
Լևոն Արոնյանը՝ Grand Chess Tour-ի արագ շախմատի մրցաշարի հաղթող
ԱՄՆ-ի Սենտ Լյուիս քաղաքում շարունակվում է Grand Chess Tour-ի 4-րդ մրցափուլը, որում արդեն ավարտվել է արագ շախմատի մրցաշարը: 18 հնարավորից վաստակելով 12 միավոր՝ մրցաշարի միանձնյա հաղթող է ճանաչվել հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
34-ամյա շախմատիստը մրցաշարի վճռորոշ փուլում 7-րդ տուրում սև խաղաքարերով պարտության է մատնել ռուս Սերգեյ Կարյակինին, 8-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ, իսկ արագ շախմատի վերջին՝ 9-րդ տուրում սևերով առավելության է հասել կուբացի գրոսմայստեր Լենիեր Դոմինգես Պերեսի նկատմամբ:
Ընդհանուր առմամբ արագ շախմատի ամբողջ մրցաշարի ընթացքում Արոնյանը տարել է 5 հաղթանակ, խաղացել է 2 ոչ-ոքի և կրել է ընդամենը 2 պարտություն:
Մրցաշարին մասնակցում է նաև շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, հայազգի Գարի Կասպարովը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո: Կարիերան վերսկսած 54-ամյա շախմատիստն ամբողջ մրցաշարի ընթացքում տարել է 1 հաղթանակ, խաղացել է 5 ոչ-ոքի և կրել է 3 պարտություն: Արդյունքում, Կասպարովը Դավիդ Նավարայի և Վիշվանաթան Անանդի հետ բաժանել է 8-10-րդ հորիզոնականները:
Այսօր և վաղը կկայանան կայծակնային շախմատի մրցաշարի պարտիաները, որոնց ավարտից հետո էլ հայտնի կդառնա Grand Chess Tour-ի 4-րդ մրցափուլի հաղթողի անունը:
Լուսանկարը՝ Grand Chess Tour-ի Twitter-ի էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել