Արցախի հիմնախնդրին նվիրված քաղաքագիտական գրքի շնորհանդես Ֆրանսիայի Ազգային ժողովում
2011 թ. դեկտեմբերի 13-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Բուրբոնների պալատում` Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ֆրանսիայում լույս տեսած «Արցախ. Լեռնային Ղարաբաղն ի սպաս տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության» ֆրանսալեզու գրքի շնորհանդեսը: Հեղինակային կազմ` Վլադիմիր Կազիմիրով (Ռուսաստան), Սերգեյ Մինասյան (Հայաստան), Ժերար Գերգերյան (Ֆրանսիա), նախաբանը` Նիկոս Լիգերոսի (Հունաստան): Միջոցառման կազմակերպիչներն էին Ֆրանսիայում գործող «Չոբանյան ինստիտուտը», «Հայկական դիտարան» կազմակերպությունը եւ «SIGEST» հրատարակչությունը: Միջոցառման հովանավորն էր Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ, ԵԽԽՎ-ում ֆրանսիական պատվիրակության փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:
Գրքում ներկայացված են Արցախի հիմնահարցի քաղաքական կարգավորմանն ու բանակցային գործընթացին առնչվող մի շարք խնդիրներ` արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում, միջազգային իրավունքի եւ, մասնավորապես, Կոսովոյի նախադեպի շրջանակներում: Գիրքը նախատեսված է ԼՂ հիմնահարցով զբաղվող մասնագետների, քաղաքագետների եւ ընթերցող լայն շրջանակների համար:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ, դիվանագետներ, քաղաքագետներ, ուսանողներ, լրագրողներ, մտավորականներ, հայկական համայնքային կառույցների եւ լրատվամիջոցների մեծ թվով ներկայացուցիչներ: Ժողովածուում տեղ գտած հրապարակումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող արդիական խնդիրների շուրջ ծավալված աշխույժ բանավեճ-քննարկումներին մասնակցեցին եւ սեփական տեսակետների ներկայացմամբ ու մեկնաբանություններով հանդես եկան Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ Ֆրանսուա Ռոշբլուանը, Ժաք Ռեմիլիեն, Հայկական դիտարանի ղեկավար Ռոբեր Հայդաբիրյանը, իրավագետ Ժերար Գերգերյանը, Չոբանյան ինստիտուտի ղեկավար Ժան-Վարուժան Սիրապյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել