
Ծիրանի բերքահավաքն Այգեզարդ գյուղում
Նարեկ Ալեքսանյան
Արարատյան դաշտի այգիներում ակտիվ բերքահավաք է: Լյուդվիգ Ջաբրայանի ծիրանանոցը Արարատի մարզի Այգեզարդ գյուղում է: Ֆոտոշարքում բերքահավաքի պրոցեսն է՝ ծիրանը ծառերից հավաքելուց մինչև արկղերում տեղավորելը:
Ծիրանի բերքահավաքին մասնակցում են միջինը 10 հոգի՝ տղամարդիկ ծառերից դույլերով հավաքում են ծիրանը, կանայք՝ ներքևում տեսակավորում և տեղավորում «Armenia» մակնշումով արկղերի մեջ: Այս այգու ծիրանի մեծ մասը արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն: Աշխատանքը սեզոնային է. բերքահավաքի մասնակիցները վարձատրվում են միջինը 5000 դրամով: Աշխատողները հիմնականում Այգեզարդից, մոտակա գյուղերից, երբեմն էլ Արտաշատ քաղաքից են:
Լյուդվիգն ասում է, որ այս գործում ամենակարևորն աշխատասիրությունն է, այգեգործությունը մշտական ուշադրություն է պահանջում, տարվա ընթացքում պետք է այգին մշակես, որ բերքդ լավը լինի: «Հողին չես կարա խաբես, որ խաբես, վերջում դու կխաբնվես»,- ասում է Լյուդվիգը:
Բացի ծիրանանոցից Լյուդվիգը խաղողի այգիներ էլ է ունեցել, բայց այս տարի դրանք քանդել է, քանի որ, իր խոսքերով, խաղողը տնտեսապես ձեռնտու չէ, որոշ տեղերում կգ-ի գինն 200 դրամից իջել է մինչև 70 դրամ, այն էլ դեռ հարց է, կվճարեն, թե՝ չէ:
Լյուդվիգ Ջաբրայանը թոռան՝ Անիի հետ:
Մեկնաբանել