
Շարունակ ընդմիջում անող դատավորը քննարկում է` կողմերին «միասին» արձակուրդ ուղարկելու հարցը
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում «Սասնա ծռեր»-ի վերաբերյալ արտագնա նիստն այսօր` ժամը 11:00-ի մեկնարկից հետո արդեն 3 անգամ ընդմիջվել է:
Առաջին անգամ դատական նիստն ընդմիջվեց, որպեսզի ապահովվի բացակա պաշտպանների ներկայությունը:
Պաշտպաններից Հայկ Ալումյանը, Մուշեղ Շուշանյանը, Արայիկ Պապիկյանն ու Լուսինե Սահակյանը դահիճում չէին: Լուսինե Սահակյանը դատարանին գրությամբ տեղեկացրել էր, որ արձակուրդում է գտնվում, Արայիկ Պապիկյանը տեղյակ էր պահել, որ շուրջ 40 րոպե ուշացմամբ է ներկայանալու, Հայկ Ալումյանը գրություն էր ուղարկել այն մասին, որ մեկ այլ ծանրաբեռնվածություն ունի, իսկ Մուշեղ Շուշանյանը դատարանի դիմաց էր:
Վերջինս Արեգ Կյուրեղյանի շահերն է ներկայացնում դատարանում: Դատական կարգադրիչները հերթական անգամ փորձել էին զննության անվան տակ խուզարկել նրա պայուսակը, և երբ հրաժարվել էր խուզարկության ենթարկել, նիստերի դահլիճ մուտք գործել թույլ չէին տվել:
Հաշվի առնելով վերը նշվածը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանը մեկ անգամ ընդմիջեց նիստը:
«Մի հատ լիֆտ դրե՛ք, վիրավոր մարդիկ ենք»,- բարկացավ Պավլիկ Մանուկյանը:
«Խոշտանգում են»,- շարունակեց ամբաստանյալ Աշոտ Պետրոսյանը:
Վերջիններս, ինչպես նաև ՊՊԾ գնդում վիրավորված Արմեն Լամբարյանը մնացին նիստերի դահլիճում. նրանց դատարանի նկուղ չտարան, մինչև դատական նիստի վերսկսվելը:
Ընդմիջման ժամանակ դատարան եկավ նաև փաստաբան Արայիկ Պապիկյանը, և վերջինս նույնպես նիստերի դահլիճ չմտավ՝ հրաժարվելով խուզարկվել:
Երբ նիստը շարունակվեց, դատավոր Արտուշ Գաբրիելյանն անդրադարձավ ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի պաշտպան Հայկ Ալումյանի բացակայության հանգամանքին, և հետաքրքրվեց, թե արդյոք Բարսեղյանը ցանկանում է այլ պաշտպան ունենալ: Բարսեղյանը, սակայն, հայտարարեց, որ չի հրաժարվում իր պաշտանից և համաձայն է, որպեսզի դատական նիստը շարունակվի նրա բացակայությամբ:
Դատավոր Գաբրիելյանը շարունակեց դատական նիստը: Հաշվի առնելով, որ փաստաբան Լուսինե Սահակյանն արձակուրդ է մեկնել, և, ամենայն հավանականությամբ այլ փաստաբաններ ևս արձակուրդ կմեկնեն, դատավոր Գաբրիելյանն առաջարկեց, որպեսզի այս գործով կողմերը արձակուրդ մեկնեն օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:
«Մենք բազմաթիվ այլ գործեր ևս ունենք, մենք կորոշենք»,- արձագանքեց փաստաբաններից Հրանտ Գևորգյանը:
Ապա դատավորն ընթերցեց Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի վերաբերյալ կազմված արձանագրությունները, որում նրանք նշել էին, որ հնարավորություն չեն ունեցել ներկայանալ նիստերի դահլիճ, քանի որ հրաժարվել են խուզարկվել:
Երբ դատավորը ընթերցում էր արձանագրության մեջ փաստաբանների կողմից արված առարկությունները, մի պահ չէր կողմնորոշվում՝ օգտագործել «զննություն», թե՞ «խուզարկություն» տերմինը:
«Հիմա խուզարկություն է գրված, թե՞ զննություն. ձեր վիճակն էլ վիճակ չէ»,- դատավորին դիմելով` ասաց Պավլիկ Մանուկյանը:
Ապա փաստաբաններից Հրանտ Գևորգյանը հայտնեց, որ Մուշեղ Շուշանյանի մուտքն ամեն անգամ արգելվում է՝ դատարան:
«Բա դուք ինչպե՞ս եք մտում»,- դիմելով Գևորգյանին՝ ասաց դատավոր Գաբրիելյանը:
Գևորգյանը պատասխանեց, որ իրենց պայուսակ ներկայացնելոււ պահանջ չեն ներկայացնում»:
«Այսինքն՝ խտրականությո՞ւն է տեղի ունենում»,- ասաց դատավորն ու ընդմիջեց դատական նիստը ևս 20 րոպեով:
Վերադառնալով հերթական ընդմիջումից` դատավոր Գաբրիելյանը հայտնեց, որ Մուշեղ Շուշանյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ կարգապահական սանկցիա է կիրառում՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար, ինչը դժգոհություն առաջացրեց դահլիճում ներկա պաշտպանների շրջանում:
Նրանցից Հարություն Բաղդասարյանին դատավորը մեկ անգամ նախազգուշացրեց նստել և տեղից հայտարարաություն չանել, սակայն վերջինս շարունակում էր իր դժգոհությունն արտահայտել դատարանի որոշման դեմ, ինչից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի նկատմամբ սանկցիա կիրառելու հարցը քննարկելու:
Մեկնաբանել