«Հայացք». Ռուսաստանն արդեն ուրիշ է
Ու հաղթանակը պյուռոսյան ստացվեց
Կարծում է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը
- Ի տարբերություն նախորդների՝ այս ընտրություններից 2 շաբաթից ավելի ժամանակ է անցել, բայց Ռուսաստանում կրքերը չեն հանդարտվում: Ինչ-որ բա՞ն է փոխվել այդ երկրում:
- Անկասկած: Այն փոփոխությունները, որ աշխարհով մեկ են կատարվում, կատարվում են նաև Ռուսաստանում: Ագահ մարդու աշխարհն ավարտվում է: Այդ փիլիսոփայությունը պետք է դուրս մղվի կյանքից, բայց դա հանգիստ ձևով չի լինում:
- Այսինքն՝ սա հասարակության ներսում տեղի ունեցողի՞ արդյունք է և ոչ թե քաղաքական գործընթացների:
- Հիմքը ավելի խորքային է: Ռուս մարդն ունի երկու հիմնարար գիծ՝ նա նյութապաշտ չէ, կենդանի հոգու աշխարհ է փնտրում, գաղափարի աշխարհ է փնտրում: Երկրորդ՝ պրոգրեսիվ է՝ մշտապես փնտրում է գիտության, կրթության զարգացման ճանապարհը՝ տարբերվելով, ասենք, իսլամի աշխարհի որոշ հատվածներից, որոնք փորձում են կոնսերվացնել ժամանակը: Սակայն ՌԴ-ն պարբերաբար շեղվում է ուղուց: Հենց շեղվում է, լինում է այն, ինչ հիմա է տեղի ունենում՝ ընկնում է ցնցումների մեջ:
- Այսինքն՝ բողոքի ցույցերը և այլն Ձեր ասածի գիտակցումի՞ց կամ թեկուզ չգիտակցված, բայց այդ մղումների՞ց են գալիս:
- Անկասկած: Գիտակցումը շատ ավելի դժվար գործընթաց է: Ու գիտակցման կետերն էլ ավելի քիչ են երևում: Նաև՝ քաղաքական դաշտում չի երևում դրա խորքային գիտակցումը: Բայց միայն գիտակցումն է, որ կբերի նոր որակի անցման: Ու հնարավոր կլինի անցումը անցնցում կատարել: Որովհետև ցնցումները մեծագույն դժբախտություն են պարունակում ոչ միայն Ռուսաստանի, այլև ողջ աշխարհի ու հատկապես մեզ համար:
- Ինչո՞ւ:
- Ռուսաստանը միակ պետությունն է ԱՄՆ-ից բացի, որ կարող է ողջ մոլորակը ոչնչացնել: Բացի դրանից, Ռուսաստանն այսօր նաև համաշխարհային բալանսի ամենակարևոր գործոնն է ըստ էության: Նյութապաշտ աշխարհի հանդեպ իր մերժողական դիրքով նա կազմում է բալանսի շատ կարևոր մասը: Արտաքին դրսևորումները, որ տեսնում ենք՝ այդ երկրի ղեկավարությունը այս կամ այն հարցում չի համաձայնում, քաշքշուկ է ստեղծվում և այլն, չնայած տեղի են ունենում նյութապաշտ աշխարհի օրենքներով, որովհետև դա է իշխողը, բայց խորքում ընդվզում են նյութապաշտության դեմ:
Թվում է՝ Ռուսաստանը նույն նյութապաշտ համակարգն է, նրա իշխանական էլիտան գրեթե ամբողջովին այդ համակարգում է, բայց նյութապաշտության կենտրոնների դեմ այդ ընդվզումները պայմանավորված են ոչ այնքան նյութապաշտ պրագմատիզմով: Հիմնական պատճառը շատ ավելի խորքային է՝ նրանք տուրք են տալիս ընդհանուր հասարակական մթնոլորտին, որն այդ սպասումն ունի:
- Ասացիք՝ այդ ամենը կարող է ազդել շատ երկրների, նաև մեզ վրա: Մեզանում ազդեցության որակն ու չափը ինչպիսի՞ն կարող են լինել:
- Ուղղակի հսկայական: Դա մեզ համար կարող է ճակատագրական դեր խաղալ, ինչպես բազմաթիվ անգամներ պատմության ընթացքում: Այնտեղ կատարվող գործողությունները շատ անգամ ուղիղ ազդում են մեզ վրա: Ազդում են մեր քաղաքական դաշտի, հասարակության վրա: Եվ նմանատիպ գործընթացներ սկսվում են նաև մեզ մոտ: Խորքային իմաստով հետևյալն է: Ռուսաստանը մեր անվտանգության երաշխավորն է: Թե՛ նեղ, թե՛ ռեգիոնալ, թե՛ գլոբալ իմաստով Հայաստանը նրա պաշտպանական համակարգի մեջ է մտնում: Բայց դա միակը չէ: Հոգևոր-քաղաքակրթական բալանսի իմաստով մեզանում հիմա բախումներ են տեղի ունենում: Ռուսական շունչը մեզ վրա էլ է ազդում: Ռուսաստանն օգնում է Հայաստանի ոչ նյութապաշտ հատվածին պահպանել ոչ նյութապաշտության շունչը: Հակառակ դեպքում նյութապաշտության գործոնը մեզ էլ լրիվ կոչնչացնի:
- Առաջիկայում մեզ մոտ էլ են խորհրդարանական ընտրություններ: Հնարավո՞ր է, որ անհնազանդությունը, ոչ նյութապաշտ հատվածի ընդզումը տեսանելի լինեն:
- Անկասկած: Մեր գաղափարական հատվածը խոսելու է գաղափարական Ռուսաստանի հետ: Երկու իմաստով է խոսելու: Նախ՝ որովհետև սպասում է առաջացել, Ռուսաստանում կարող է գիտակցված որոշում ընդունվել ոչ նյութապաշտ համակարգերի մասին: Ապա՝ զուտ քաղաքական դաշտում առաջանալու են կոնկրետ երևույթներ, որոնք հենված են լինելու խորքայինի վրա:
- Ռուսաստանի ընդդիմությունը իշխանություններին մինչև դեկտեմբերի 24-ը ժամկետ է տվել: Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կլինի:
- Զարգացումները բարդ են լինելու: Որովհետև իմ նշած որակը մաքուր ձևով կրողը չկա: Ե՛վ ընդդիմությունում, և՛ իշխանությունում հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ: Երկիրը գտնվում է նոր որակների փնտրտուքի մեջ: Եթե նոր որակը չգտնվեց, ուրեմն հին կանոններով բախումնային զարգացում է լինելու: Ռուսաստանը բախումների հետևանքով կա՛մ կդառնա շատ ավելի կարծր կեցվածքով պետություն, կա՛մ կհայտնվի երկարատև ցնցումների մեջ: Բայց մեծ հույս կա, որ մյուս Ռուսաստանն ի հայտ կգա:
- Իսկ ովքե՞ր են լինելու այդ փնտրտուքն իրականացնողները:
- Ինչպես մեզ մոտ, այնտեղ էլ կուսակցությունները գործում են շահի դաշտում: Բայց այնտեղ կա Կոմկուսը, որը սկզբունքորեն այլևս նախկինը չէ: Այս Կոմկուսում շատ ավելի ուժեղ է նյութապաշտության պահը: Բայց քանի որ հենց իրենք հասկանում են, որ դա այն չէ, մյուս կողմից էլ սոցիալիստական գաղափարախոսության սաղմերը մեջները կա, կարող են առաջանալ տարբեր ընդվզումներ, որոնք ուղղված են սոցիալիզմի նոր խմբագրությանը: Սա, անկասկած, գաղափարական լուրջ փնտրտուք է: Երկրորդ՝ ուղղակի սխալ կլինի ազգային ավանդույթների վրա կառուցվող տարրը փնտրել քաղաքական դաշտում, չնայած կան կուսակցություններ, որոնք, սակայն, շատ ցածր որակ ունեն: Բայց, օրինակ, դրա դրսևորումն էր Իվաշովը, որին չգրանցեցին: Իվաշովը տեսնում է այդ նոր փիլիսոփայությունը և փորձում է դրա մասին խոսել:
- Խորհրդարանական ընտրությունները դեռ կարգին չավարտված, սկսվել է նախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրումը: Վերջինը հապճեպ գործընթա՞ց է, եթե այո՝ ինչո՞վ է պայմանավորված:
- Ընտրությունները հատուկ էին դրված իրար հետևից. կհաղթենք խորհրդարանում, հաղթարշավը կշարունակենք դեպի նախագահական: Դա նպատակ ուներ երկրում երկար լարում թույլ չտալ: Բայց խնդիր առաջացավ: Հաղթանակը պյուռոսյան ստացվեց: Պարզվեց, որ Ռուսաստանն արդեն ուրիշ է և այդ տիպի հաղթանակ չի գրանցում: Հիմա խնդիրն այլ կերպ է դրված՝ ունե՞ս ուրիշ հաղթաթուղթ: Եթե չունես՝ ժամանակավրեպ ես: Ուրեմն կա՛մ պետք է ուժով պահես եղածը, կա՛մ պետք է հեռանաս: Կամ էլ՝ եթե ունես, հանիր, դիր, նոր հաղթանակ տար՝ նոր որակով:
Արփի Սահակյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել