Իրավունքները դատապարտյալների համար չեն
Սոնա Տռուզյան
Լրագրողների միջազգային կենտրոնի նախաձեռնությամբ իրավական թեմաներով գրող 10 հայ լրագրողներ 2004 թվականի հունվարի 18-ից մինչեւ փետրվարի 14-ը Ամերիկայի Միացյալ Նահանգներում էին՝ ծանոթանալու ամերիկյան հետաքննող, իրավական թեմաներով գրող լրագրողների փորձին։
Ծրագրի շրջանակներում, ամերիկյան ժուռնալիստիկայում մեծ ավանդ ունեցող ամերիկացի լրագրողների հետ հանդիպումներից բացի, հայ լրագրողները հնարավորություն ունեցան նաեւ թղթակցել ամերիկյան զանգվածային լրատվության միջոցներին։ Նրանց թվում՝ նաեւ սույն տողերի հեղինակը՝ շուրջ երկու շաբաթ թղթակցելով ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Richmond Times-Dispatch թերթում։ Դա հնարավորություն տվեց ծանոթանալ ոչ միայն լրագրողների փորձին, այլ նաեւ Ամերիկյայի՝ տվյալ պարագայում Վիրջինա նահանգի, դատական համակարգին, կալանավորված եւ ձերբակալված անձանց, ինչպես նաեւ դատապարտյալների համար կալանավայրերում ստեղծված պայմաններին, իրավունքներին, ոստիկանության աշխատանքին եւ ընդհանրապես հանցավորության վիճակին։
Richmond Times-Dispatch թերթի խմբագրակազմը ջանքեր չէր խնայել լրագրողիս հետաքրքրությունների շրջանակը բավարարելու համար՝ կազմակերպելով հանդիպումներ ոստիկանատանը, մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, ինչպես նաեւ այցելություններ՝ գաղութներ, մեկուսարաններ եւ դատարաններ։
Մասնավորապես, ամերիկացի գործընկերների շնորհիվ հաջողվեց այցելել նաեւ Վիրջինիա նահանգում գտնվող «Գրենսվիլ» ուղղիչ կենտրոն եւ Հենրիկո շրջանի մեկուսարան՝ ծանոթանալու ամերիկացի կալանավորների եւ դատապարտյալների համար ստեղծված կենցաղային պայմաններին եւ սահմանված իրավունքներին։ Մեր արձանագրած ամերիկյան իրականությունը որեւէ ընդհանրություն չունի հայկական իրականության հետ. ԱՄՆ-ում կալանավորների համար ստեղծված կենցաղային պայմանների մասին այստեղ Հայաստանում կարող են ընդամենը երազել, սակայն իրավունքների առումով նախընտրելի դերում են հայ կալանավորները։
Օրինակ, «Գրենսվիլ»-ում, որը համարվում է երրորդ խստության ռեժիմային ուղղիչ կենտրոն, գաղութ էր հիշեցնում ընդամենը իր խցերով, որոնցից յուրաքանչյուրի ընդհանուր մակերեսը 8x13 ֆունտ է։ Ամեն խցում պահվում է երկու կալանավոր։ Անկողնու սպիտակեղենը փոխվում է շաբաթը երկու անգամ, իսկ լողանալու հնարավորություն կալանավորներին տրվում է ամեն օր։ Հեռախոսից նույնպես կարող են օգտվել ամեն օր, որքան կամենան, բայց նախապես պետք է ադմինիստրացիային տեղյակ պահեն, թե ում են զանգահարում, քանզի զանգելու իրավունք տրվում է միայն այն դեպքում, երբ զանգ ընդունողը տալիս է իր համաձայնությունը՝ պարտավորվելով վճարել զանգի համար։
Դատապարտյալները գաղութի ներսում դասակարգված են երեք խմբի.
1. առանց սպանության, բռնությունների եւ հրազենի գործադրման կատարված հանցագործություններ,
2. հրազենի գործադրմամբ կատարված հանցագործություններ,
3. սպանություններ, բռնություններ։
Խցերում կալանավորները պահվում են ըստ այս դասակարգման։ Նույն խցում չեն կարող պահվել միայն առաջին եւ երրորդ խմբի հանցագործները։ Ընդ որում, սա միակ վերապահումն է, եւ եթե հայտնաբերեք, որ կողք կողքի իրենց պատիժն են կրում առաջին եւ հինգերորդ դատվածություն ունեցող անձինք, ապա զարմանալ պետք չէ, քանզի դա, մասնավորապես, Գրենսվիլի ուղղիչ կենտրոնի համար օրինաչափ երեւույթ է, ավելին՝ արգելված չէ օրենքով։ Համեմատության համար արձանագրենք, որ, օրինակ, Հայաստանում արգելված է, քանզի մեր փորձագետների հավաստմամբ դա հակասում է կալանավայրի՝ ուղղիչ հիմնարկ լինելու տրամաբանությանը։
Ո՛չ իրավունքներին
Վիրջինիայում ընդհանրապես ընդունված չէ խոսել դատապարտյալների իրավունքների, առավել եւս դրանց պաշտպանության մասին։ Ամերիկացի գործընկերների հավաստմամբ, վերջին հարցումների համաձայն, Վիրջինիայի բնակչության մոտ 70 տոկոսը կողմ է մահապատժին եւ դատապարտյալների իրավունքների սահմանափակմանը։ Այստեղ հանցագործության դեմ պայքարը նույնացվում է դատապարտյալների, կալանավորվածների իրավունքների դեմ պայքարի հետ, եւ պաշտոնյաներից պահանջում են համարժեք քայլեր, որպիսիք համարվում են նաեւ իրավունքների սահմանափակմանը միտված օրենսդրական նախաձեռնությունները։ Արձանագրենք, որ այս նահանգի քաղաքական թատերաբեմում հաջողության հասնելու համար դա թերեւս ամենակարեւոր նախապայմաններից մեկն է. այն սենատորը կամ թեկնածուն, որը «կհամարձակվի» կալանավորվածների իրավունքների պաշտպանության հարց բարձրացնել՝ ուղղակի դատապարտված է ձախողման։ Սա է Վիրջինիայի իրականությունը, որը միայն Տեխաս նահանգին է զիջում ի կատար ածող մահապատիժների թվով։ Առաջ ընկնելով ասենք, որ այստեղ մահապատժի դատապարտվածները, մինչեւ դրա իրականացման պահը, զրկված են անգամ լույսի շող տեսնելու իրավունքից։
Բայց նախ անդրադառնանք մյուս դատապարտյալների իրավունքներին եւ միանգամից արձանագրենք, որ մեր այցելության օրերին Վիրջինիայում քննարկվում էր մի հետաքրքիր նախաձեռնություն, ըստ որի՝ դատապարտյալը պետք է վճարի կալանավայրում իր օրապահիկի համար։ Այս առաջարկության հիմքում դրված է հետեւյալ մոտեցումը՝ ինչո՞ւ պետք է հասարակությունը վճարի իր անվտանգության դեմ ոտնձգություն կատարող հանցագործներին կերակրելու համար։ Բայց, մյուս կողմից, կրկնակի տուժածի կարգավիճակում են հայտնվում դատապարտյալների ընտանիքները, որոնց ուսերին փաստորեն պետք է ծանրանա նաեւ այդ ֆինանսական բեռը։
Առավել եւս, երբ գործող օրենքով արդեն հարազատները որոշակի գումար փոխանցում են դատապարտյաների հաշվեհամարներին։ Խնդիրն այն է, որ այնտեղ «հանձնուքներ» հասկացությունը գոյություն չունի, եւ հարազատները կարող են ընդամենը գումար փոխանցել, որպեսզի դատապարտյալը կարողանա իրեն անհրաժեշտ իրերը ձեռք բերել գաղութի խանութից, ընդ որում՝ անհամեմատ ավելի թանկ գներով... Բացի դրանից, նրանք, ըստ էության, զրկված են իրենց հարազատների հետ տեսակցելու իրավունքից, քանզի դրանք տեղի են ունենում ապակե միջնապատի առկայության պայմաններում եւ միմյանց կարողանում են լսել հեռախոսի միջոցով։ Ինչ վերաբերում է երկարաժամկետ տեսակցություններին, ինչը, օրինակ, հայ կալանավորներին թույլ է տալիս 2 ամիսը մեկ, 3 օր ժամանակով հյուրընկալել իր մերձավորին եւ նրա հետ մնալ կալանավայրի կողմից առանձնացված հատուկ սենյակում, կամ կարճաժամկետ, երկարաժամկետ մեկնումներին, ապա Վիրջինիայի կալանավորները նման իրավունքներ չունեն եւ այդ մասին երազել անգամ չեն կարող։
Առավել եւս, երբ մաքուր օդ շնչելն անգամ այնտեղ ոչ միշտ է հաջողվում. դա իրականացվում է նախապես մշակված գրաֆիկի միջոցով՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ, ըստ էության, բացօթյա ռեժիմ է սահմանված անգամ մի քանի դատվածություն ունեցող անձանց համար նախատեսված «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկում։
Բացի այդ, Վիրջինիայում կալանավորներին ռադիոընդունիչներով ապահովելը եւս վերջիններիս ընտանիքների հոգսն է, մինչդեռ Հայաստանում դա կալանավայրերի ղեկավարների պարտավորությունն է։
Մեկ օր՝ մինչեւ մահը
Գրենսվիլը այն բանտերից մեկն է, որտեղ ի կատար են ածվում Վիրջինիայի դատական իշխանության կայացրած մահապատժի դատավճիռները։ Մահապատժի դատապարտվածները այս բանտ են տեղափոխվում 5 օր առաջ՝ մինչեւ վճռի իրականացումը։ Նրանց համար առանձնացվել է հատուկ մասնաշենք, որի աշխատակիցների ինքնությունը գաղտնի է հասարակության համար։
Նշված մասնաշենքում կա 3 խուց՝ նախատեսված մահապատժի դատապարտվածների համար, տեսակցության սրահ եւ մահապատժի իրականացման սրահ, որտեղ գտնվում է նաեւ կարմիր հեռախոսը՝ ապահովելու համար նահանգապետի հետ ուղիղ կապը։ Նկատենք, որ վերջինս իրավասու է մինչեւ վերջին պահը փոխել մահապատժի դատավճիռը (մեր զրուցակցի հավաստմամբ՝ 2-3 անգամ այդ հեռախոսը կյանք է պարգեւել)։
Նման ծանր պատժատեսակի դատապարտված անձինք սույն բանտ տեղափոխվելուց անմիջապես հետո ենթարկվում են բուժզննման։ Նպատակը մեկն է՝ ապահովել, որ վերջիններս մահը դիմավորեն առողջ մարմնով։ Իսկ կյանքի վերջին 24 ժամը ամբողջությամբ տեսագրառվում է՝ րոպե առ րոպե, վայրկյան առ վայրկյան։ Վերջին առավոտյան թույլատրվում է համտեսել նախընտրած նախաճաշը, տեսակցել հարազատների հետ՝ առանց ապակե միջնապատի, այսինքն՝ շոշափել նրանց։ Ապա ընտրություն կատարել նաեւ մահվան ձեւի միջեւ. եթե նախկինում մահապատիժն իրականացվում էր բացառապես էլեկտրաշոկի, ապա վերջին տասնամյակում՝ նաեւ ներարկման միջոցով։
Հրավիրվածները մահապատժի իրականացմանը հետեւում են սրահի դիմաց գտնվող դահլիճից։ Ընդ որում, առնվազն 6 վկայի ներկայությունը պարտադիր է վճիռն ի կատար ածելու համար, հակառակ պարագայում այն չի իրականացվի։ Նկատենք, որ մեր զրուցակիցները չհիշեցին որեւէ դեպք, որ վկաների բացակայության պատճառով հետաձգված լիներ մահապատժի իրականացումը։
Ի դեպ, մահապատժին հետեւելու հնարավորություն է ընձեռվում նաեւ տուժողի հարազատներին, որոնց համար առանձնացված է այլ սենյակ, իսկ բուն գործընթացը նրանց նկարագրմամբ ընթանում է նորմալ, առանց էքսցեսների։ «Նրանք արդեն հոգեբանորեն պատրաստված են լինում մահվան, եւ դեռ իրենք են մեզ խրախուսում, ոգեւորում»,- ի պատասխան մեր հարցման՝ ասաց այդ մասնաշենքի պատասխանատուն։ Թե ինչպես կարող է մարդը ոգեւորված լինել իր մահվամբ եւ դեռ խրախուսել իր դահճին՝ մեր զրուցակիցը չբացատրեց, սակայն տեղեկացրեց, որ մինչեւ մահվան սրահ տանելը, դատապարտվածին ներարկում են... Ենթադրում ենք՝ հոգեներգործող դեղ, որն էլ, թերեւս, ուրախ տրամադրության հանելուկի բանալին է։
Ինչ վերաբերում է Հենրիկոյի քննչական մեկուսարանին, ապա այստեղ պայմանները անհամեմատ ավելի մեղմ են. սկզբունքները նույնն են, սակայն պահվում են ոչ թե խցերում, այլեւ հանրակացարանային տիպի սենյակներում։ Մեկուսարանում պահվում են հիմնականում նախնական կալանքի տակ գտնվող անձինք, ինչպես նաեւ, այպես կոչված, փոքր հանցագործությունների համար դատապարտվածները, որոնք դատապարտվել են մինչեւ 2 տարվա ազատազրկման։ Առավել ծանր հանցագործները իրենց պատիժը կրում են ուղղիչ հաստատություններում, որտեղ, ինչպես վերեւում արդեն նշել ենք, դատապարտյալները պահվում են խառը՝ առանց հաշվի առնելու, թե այս կամ այն դատապարտյալը քանի դատվածություն ունի, թմրադեղ օգտագործում է, թե ոչ, սեռական ինչ կողմնորոշում ունի։ Ու թերեւս այս իրողությունն է պատճառը, որ շատերը նախընտրում են պատիժը կրել այստեղ։ Ավելին, Հենրիկոյի քննչական մեկուսարանը պատժի կրման «լավագույն» վայրն է համարվում հատկապես թմրամոլ դատապարտյալների համար, քանզի այստեղ նրանց համար կազմակերպվում են նաեւ խմբակային թրեյնինգներ՝ հնարավորություն տալով բուժվել այդ չարիքից։
Ի դեպ, մեզ հետ զրույցում թրեյնինգին մասնակցող ամերիկացի դատապարտյալները եւս շատ բարձր գնահատեցին բուժման այդ ձեւը, խոստովանելով, որ դա հնարավորություն է տալիս բարձրաձայն խոսել այն դժվարությունների մասին, որոնք խանգարում են իրենց ընտանեկան կյանքին, հասարակության լիարժեք անդամ զգալուն եւ ըստ այդմ ձերբազատվել դրանցից։ Բուժման այս կուրսին, որը տեւում է 6-18 ամիս, դատապարատյալները մասնակցում են կամավոր հիմունքներով. «Մեր գերագույն դատարանը որոշել է, որ «Անանուն ալկոհոլիկները» հավատքի մի տեսակ է, ուստիեւ չենք կարող որեւէ մեկի պարտադրել մասնակցել դրան, քանզի դա կնշանակի պատադրել մարդուն հետեւել ինչ-որ հավատքի»,- մեզ հետ զրույցում նկատեց Հենրիկոյի շերիֆ Միքայել Ուեյդը։
Իսկ սույն թրեյնինգների անհրաժեշտությունն այստեղ ավելի քան արդիական է. մեկուսարանում 2003 թվականի մարտի կազմակերպված հարցումների համաձայն, 74 տոկոսի դատապարտման համար ուղղակի կամ անուղղակի պատճառ են դարձել թմրադեղերըը, իսկ մոտ 92 տոկոսը թմրադեղերը համտեսած է եղել մինչեւ 21 տարեկանը բոլորելը։
Ռիչմոնդ-Երեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել