HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Նա գնացել է մարտի դաշտ` «սպառելու մարդկանց օգնելու իր երազանքը»

«Մենք շատ քիչ էինք: Ես տղաների հետ հավասար, ավտոմատը ձեռքիս, գիշերը պոստ եմ կանգնել: Եղել է, որ ես մենակ եմ եղել գիշերով: Ամեն մեկիս պոստերը իրարից 100-200 մ հեռու էին: Էն ժամանակ, երբ շարժումը նոր էր սկսվել, էդ ձեւի խրամատներ չկային. սարի գլխին էինք կանգնում: Ես հիշում եմ էդ օրերը, երբ ներշնչվում ես, ամեն մի շշուկից ասում ես՝ ոնց որ հետեւիցդ մարդ գա: Բայց մարդ չէր գալիս, դու ներշնչվում էիր քամու ձայնից: Բայց էդ բոլորը ակնթարթային ես մտածում, պահի տակ»,- երբ Արցախյան պատերազմի բուժքույր Անահիտ Վարդանյանը գիշերը մենակ հսկում էր դիրքերը, նրան ադրբեջանցիներից մի ձորակ էր բաժանում:

Մարտերի ժամանակ Անահիտը գրեթե միշտ եղել է առաջին գծում, այնտեղ է բուժօգնություն ցույց տվել վիրավոր ազատամարտիկներին: Երբեմն նրան ուրիշ գծից են ռացիայով կանչել, եւ Անահիտը ռմբակոծության տակ սարից սար է վազել դեպի վիրավորը, հաճախ ականապատված դաշտով է վազել: Նա առաջին բուժօգնություն էր ցուցաբերում վիրավոր ազատամարտիկներն եւ նրանց ուղարկում ավելի ապահով վայր: Եթե ազատամարտիկը չէր վերադառնում կռվի դաշտ, Անահիտը չէր իմանում՝ փրկվե՞լ է, թե՞ ոչ: «Հետո՝ 4 տարի, 5 տարի, 10 տարի հետո, ասենք, Եռաբլուրում տվյալ մարդուն հանդիպել եմ, ուրախացել եմ, որ ողջ է մնացել»,- ասում է Անահիտը:

Պատերազմի ժամանակ Անահիտը նաեւ փամփուշտներ է կրել, առաջին գծից հանել զոհվածների աճյունները, կապ ապահովել, Ֆիզուլու ազատագրման օպերացիայից առաջ շտապօգնության մեքենան քշել Հադրութ, քանի որ վարորդը եւս վիրավոր էր: Անահիտը մի անգամ ձեռքի ափով տաքացրել ու փակել է զոհված ազատամարտիկի՝ բաց մնացած աչքերը: Նա նաեւ կռվել է թշնամու դեմ, թեեւ դրա համար քիչ ժամանակ է ունեցել:

«Գնացել եմ, որ ինչ հանդիպի, նա էլ անեմ, ասեցի՝ թեկուզ մի հոգու էլ օգնեմ, մեծ աշխատանք է: Մտածեցի՝ ումի՞ց եմ պակաս: Ես ինքս Ղարաբաղը քարտեզի վրա չեմ ճանաչել, բայց Ղարաբաղում քար ու թուփ չի մնացել, որ չեմ քնել վրան: Ես ընկերուհի ունեմ զոհված. Գեւորգյան Կարինեն 93 թ.-ին զոհվեց պատերազմում: Բացի դրանից՝ ես սովորել եմ, սեր ունեի բժշկության նկատմամբ, բա որտե՞ղ պիտի սպառեի իմ օգնությունը, իմ երազանքը»,- ասում է Անահիտը:

Անահիտ Վարդանյանը ծնվել է 1959 թ. Երեւանում: 1978 թ. ավարտել է Երեւանի թիվ 30 դպրոցը: Նույն տարում ընդունվել է Երեւանի առեւտրի տեխնիկումը, որն ավարտելուց հետո աշխատել է որպես գանձապահ: Անահիտի մանկության երազանքը բժիշկ դառնալն էր, որը միայն մասամբ է իրականացել. փոքր տարիքից նա բուժքույրական գործ է սովորել: Նրա առաջին ուսուցչուհին ու խորհրդատուն եղել է Հայրենական մեծ պատերազմի հայտնի բժշկուհի Ռուզաննա Լալայանը, ում տանը Անահիտը հաճախ էր լինում: Մինչ օրս նա պահում է կարմիր խաչով այն բժշկական պայուսակը, որը Ռուզաննա Լալայանն է նվիրել: Հետո Անահիտը բուժքույրական դասընթացների է մասնակցել:

«Բայց ի՞նչ գիտեի, որ 15 տարի հետո Արցախի պատերազմ կլինի, ու ես կգնամ պատերազմ»,- ասում է Անահիտը: Նա 30 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց: Ամեն օր հանրահավաքների է մասնակցել: 1991-92 թթ. Անահիտը եղել է Երասխավանի դիրքերում: Իսկ 92-ից գնացել է Արցախ եւ ամիսներով չի վերադարձել տուն, վերադառնալիս էլ միայն մեկ օր է մնացել տանը: Այդ ժամանակ Անահիտի աղջիկը 5 տարեկան էր, տղան՝ 14:

«Երեխաներիս թողել եմ մամայիս մոտ ու գնացել եմ սահման: Մտածել եմ, որ ոնց էլ լինի, մայրս երեխեքիս կպահի, կարեւորը սահմանն է: Ես կռվի դաշտում իմ երեխեքի մասին չեմ մտածել, հավատո՞ւմ եք: Երբ գիշերը մութը տալիս է (դե, հիմնականում երեկոյան՝ 12-ից հետո, դադար է, հարձակումը սկսվում է առավոտ՝ ժամը 4-ին), էդ 4 ժամվա մեջ, երբ պարապ եմ մնացել, ասել եմ՝ տեսնես երեխեքս ի՞նչ են անում, տեսնես պատկերացում ունի՞ մայրս, թե ուր եմ»,- ասում է Անահիտը: Նա մոր խնայողություններով փամփուշտ է գնել եւ մորից թաքցրել, որ պատերազմի դաշտ է գնում:

Անահիտ Վարդանյանը 1992-94 թթ. մասնակցել է տասնյակ բնակավայրերի ազատագրման մարտերի Մարտակերտի շրջանում, Քաշաթաղում, Կովսականում, Քարվաճառում, Հադրութում, Մարտունիում:

«92 թ.-ին էր, Վաղուհասում: Էդ ժամանակ ձորակի հրամանատարը Ամարասի Արթուրն էր, Գռադ Ժորան էր: Շատ ջահել տղաներ մահացան, համարյա ամբողջ Վաղուհաս գյուղի կեսը մահացավ: Ռմբակոծումը շատ էր: Գյուղը բարձր լեռնային էր, ազատագրումը շատ դժվար եղավ»,- հիշում է Անահիտը:

Նա ասում է, որ պատերազմի ժամանակ ամենից շատ վախեցել է թշնամուն գերի ընկնելուց: Անահիտը կոնտուզիա է ստացել, 2 անգամ վիրավորվել է, բայց բուժվելու համար Երեւան չի վերադարձել եւ մարտի դաշտում է ապաքինվել: Ռմբակոծությունների պատճառով նրա ճակատին քարի փոքր բեկորներ են եղել, որոնք Անահիտն ինքն է հանել, ասում է՝ մանր-մունր բաներ են:

«Դա արդեն ճակատագիր է, էլի: Թուրքերը մտել էին Չլդրանի անտառ: Դրանց «ճտճտիկներն» էին աշխատում (էն ժամանակ խլացուցիչ ավտոմատներ կային, որ ճտճտում էին հեռվից, «ճտճտիկ» էինք ասում), ես տեսա սեւ ֆորմայով թուրքերին: Էդ ժամանակ ես Արթիկի տղաների հետ էի: Գեղազնիկի տղերքն էլ էին՝ Չավուշի (նա արդեն զոհվել էր), ի~նչ լավ տղաներ էին: Արթիկի տղաներին օգնություն ցույց տալու ժամանակ ես թաքնվում էի հաստաբուն ծառերի ետեւը, վիրավորին քաշում էի ծառի տակ: Մի հատ ուժեղ հարված ստացա մեջքիս, պառկեցի, գոռացի. «Ես վիրավոր եմ»: Էդ պահին Վասիլը (Արթիկից էր) ասեց. «Էս ի՞նչ եղար»: Լսում եմ ձայները, բոլորը խառնվել են իրար: Ձեռքս տարա ետեւս, տեսա՝ բան չկա: Կրակել էին, ճյուղը ընկել էր մեջքիս, պարզապես վախից ինձ թվաց, թե ես մեջքից վիրավորվեցի»,- պատմում է բուժքույրը:

Պատերազմի ժամանակ տղամարդ ազատամարտիկները նրան խնայում էին՝ հաշվի առնելով, որ կին է, ասում էին, որ վտանգավոր տեղեր չգնա, բայց Անահիտը, միեւնույն է, գնում էր: Հրամանատար Մուշեղ Բաբայանը (Ջերմուկի Համո) Անահիտին բազմիցս մեղադրել է, որ «տեղը չի մնում», բայց հետո, երբ տեսել է, որ տղաները քիչ են, հրամանատարն ինքն է կանչել Անահիտին, որ օգնի:

«Մեծարում, սրբություն կար, հացը կիսել կար: Հիմա՝ էս խաղաղ պայմաններում, ինձ ոչ ոք չի նեղացնում, պարզապես ես երբ նայում եմ, ահավոր տարբերություն կա: Մեր ազգը մոռացել է էն ցավ ու վիշտը, արհամարհանք կա հիմա մեկը մյուսի նկատմամբ: Կռվի դաշտում չկար լավ տղա, վատ տղա, հարուստ, աղքատ: Բոլորը մի նպատակ ունեին՝ հաղթել թշնամուն, ընկերոջը պաշտպանել, հողը պահպանելու պատերազմ էր, իսկ հիմա կլինի պարտադրված պատերազմ. իր հարստության համար մեծը չի գա»,- ասում է Անահիտը:

Նրա խոսքերով՝ հայերը թվով մի քանի անգամ գերազանցող թշնամուն կարողացան հաղթել նվիրվածության շնորհիվ: Անահիտ Վարդանյանը ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով, ՀՀ նախագահի կողմից՝ «Մարտական ծառայություն» մեդալով, ինչպես նաեւ ԼՂՀ «Մայրական երախտագիտություն» մեդալով, «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով եւ այլն:

Բուժքույր-ազատամարտիկի ամենամեծ ցանկությունը չզորացրվելն է

Պատերազմի ավարտից հետո մինչեւ 99 թ.-ը Անահիտը դարձյալ որպես բուժքույր ծառայել է Արցախի առաջին պաշտպանական դիրքերում: 2000 թ.-ից նա որպես բուժքույր ծառայում է Թալինում՝ Հակաօդային պաշտպանության զորքերում, ավագ ենթասպա է: Անահիտն ասում է, որ հայերը հարգում են զինվորական համազգեստը, եւ մեքենաների վարորդները, տեսնելով Անահիտի համազգեստը, անվճար են նրան Թալին հասցնում: Իսկ եթե ուշ ժամ է կամ տագնապ, Անահիտը վճարում է, որ շտապ ծառայության վայր հասնի:

Պատերազմի ավարտից միայն 14 տարի անց՝ 2008 թ., Անահիտը բնակարան է ստացել, որտեղ այժմ ապրում է որդին՝ ընտանիքով: Անահիտն ամեն անգամ բնակարանի դուռը բացել-փակելիս մաղթում է, որ մյուս ազատամարտիկներն էլ վերջապես բնակարան եւ աշխատանք ունենան: Անահիտն ապրում է մոր, աղջկա եւ թոռնիկի, նաեւ որդու ընտանիքի հետ:

Անահիտը 50 տարեկան է: Նոյեմբերին նա պետք է թոշակի գնա, բայց նրա ամենամեծ ցանկությունն այն է, որ չզորացրվի, մեկ տարի էլ ծառայի: «Ես չեմ ուզում գնալ թոշակի, ուզում եմ ծառայել. դեռ եռանդս տեղն է, կհիվանդանամ, եթե նստեմ տանը: Ամեն օր զինվոր է դիմում, վիրակապում եմ, օգնում եմ: Շատ էլ տարիքով եմ, ես ջահելից շատ գործ կարող եմ անել»,- ասում է բուժքույրը:

Եթե վաղն էլ պատերազմը վերսկսվի, Անահիտը նորից կգնա: «Թեկուզ մի հատ արյուն կանգնացնեմ, թեկուզ ինչ գործ էլ անեմ, գործ չի՞: Եթե ես բուժքույր եմ, գիտեմ, որ մեկի մատից փուշ կարող եմ հանել, նստեմ տանը ի՞նչ անեմ: Բա ո՞նց չեմ գնա»,- ասում է Անահիտը:

1-ին լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter