«Հայացք». Բաքուն չգիտի՝ ինչ անել «Գաբալայի» կայանի հետ
Ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին ամիսների ընթացքում սրման ակնհայտ միտում ունեն: Դա պայմանավորված է հիմնականում Բաքվի էներգետիկ քաղաքականությամբ: Բաքու-Անկարա վերջին պայմանավորվածությունները ադրբեջանական գազի արտահանման շուրջ աննկատ չանցան Մոսկվայի համար:
Սակայն Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին ներել այդ «չարաճճիությունը», եթե Բաքուն Մոսկվային երաշխիքներ տա երկու հարցում՝ օրակարգից հանել Ադրբեջան-Թուրքմենստան (Տրանսկասպյան) ստորջրյա գազամուղի կառուցման հարցը, որը հարվածում է Մոսկվայի դիրքերին Եվրոպական էներգետիկ շուկայում, և լուծել «Գաբալայի» ռադիոլոկացիոն կայանի հետագա շահագործման խնդիրը:
Եվ եթե Տրանսկասպյան գազամուղի նախագիծը դեռ կախված է օդում, ու դրան կարելի է ավելի ուշ անդրադառնալ, ապա «Գաբալան» ավելի քան օրակարգային է: Ռուսաստանը դեռ 1982-ին կառուցված «Դարյալ» մոդելի այս կայանը շահագործում է նաև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո՝ 2002 թ. պայմանագրի համաձայն տարեկան վճարելով 7 մլն դոլար: Պայմանագրի ժամկետը լրանում է 2012 թ. դեկտեմբերին, ու չնայած Ռուսաստանը Արմավիրում ունի ավելի ժամանակակից կայան, սակայն մտադիր է շարունակել նաև Գաբալայի շահագործումը, ավելին՝ մոդեռնացնելով այն:
Մի քանի օր առաջ այդ հարցի լուծման նպատակով Ադրբեջան ժամանեց ՌԴ պաշտպանության փոխնախարար Ա. Անտոնովի գլխավորած պատվիրակությունը: Մոսկվան առաջարկում է Բաքվին նույն վարձավճարով շարունակել կայանի վարձակալումը, բայց նոր «նրբերանգներով», որոնք իրականում շատ էական են: Խնդիրն այն է, որ «Գաբալայի» կայանն այսօր Ադրբեջանի սեփականությունն է, որը Ռուսաստանը միայն վարձակալում է:
Այժմ Մոսկվայի առաջարկած մոդեռնացումը կամ վերակառուցումը նախատեսում է նոր տեխնոլոգիայով մոդուլային կայանի տեղակայում՝ հինը գործնականում ամբողջությամբ քանդելու դիմաց: Սակայն ԹՏՐՏվպՋ-կկ կարգի նոր մոդուլային կայանն արդեն դառնալու է Ռուսաստանի սեփականությունը՝ տեղակայված վարձակալված ադրբեջանական տարածքի վրա, մինչև 2025 թվականը:
Սա նշանակում է, որ ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը կարող է քանդել իր սեփականությունը հանդիսացող կայանը և տեղափոխել այլ վայր, ինչը մոդուլային կայանների պարագայում միանգամայն հնարավոր է: Բնականաբար կա նաև հարցի աշխարհաքաղաքական կողմը: Եթե Բաքուն համաձայնում է Մոսկվայի պայմաններին, դա նշանակում է, որ Ռուսաստանը շարունակելու է հսկել Միջերկրական ծովի արևելյան հատվածից մինչև Ֆիլիպիններ ընկած տարածքը:
Այսինքն՝ նաև Ադրբեջանի դաշնակիցներ Թուրքիային և Պակիստանին: ԹՏՐՏվպՋ-կկ կարգի կայանները անդրհորիզոնային դիտարկման անհամեմատ ավելի լայն հնարավորություններ ունեն, քան Գաբալայում այսօր գործող «Դարյալ» մոդելի կայանը:
Պատահական չէ, որ պաշտոնական Անկարան անհանգստացած է «Գաբալայի» շուրջ ներկայիս բանակցություններով և իր անհանգստությունը հայտնել է Բաքվին՝ Թուրքիայի գլխավոր շտաբի գլոբալ ռազմական պլանավորման վարչության պետ, գեներալ Մեհմետ Ալպմանի Ադրբեջան կատարած այցի շրջանակներում:
Թուրքական կողմը համարում է, որ ռուսական նախաձեռնությունը ոչ այլ ինչ է, քան կոնկրետ և համարժեք պատասխան ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայման նախաձեռնությանը, որի բաղադրիչներից է Մալաթիայում տեղակայվելիք ռադիոլոկացիոն ռադարը:
Ադրբեջանական կողմը Մոսկվայի առաջարկներին առայժմ վերջնական պատասխան չի տվել: Բաքուն չի թաքցնում, որ հակված էր մի քանի անգամ բարձրացնել «Գաբալայի» կայանի վարձակալության արժեքը՝ թերևս այն հույսով, որ Մոսկվան պարզապես կհրաժարվի շարունակել վարձակալումը, և դրանով հարցն ինքնաբերաբար կփակվի:
Սակայն «Գաբալայի» մոդեռնացման առաջարկությամբ Մոսկվան, փաստորեն, պատին է սեղմել Բաքվին, որովհետև Ադրբեջանի մերժումը կարող է դիտարկվել իբրև ոչ լոյալ պահվածք Ռուսաստանի ռազմավարական հետաքրքրությունների նկատմամբ: «Գաբալան» մինչ օրս եղել է Բաքվի նկատմամբ կոշտ քայլերից Մոսկվային հետ պահող գործոններից մեկը:
Ադրբեջանի մերժումը կնշանակի այդ գործոնի չեզոքացում, և Մոսկվան «համապատասխան հետևություններ» կանի այդ քայլից: Իսկ այդ «հետևությունների» ցանկը բավականին մեծ է և չի սահմանափակվելու, ասենք, Հայաստանի նկատմամբ ավելի ընդգծված դրական վերաբերմունքով:
Ի վերջո, Ռուսաստանում 3 միլիոնից ավելի ադրբեջանցիներ են ապրում: Եթե Տաջիկստանում երկու ռուս օդաչուի դատապարտման դիմաց Ռուսաստանը իր տարածքից արտաքսեց հազարավոր տաջիկների՝ հաշվի չառնելով ոչ Տաջիկստանում տեղակայված ռուսական բազայի հանգամանքը, ոչ էլ երկրի ՀԱՊԿ անդամ լինելը, ոչինչ չի խանգարելու նույնը անել Ադրբեջանի նկատմամբ: Ինչպես տաջիկների արտաքսման օրերին նշել էր «Քաղաքական կոնյունկտուրայի կենտրոնի» տնօրեն, փորձագետ Ս. Միխեևը, միգրացիոն քաղաքականությունը նույնպես արտաքին քաղաքականության բաղադրիչ է:
Վահան Վարդանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել