Նժդեհի հրապարակում սպանվածի հարազատների բողոքը դատարանը մերժել է
2011 թ. դեկտեմբերի 20-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Երևանի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի կողմից Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացված որոշման դեմ ներկայացված բողոքը:
Դատական նիստը նախագահում էր դատավոր Հ. Տեր-Ադամյանը, նիստին մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Վ. Մուրադյանը և բողոքաբեր Սերգեյ Ենգիբարյանն ու բողոքաբերների ներկայացուցիչ, փաստաբան Է. Մարուքյանը:
Դատաքննության ընթացքում դատախազը հայտնել է, որ ավազակային հարձակումների հետ կապված քրեական գործը, որը քննվում էր Ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում, դատախազի կողմից հաստատվել է և կարճվել:
Այս որոշումը բողոքաբերների փաստաբանը և Արման Ենգիբարյանի հարազատները չեն ստացել:
Դատական նիստի ընթացում փաստաբան Է. Մարուքյանը պնդել է, որ քննությունը արդյունավետ չի ընթացել և կրկին անգամ խախտվում է հարազատների իրավունքները: Փաստաբանը պատրաստվում է այդ որոշումը նույնպես վիճարկել դատարանում:
Հիշեցնենք, որ երկու քրեական գործ է միաժամանակ ընթացել, առաջինը սպանության գործն էր, որը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է, իսկ երկրորդը՝ ոստիկանության վարույթում գտնվող ավազակային հարձակումներ կատարելու գործն է:
Փաստաբան Է. Մարուքյանը նշում է, որ երկու դեպքում էլ իրենք չեն կարողացել մասնակից դառնալ քննությունների ընթացքին, և նույնիսկ որոշումները չեն տրամադրվել: Սա ևս մեկ անգամ փաստում է այն հանգամանքը, որ խախտվում է զոհի հարազատների իրավունքները:
Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Բեկթաշյանը մերժել է հունիսի 15-ին Երևանի մետրոյի «Գարեգին Նժդեհ հրապարակ» կայարանի մուտքի մոտ ոստիկանի արձակած կրակոցից սպանված Արման Ենգիբարյանի հարազատների ներկայացուցիչ, փաստաբան Էդմոն Մարուքյանի բողոքն ընդդեմ ՀՀ հատուկ քննչական ծառայության, որը մերժել էր քրեական գործի հարուցումը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել