«Հայացք». Ըմբոստությունը խորանալու միտում ունի
Մի քանի օր առաջ լեզգիների, ավարների, թալիշների և ռութուլների հասարակական կառույցների ներկայացուցիչներն ու մտավորականները համատեղ հայտարարությամբ կոչ ուղղեցին Ադրբեջանում բնակվող իրենց հայրենակիցներին՝ պայքարել Բաքվի ուծացնող քաղաքականության դեմ և հատկապես հրաժարվել զինակոչի ենթակա իրենց զավակներին ուղարկել ադրբեջանական բանակի՝ ղարաբաղյան շփման գծում տեղակայված զորամասեր:
Քանի որ հայտարարությունը ստորագրել էին Ռուսաստանում և Իրանում բնակվող այս ազգերի ներկայացուցիչները, բնական ենթադրություն առաջացավ, որ կոշտ ձևակերպումներ ունեցող այդ հայտարարությունից անմասն չեն պաշտոնական Մոսկվան և Թեհրանը: Եվ ահա երեկ արձանագրվեց ադրբեջանաբնակ թալիշների ըմբոստության նոր դրսևորում՝ ընդդեմ, այսպես կոչված, Կովկասի մահմեդականներին ղեկավարող կառույցի, որը գլխավորում է Ալլաշուքյուր Փաշազադեն: Լենքորանի մահմեդական թալիշների համայնքի ներկայացուցիչները նամակով դիմել են վերջինիս և առաջարկել լուծարել Կովկասի մահմեդականների վարչությունը:
«Մեր բոլոր դիմումները Ձեզ՝ Լենքորանի հավատացյալ համայնքի անտանելի պայմանների մասին, մեզ հանդիպելու և խնդիրները լուծելու առաջարկները մնացին անպատասխան: Մենք այլևս չենք հավատում ո՛չ Ձեզ, ոչ էլ Կովկասի մահմեդականների վարչությանը: Այդ կառույցը ցարիզմի և խորհրդային շրջանի մնացուկ է, որի իրավասությունները սահմանափակվում են միայն Ադրբեջանով: Նրա սահմաններից դուրս, բացի Դերբենտում և Խասավյուրտում գտնվող մեկական մզկիթից, ոչ ոք չի ճանաչում և ընդունում Կովկասի մահմեդականների վարչությունը և Ձեր լիազորությունները:
Եթե կարևոր պաշտոն զբաղեցնելով՝ չեք կարողանում պաշտպանել հավատացյալների շահերը, հանդես չեք գալիս որպես միջնորդ նրանց և պետության միջև, այլ նպաստում եք անջրպետի խորացմանը, ապա Լենքորանի հավատացյալ համայնքը նպատահարմար է համարում Ձեր գլխավորած կառույցի լուծարումը և Ձեր հրաժարականը»: Նամակի հեղինակները նշում են, որ Փաշազադեն ոչինչ չի անում, երբ Ադրբեջանի իշխանություններն արգելում են մահմեդական ավանդական տոների, կրոնական կարգով թաղումների անցկացումը և անգամ մզկիթներ են քանդում:
Սա, անշուշտ, կրոնական քողի տակ ազգային ընդվզման փայլուն օրինակ է: Հարկ է նշել, որ թալիշները, ինչպես Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը, շիա դավանանքի մահմեդականներ են: Սակայն 1990-ականների կեսից թալիշական ազգային շարժումը հստակ կողմորոշված է դեպի Իրան, ուր ապրում է այս ժողովրդի ավելի ծանրակշիռ հատվածը: Հետևաբար՝ թալիշները գործնականում իրենց հոգևոր առաջնորդ են համարում Ալի Խամենեիին, ոչ թե Փաշազադեին: Հազարավոր թալիշ դեռահասներ Ադրբեջանից արդեն տարիներ շարունակ հոգևոր կրթություն ստանալու են մեկնում Իրան:
Այսպիսով Փաշազադեի դեմ Լենքորանի համայնքի հայտարարությունը պետք է դիտարկել Ադրբեջանի ներքին ապակայունացման վերաբերյալ Իրանի վերջին զգուշացուների շարքում: Դա անշուշտ պայմանավորված է նաև պաշտոնական Բաքվի կողմից իրանական ադրբեջանցիների հիմնախնդրի մշտական շահարկմամբ:
Թեհրանը հասկացնում է Բաքվին, որ անհրաժեշտության դեպքում ինքը ոչ պակաս արդյունավետ լծակներ ունի հակազդելու: Սակայն եթե նկատի ունենանք, որ Լենքորանի թալիշների դժգոհությունը զուգահեռվում է լեզգիական և ավարական փոքրամասնությունների ավելի քան հիմնավոր պահանջներին, Ադրբեջանում ներքին պայթյունի հավանականությունը միանգամայն իրական է դառնում: Մանավանդ եթե Մոսկվան և Թեհրանը համատեղ ուժերով «հասունացնեն» այն:
Վահան Վարդանյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել