
ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու նախագիծը
Ազգային ժողովն արտահերթ նիստում ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որին կողմ քվեարկեց 77 պատգամավոր, դեմ՝ 4: Դեմ քվեարկողները «Ելք» դաշինքի ներկայացուցիչներն էին:
Հիշեցնենք, որ այս նախագծով Կառավարությունն առաջարկում է Սևանա լճից տարեկան բոց թողնման ջրի ծավալը 170 մլն խորանարդ մետրից հասցնել 270 մլն խորանարդ մետրի՝ պայմանավորված էներգետիկ և ոռոգման կարիքներով:
Մինչդեռ այս նախագիծը հարուցել է բնապահպանների դժգոհությունը: Նրանք կարծում են, որ Սևանա լճից հավելյալ այս ջրառը մեծ վնաս կհասցնի տարածաշրջանի ամենամեծ լճի էկոհամակարգին: Իսկ ընդդիմադիր «Ելք» դաշինքը պնդում է, որ այս նախաձեռնությունը պարունակում է կոռուպցիոն ռիսկեր: Նախագծի մասին իր դժգոհությունն է հայտնել նաև Բնապահպանության նախարարությունը:
Մեկնաբանել