Թբիլիսի. արդյունաբերական քաղաքային օազիսից մինչեւ աուտենտիկ վինտաժ
Լիլիթ Միդոյան
«Յուրաքանչյուր հյուր ուղարկված է Աստծո կողմից»
Վրացական ասացվածք
Վրաստանը շարունակում է մնալ հանգստի կազմակերպման ամենապահանջված ուղղություններից մեկը Հայաստանի քաղաքացիների համար։ Հանգիստը հիմնականում կազմակերպվում է ամռանը՝ ծովափնյա շրջաններում եւ մայրաքաղաք Թբիլիսիում, չնայած որ՝ վրացական լեռներն արդիական են նաեւ արշավների, իսկ ձմռանը՝ դահուկասահքի համար։
Հոդվածում կներկայացնենք տեղեկություններ, որոնք անհրաժեշտ է իմանալ մինչեւ Թբիլիսի հասնելը, ինչպես նաեւ՝ ուղեցույց թբիլիսյան ժամանցի հնարավոր տարբերակների եւ վայրերի մասին։
Թբիլիսի հնարավոր է հասնել ինչպես Երեւանի կենտրոնական ավտոկայանից՝ միկրոավտոբուսով կամ ավտոբուսով, ուղեւորության ժամանակը կազմում է 5-6 ժամ, այնպես էլ՝ գնացքով, որը մեկնում է զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնում է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին, ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:
Ամեն դեպքում՝ կա նաեւ տաքսիով Թբիլիսի հասնելու հնարավորություն։ Շահավետ գին է առաջարկում, օրինակ, GGtaxi-ին՝ 27.000 դրամ։ Բացի այդ՝ խորհուրդ ենք տալիս օգտվել նաեւ ֆեյսբուքյան «Նստեք՝ Գնանք» խմբից, որն ի սկզբանե ստեղծվել էր անվճար ուղեւորափոխադրումներ կազմակերպելու համար, սակայն ժամանակի ընթացքում դարձավ անվերահսկելի։ Խմբում հնարավոր է ինչպես տեղադրել տեղեկություն մեկնելու եւ ունեցած ազատ տեղերի մասին, այնպես էլ՝ գրել Ձեզ հարմար օրվա եւ ժամի մասին ու սպասել արձագանքի։
Վրաստան մուտք գործելիս ավելի շահավետ է ունենալ դոլար. Հայաստանում փոխարկել դրամը դոլարի եւ արդեն Վրաստանում փոխարկել դոլարը լարիի: Մոտավոր հաշվարկ՝ 100 000 դրամ – 207 դոլար - 492 լարի: Տարադրամի փոխանակման կետեր կարող եք գտնել Թբիլիսիի գրեթե յուրաքանչյուր անկյունում, որտեղ ընդունվում են տարբեր արտարժույթներ, այդ թվում՝ ՀՀ դրամ։ Խորհուրդ է տրվում փոխանակման կետի պատուհանից ճշտել փոխարժեքը եւ համոզվել, որ միջնորդավճար չի գանձվում: Ամեն դեպքում՝ վերցրեք Ձեզ հետ նաեւ այնպիսի բանկային քարտ, որից հնարավոր է ինչպես կանխիկացնել, այնպես էլ՝ կատարել անկանխիկ վճարումներ։
Եթե ուզում եք միշտ կապի մեջ լինել, կարող եք ձեռք բերել քարտ Magti-ից։ Վճարելով ընդամենը 30 լարի՝ ձեռք եք բերում անսահմանափակ ինտերնետ, անսահմանափակ զանգեր եւ նամակներ 15 օրերի ընթացքում։ Կարող եք օգտվել նաեւ HelloSIM հայկական ստարտափից։ Վճարելով 7500 դրամ՝ քարտը թույլ է տալիս այլ երկիր մեկնելիս օգտվել 1 ԳԲ ինտերնետից, ինչպես նաեւ զանգեր կատարելու եւ SMS ուղարկելու ծառայություններից՝ անհամեմատ էժան գնով ու առանց հնարավոր բոլոր խնդիրներին առնչվելու։
Փողոցային տաքսիներից օգտվելիս փորձեք սակարկել նրանց հետ՝ իմանալով, որ մինիմալ գումարը 4 լարին է (~800 դ.)` 3 կմ-ի համար։ Ի դեպ՝ կարող եք օգտվել նաեւ ggGeorgia-ից, որը հասանելի է ինչպես Թբիլիսիում, այնպես էլ՝ Բաթումիում եւ Քութայիսում։
Մտածում եք` որտե՞ղ մնալ։ Տարբերակները բազմազան են։ Ճիշտ կլինի նախապես պլանավորել հանգիստը եւ փնտրել Ձեզ հարմար բնակարան, հյուրանոց, հյուրատուն, հոսթել` նախապես ամրագրելով այն (շատ դեպքերում ամրագրումն անվճար է)։ Եթե հանգստանում եք ընկերներով, կարող եք բնակարաններ/տներ փնտրել Airbnb-ից։ Կախված նախասիրություններից՝ կարող եք գտնել հին թբիլիսյան ոճով կահավորված բնակարաններ, թբիլիսյան բակերում, ինչպես նաեւ՝ հնարավորինս մոդեռն դիզայնով բնակարաններ։
Եթե փնտրում եք նոր ծանոթություններ, ուզում եք շփվել զբոսաշրջիկների հետ, ճանաչել աշխարհայացքներ, կարող եք օգտվել հոսթելային հանգստից՝ ամրագրելով մահճակալ Hostelworld կայքում։ Վերջերս բացված Fabrika-ն ներկայումս ամենահայտնին է հոսթելներից, որը հարմար է նաեւ հյուրանոցային հանգիստ նախընտրողների համար։ Ֆաբրիկան սովետական ժամանակահատվածի չօգտագործվող գործարանային տարածքից վերածվել է երիտասարդության միավորման, տուրիզմի զարգացման եւ գաղափարների գեներացման կատարյալ հարթակի՝ իր մեջ ունենալով խանութներ, քովորքինգ տարածք, բար, միջոցառումների անցկացման տաղավար։

Ինչ վերաբերում է հյուրանոցային հանգստին, Թբիլիսիում կարող եք գտնել աշխարհում հայտնի գրեթե բոլոր հյուրանոցային ցանցերի մեջ ընդգրկված հյուրանոցները, բայց եթե ուզում եք ծանոթանալ վրացական հյուրընկալությանը եւ արդյունաբերական շքեղությանը, Rooms հյուրանոցը Ձեզ համար է։ Թբիլիսիի սրտում գտնվող այս օազիսը, որը նախկինում հրատարակչության շենք է եղել, վերածվել է նյույորքյան եւ վրացական յուրօրինակ խառնուրդի։ Հնի ու նորի այս թարմացնող համադրությունը ցույց է տալիս, որ սպասարկման ոլորտից վրացիները լավ են հասկանում։ Ամեն դեպքում՝ եթե նույնիսկ չստացվի մնալ Rooms-ում, փորձեք նախաճաշել այնտեղ կամ երեկոյան խմել, լսել հաճելի երաժշտություն բուսածածկ բարում։
![]() |
![]() |
Գիշերային կյանքը Թբիլիսիում եռում է։ Վրաստանը խոստանում է դառնալ աշխարհի էլեկտրոնային կենտրոններից մեկը։ Էլեկտրոնային երաժշտությունն այնտեղ զարգացած է ինչպես փառատոնների, այնպես էլ՝ underground ժամանցի տեսքով։ Թիֆլիսում ակումբային կյանքը նորություն չէ: Նույնիսկ 90-ականների ծանր շրջանում, երբ երկիրը արյունալի քաղաքացիական պատերազմի մեջ էր, գիշերային կյանքը կար, երիտասարդները պարում էին:
Էլեկտրոնայինի սիրահարների մոտ ներկայումս մեծ ճանաչում ունի Bassiani-ին, որը հարթակ է ինչպես վրաց, այնպես էլ՝ արտասահմանյան DJ-ների համար։ Այն հիմնականում տեխնո ոճի սիրահարների համար է։ Այն Թբիլիսիի ամենամեծ ակումբներից է, որը կարևոր դեր է խաղացել Թբիլիսիի՝ Արեւելյան Եվրոպայում գիշերային կյանքի էպիկենտրոնի ստեղծման գործում։ Բասիանի տոմս գնելու համար պետք է անպայման գնել այն օնլայն՝ լրացնելով անձնական տվյալները. ամեն դեպքում՝ արվում է խիստ facecontrol: Բայց դա չի բացառում, որ այնտեղ կարող եք հանդիպել ամենատարբեր մարդկանց՝ բեռլինյան կոպիտ, ամբողջովին սեւ կաշվից հագուստով, Գոշա Ռուբչինսկիական ոճով ոգեշնչված երիտասարդների, զբոսաշրջիկների, որոնց միավորում է երաժշտությունը։

Մծմինդայի հարեւանությամբ գտնվող Cafe Gallery-ն գիշերային կյանքի հաջորդ գոհարներից է։ Այստեղ նույնպես էլեկտրոնային երաժշտություն է։ Փոքր պարահրապարակում չես կարող տարբերել ազգություններ, մասնագիտություններ։ Սա ոչ աշխատանքային օրերն առանց քնելու անցկացնելու հնաոճ թբիլիսյան սենյակ է։

Art-Cafe Home-ը եռահարկ «տուն» է, որտեղ տարբեր սենյակներում հնչում է տարբեր երաժշտություն` տարբեր DJ-ներով, իսկ վերնամասում, որտեղ գունեղ լույսերով պատշգամբն է, բացվում է շլացուցիչ տեսարան դեպի Թբիլիսի։

Khidi - Սա techno երկրպագուների համար «ամենակոշտ» տարբերակն է: Վերջերս բացված Khdid-ն շատ տեղացիների ուշադրության կենտրոնում է, ովքեր նախընտրում են մութ ու ինտիմ մթնոլորտ` կոշտ երաժշտություն լսելու համար։ Ամեն դեպքում՝ գնալիս հաշվի առեք, որ այն շատ լոկալ եւ փակ համայնք ունեցող ակումբ է։

Եթե փոփ երաժշտության սիրահար եք, կարող եք փորձել Եվրոպայի հրապարակում գտնվող Nine ակումբը:
Թբիլիսին իդեալական է նաեւ գիշերային ոչ ակտիվ հանգստի սիրահարների համար, այն հագեցած է հնաոճ սրճարաններով եւ ռեստորաններով եւ իհարկե՝ գինով եւ ուտելիքով։ Մյուս հոդվածում կներկայացնենք մեր նախընտրած սրճարաններից մի քանիսը։
լուսանկարը` freetour.com
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանել