
Փորձել են շարքից հանել բանան ներկրող ընկերության սառնարանները
Այսօր գիշերը ազոտական թթվի միջոցով փորձել են շարքից հանել գործարար Վահրամ Միրաքյանին պատկանող «Տրոպիկա» ընկերության սառնարանների կոմպրեսորները: Այս մասին գրել է գործարարը իր ֆեյսբուքյան էջում:
Ըստ Միրաքյանի՝ ենթադրյալ հանցագործները շատ լավ իմացել են իրենց գործը և ազոտական թթուն միտումնավոր լցրել են սարքերի կարևոր մասերի վրա: «Հետք»-ի հետ զրույցի ընթացքում Միրաքյանը նշեց, որ իրեն նյութական վնասը այնքան չի հետաքրքրում, որքան երևույթն ընդհանրապես, քանի որ այն կարող է միայն սկիզբը լինել:
Գործարարի ենթադրությամբ՝ այս ամենը իրենց գործունեությունը խոչընդոտելու միտում է ունեցել, և դա արել են այն մարդիկ, ովքեր չեն ցանկանում, որ իրենք բանան ներկրեն: Միրաքյանը դիմել է ոստիկանություն, և փորձաքննիչներն այս պահին աշխատում են դեպքի վայրում:
Հիշեցնենք, որ նախորդ տարեվերջին վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մենաշնորհների մասին հայտնի հայտարարությունից հետո Վահրամ Միրաքյանը որոշեց իր գործընկերներից մեկի հետ բանան ներկրել: Գործարարը նշում է, որ այս ամիսների ընթացքում առանձնապես մեծ խոչընդոտների դեռ չեն հանդիպել:
Հայաստանում բանան ներկրող ամենախոշոր ընկերությունը «Քեթրին գրուպն» է, որն առնչվում է ԴԱՀԿ ծառայության նախկին պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանին: Մինչ վարչապետի հայտարարությունը` «Քեթրին գրուպը» բանանի շուկայում մենաշնորհային դիրք էր զբաղեցնում: Դրանից հետո շուկայում գործունեություն սկսեցին այլ անհատներ ու ընկերություններ ևս:
Ըստ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների՝ 2016 թվականի ընթացքում բանանի ներկրում է իրականացրել 48 ընկերություն և անհատ:
լուսանկարը` Վահրամ Միրաքյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել