HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բակո Սահակյան. «Արցախը ժամանակակից, ժողովրդավարական ու ճանաչված երկիր դարձնելը մեր գերագույն նպատակն է»

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է «Արցախի ազատամարտիկների միություն» հասարակական կազմակերպության 5-րդ համաժողովին եւ հանդես եկել ելույթով:

Միջոցառմանը ներկա էին Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահ Սահակյանի ելույթը «Արցախի ազատամարտիկների միություն» 5-րդ համաժողովում

Համագումարի հարգելի մասնակիցներ,
Սիրելի ազատամարտիկներ,

Ուրախ եմ ներկա գտնվել «Արցախի ազատամարտիկների միության» 5-րդ համաժողովին եւ ի դեմս ձեզ ողջունել կազմակերպության բոլոր անդամներին:

Մենք բարձր ենք գնահատում ձեր դերը Արցախի անկախ պետականության կայացման ու զարգացման գործում: Միության անցած ճանապարհը, փորձն ու ներուժը վկայում են, որ այն շարունակաբար ամրացող եւ բարի ավանդույթներ ունեցող կազմակերպություն է: Մի կառույց, որը լուրջ դերակատարություն ունի մեր երկրում խաղաղության ու կայունության պահպանման, նրա առաջընթացի ապահովման մեջ եւ պատրաստ է կրել պատասխանատվության իր չափը պետության ու ժողովրդի առջեւ: Սա բարդ, բայց եւ միաժամանակ հայրենանվեր առաքելություն է, որը դրված է միության անդամների ուսերին: Ես գոհունակությամբ եմ արձանագրում այս իրողությունը եւ խորին երախտագիտություն հայտնում ձեզ բոլորիդ: 

Արցախը ժամանակակից, ժողովրդավարական ու ճանաչված երկիր դարձնելը մեր գերագույն նպատակն է, որի իրականացման ճանապարհին չափազանց կարեւոր է բոլորիս ջանքերի համախմբումն ու միասնաբար գործելու անհրաժեշտությունը` ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Մենք հաստատակամ ենք ու վճռական` ազատ, անկախ ու հզոր հայրենիք կերտելու գործում, եւ պատրաստ ենք անել հնարավորը դրան հասնելու համար: Դա է պարտավորեցնում նաեւ մեր զոհված ընկերների հիշատակը, որը միշտ վառ կմնա սերունդների հիշողության մեջ եւ մեր սրտերում:

Արցախն այսօր սեփական ուժերով ու արժանապատվորեն հարթում է իր ընտրած ուղին, եւ այս ճանապարհին մեզ հետ է համայն հայությունը: Ամեն պահի մենք զգում ենք Հայաստանի ու Սփյուռքի մեր քույրերի ու եղբայրների հոգատար աջակցությունը, որը չափազանց թանկ է մեզ համար: Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիության շարունակական ամրապնդումը այսուհետ էլ լինելու է մեր արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը: 

Հանրապետության իշխանությունները շարունակելու են հետեւողական աշխատանք տանել մեր երկրի պաշտպանունակության ամրապնդման, տնտեսության բոլոր ճյուղերի համաչափ զարգացման, բնակչության սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ: Այս խնդիրների արդյունավետ լուծումից է նաեւ մեծապես կախված մեր հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու բարեկեցությունը, հասարակության մեջ համերաշխության ու բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանումը: Սա է նաեւ մեր պայքարը իր վերջնական հանգրվանին հասցնելու գրավականը: 

Մենք շատ անգամ ենք ասել, բայց ուզում եմ կրկնել մեկ անգամ եւս. Լեռնային Ղարաբաղը կողմնակից է հակամարտության խաղաղ կարգավորմանը անմիջական երկխոսության միջոցով, միայն ու միայն բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն դա ամենեւին էլ չի նշանակում, թե մենք պատրաստ չենք հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալ հակառակորդի ոտնձգություններին: Մեր ազատությանն ու անկախությանը սպառնացող ցանկացած քայլ կստանա համարժեք պատասխան, եւ մի բան էլ ավելին:

Թանկագին բարեկամներ,
Մարտական ընկերներ,

Ես մշտական շփումների մեջ եմ գտնվում ինչպես միության ղեկավարության, այնպես էլ ձեզնից շատերի հետ եւ տեղեկացված եմ մեր ազատամարտիկների առողջության պահպանման, սոցիալ-կենցաղային հարցերի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին: Սա շարունակական գործընթաց է, որի իրականացման մեջ մեծ է նաեւ պետության դերը: Ձեր խնդիրները նաեւ իշխանության խնդիրներն են, եւ մենք կշարունակենք անել հնարավորը դրանք ժամանակին ու պատշաճ կերպով լուծելու համար: Հայրենիքին անմնացորդ նվիրված ազատամարտիկը պետք է ապրի արժանավայել կյանքով: Ոչ մեկը չպետք է ուշադրությունից դուրս մնա: Ճիշտ է` առայժմ չի հաջողվում շատ բան անել, սակայն վստահ եղեք, որ Արցախի իշխանությունները միշտ ձեզ հետ են, ձեր կողքին եւ ըստ ամենայնի կաջակցեն միության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը:

Հավատացած եմ, որ «Արցախի ազատամարտիկների միությունը» այսուհետ էլ ամենաակտիվ մասնակցությունը կունենա մեր հանրապետության կենսագործունեության մեջ:

Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն ու երջանկություն ձեզ եւ ձեր ընտանիքներին, համագումարին` հաջող ու արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter