
53 մլն դրամ՝ ԱԺ պետական պահպանության ծառայության զորանոցի և շենքի ջեռուցման համակարգի նորոգման համար
Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող պետական պահպանության ծառայության զորանոցի և շենքի ջեռուցման համակարգի ընթացիկ նորոգման համար Կառավարությունը իր պահուստային ֆոնդից 53 մլիոն դրամ կհատկացնի:
Գործադիրը այսօրվա նիստում ընդունեց գումարի հատկացման որոշման նախագիծը՝ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի առաջարկով։
Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, վթարային իրավիճակում է գտնվում նաև Ազգային ժողովի շենքի ջեռուցման համակարգը, որը ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխատակազմի բնականոն գործունեությունը։
Հատկացված 53 մլն դրամից 31 մլն-ով կիրականացվի պետական պահպանության ծառայության զորանոցի դռների, պատուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկերի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, իսկ 22 մլն դրամով կնորոգվի Ազգային ժողովի ընդհանուր կաթսայատունը, կոյուղու գծերը, ջերմային հանգույցները, կիրականացվի վարչական շենքի և նոր մասնաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում:
Մեկնաբանել