմոշ»-ի և այլ տարբեր հասարակական կազմակերպությունների դրոշներով մի քանի հազար ցուցարարներ պահանջում են չեղարկել պատգամավորների անձեռնմխելիությունը, փոխել ընտրական օրենսգիրքը և ստեղծել հակակոռուպցիոն դատարան: Ինչպես հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սահակաշվիլին, ով գլխավորում է բողոքի ակցիան, եթե իրենց պահանջները չկատարվեն, ապա կսկսեն պահանջել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրաժարականը: Վերջինս պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպել ցույցի կազմակերպիչներից մեկին՝ պատգամավոր Մուստաֆա Նայեմին, ով նախկինում «Պորոշենկոյի դաշինք» խմբակցության անդամ էր:
Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները վրաններ են տեղադրել խորհրդարանի հարևանությամբ՝ հայտնելով, որ չեն հեռանա այդտեղից մինչև չկատարվեն իրենց պահանջները: Ուկրաինայի Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ քաշքշուկների հետևանքով կա 5 տուժած, որոնցից 3-ը ցուցարար, իսկ 2-ը իրավապահ մարմինների ներկայացուցիչ:
Գլխավոր լուսանկարը՝ Reuters/Valentyn Ogirenko
Մեկնաբանել