
«Սասնա ծռեր»-ի գործով դատավորը չանդրադարձավ ամբաստանյալների տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելանքը հանելու հարցին
ՊՊԾ գնդի գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանն այսօր կայացած դատական նիստն ավարտեց` առանց ամբաստանյալների տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը հանելու հարցին անդրադառնալու:
Դատավոր Գաբրիելյանը նշեց, որ պաշտպանների կողմից ներկայացված այդ միջնորդությանը կանդրադառնա այն ժամանակ, երբ դատավարության բոլոր կողմերը ներկա կլինեն նիստին:
Ապա նման դիրքորոշում հայտնած դատավորը, ով ՊՊԾ գնդի գործով բոլոր նիստերն անց է կացրել պաշտպաններից ոմանց բացակայության պայմաններում, դատավարության կողմերից փորձեց ճշտել, թե արդյոք վերջիններս դատախազների դեմ բացարկի միջնորդություն ունեն:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ուշադրություն հրավիրեց դատավորի կողմից տարբերակված մոտեցում ցուցաբերելու հանգամանքին և նշեց, որ այս հարցը ևս չի կարող առանց դատավարության բոլոր կողմերի ներկայության քննության առարկա դառնալ:
Անդրադառնալով տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքի հարցը քննարկելու վերաբերյալ դատավորի հայտնած դիրքորոշմանը՝ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը նշեց, որ այս հարցին դատավորը կարող է նաև առանց հրապարակային դատական նիստ անցկացնելու անդրադառնալ և որոշում կայացնել:
Ֆանյանը օրինակ բերեց ՊՆ նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների մասնակցությամբ զինված խմբի» գործով դատական նիստը, որտեղ դատավոր Արմեն Բեկթաշյանն իր աշխատասենյակում որոշում է կայացրել վերացնել ամբաստանյալների տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը:
Այսօրվա դատական նիստին դատավոր Գաբրիելյանը դահլիճից հեռացնելու տեսքով սանկցիա կիրառեց դատական նիստին ներկա երկու քաղաքացիների նկատմամբ` հիմք ընդունելով դատական կարգադրիչների` իրեն ներկայացված գրությունն այն մասին, որ քաղաքացիներից մեկը հայհոյել է, իսկ մյուսն «իրեն վատ է պահել»:
Փաստաբան Վարոսյանը դիմելով դատավորին` ասաց, որ մինչ օրս դահլիճում ներկա քաղաքացիների նկատմամբ դատավորի կողմից կիրառված բոլոր սանկցիաներն անօրինական են եղել, քանի որ դատավորը որոշումներ է կայացրել սոսկ կարգադրիչների խոսքը հիմք ընդունելով, այլ ոչ թե անձամբ տեսնելով նրանց պահվածքն ու դրան գնահատական տալով:
Դատական նիստն այսօր ավարտվեց և կշարունակվի երկու շաբաթ անց, քանի որ դատավարության կողմերից ոմանք արդեն իսկ արձակուրդի մեջ են, ոմանք, այդ թվում նաև դատավորը, պատրաստվում են արձակուրդ վերցնել:
Մեկնաբանել