
Լևոն Արոնյանը հաղթեց Grand Chess Tour-ի 4-րդ մրցափուլում
ԱՄՆ-ի Սենտ Լյուիս քաղաքում ավարտվեց Grand Chess Tour-ի 4-րդ մրցափուլը, որին մասնակցում էր 10 գրոսմայստեր, այդ թվում՝ հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
4-րդ մրցափուլը կազմված էր արագ և կայծակնային շախմատի մրցաշարերից: Օգոստոսի 17-ին հայտնի էր դարձել, որ արագ շախմատի մրցաշարում հաղթանակ է տարել Լևոն Արոնյանը: Երեկ ուշ գիշերը ավարտվեցին նաև կայծակնային շախմատի պարտիաները: Հայ գրոսմայստերը կայծակնային շախմատում՝ 18 հնարավորից վաստակեց 12.5 միավոր: Ընդհանուր առմամբ, երկու մրցաշարերի արդյունքում վաստակելով 24.5 միավոր՝ Լևոն Արոնյանը դարձավ Grand Chess Tour-ի 4-րդ մրցափուլի հաղթող: Հարկ է նշել, որ 2-3-րդ հորիզոնականը կիսած Սերգեյ Կարյակինին և Հիկարու Նակամուրային Արոնյանը գերազանցեց 3 միավորով:
Կայծակնային շախմատի մրցաշարում 34-ամյա շախմատիստը տարավ 9 հաղթանակ, խաղաց 7 ոչ-ոքի և կրեց ընդամենը երկու պարտություն: Մրցաշարում տարած հաղթանակի շնորհիվ՝ Արոնյանը կվաստակի 37.5 հազար դոլար:
Grand Chess Tour-ի 4-րդ մրցափուլին մասնակցում էր նաև աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը, ով ներկայացնում էր Ռուսաստանը: Հայկական արմատներով շախմատիստը կայծակնային շախմատի մրցաշարում 18 հնարավորից վաստակեց 9 միավոր՝ տանելով 3 հաղթանակ, խաղալով 10 ոչ-ոքի և կրելով 5 պարտություն: Արդյունքում, 54-ամյա շախմատիստը 16 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստերը այս տարվա ընթացքում հաղթել էր նաև դասական շախմատի երկու սուպերմրցաշարերում. ապրիլին` Բադեն-Բադենում կայացած «GRENKE Chess Classic»-ում, իսկ հունիսին՝ Ստավանգերի «Norway Chess» մրցաշարում:
Լևոն Արոնյանը սեպտեմբերի 2-27-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարում իրենց ուժերը կփորձեն նաև Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը և գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը:
Լուսանկարը՝ grandchesstour.org-ի
Մեկնաբանել