HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատավոր Իշխան Բարսեղյանի գործով նիստին ներկաները լքեցին դահլիճը

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստն անցավ լարված մթնոլորտում: 

Դատական գործի քննությունն անցկացվում է ապակեպատ նիստերի դահլիճում, որտեղ լսելիությունը չի ապահովվում ներկաների և ԶԼՄ ներկայացուցիչների համար: Այդ պատճառով վերջիններս բոյկոտեցին այսօրվա նիստը՝ խնդրելով լուծել դահլիճի տեխնիկական խնդիրը:

 Ամբաստանյալի պաշտպան Վլադիմիր Գրիգորյանը դատավոր Վաչե Մարգարյանին դիմեց խնդրանքով, որպեսզի լուծում տա առաջացած խնդրին և ապահովի դատական գործընթացի հրապարակայնությունը: «Սա ոչ միայն հրապարակայնության վերաբերյալ սահմանադրական և դատավարական նորմերի խախտում է, այլև, իմ կարծիքով, նպատակ է հետապնդում դատական գործընթացից հանրային ուշադրությունը պաշտպանական կողմի փաստարկներից զերծ պահելու համար»,-իր խոսքում նշեց պաշտպանը՝ հավելելով, որ դատարանն ունի մեկ այլ դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել նիստը: 

Դատավորը հայտարարեց 10 րոպե ընդմիջում՝ տեխնիկական խնդիրները լուծելու նպատակով, սակայն, այնուամենայնիվ, իրավիճակը մնաց անփոփոխ, և ներկա գտնվող լրագրողները լքեցին նիստերի դահլիճը:

Նշենք, որ այս խնդիրն առկա էր նաև նախորդ նիստերին. լրագրողներն այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են արել, սակայն խնդիրը չի լուծվել:   

Հիշեցնենք, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ դատավորի կողմից կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ կաշառքի միջնորդությունը:   

Ազնիվ Սիրադեղյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter