
Սեւանա լճում ձկնորսներ են կորել. նրանցից մեկի դին քիչ առաջ հայտնաբերել են
Երեկ երեկոյան Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի երկու բնակիչներ խեցգետին որսալու համար դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 22։57-ին ահազանգ են ստացել և սկսել որոնողական աշխատանքներ իրականացնել։
Ժամը 01։08-ից մինչև ժամը 04։00-ն ջրափրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ Սևանա լճում, սակայն ուժեղ քամու պատճառով աշխատանքները ժամանակավորապես դադարեցրել են։
«Հետք»-ի հետ զրույցում Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանն ասաց, որ փրկարարները քիչ առաջ հայտնաբերել են ձկնորսներից մեկի դին` Կոլյա Սիմոնյանի, մյուսին` Սուրիկ Ասմարյանին, դեռևս որոնում են։ Նրա խոսքով` Սուրիկ Ասմարյանը ևս մահացած է։ Ձկնորսները եղել են հարազատներ` փեսա և աներձագ, մոտ 60 տարեկան։ Ժամը 16։00-ի սահմաններում դուրս են եկել խեցգետին որսալու, այդ պահին եղանակը քամոտ է եղել, համայնքապետը ենթադրում է՝ դա է եղել պատճառը, որ լճում կորել են, քանի որ որսը ափից հեռու չեն արել. «Ընտանքիի անդամները սպասել են, տեսել են, որ տուն չեն գնացել, երեկոյան ահազանգել են»,-ասաց համայնքի ղեկավարը։
Մահացած ձկնորսները ձմռան ամիսներից հետո մի քանի օր առաջ էին սկսել խեցգետին որսալ:
Մեկնաբանել