
Քանի մասնակից ունեն պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը
2016 թվականի վերջի դրությամբ Հայաստանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների գործունեություն իրականացնելու լիցենզիա են ունեցել 2 ներդրումային ֆոնդի կառավարիչներ: Յուրաքանչյուրը կառավարում է 3 պարտադիր կենսաթոշակային ֆոնդ։
Կրկին տարեվերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը կազմել է 63.2 մլրդ դրամ։ Դա կազմում է Հայաստանի ՀՆԱ-ի 1.24%-ը։ 2015 թ. տարեվերջի համեմատ զուտ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը փոքր-ինչ աճել է՝ 0.6 տոկոսային կետով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական բանկի՝ երկրում ֆինանսական կայունության վերաբերյալ տարեկան հաշվետվությունից։
Կենսաթոշակային ֆոնդերի երկու կառավարիչներն են «Ամունդի Ակբա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՓԲԸ-ն ու «Ցե Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն։
Ըստ ՀՀ ԿԲ տվյալների
Իսկ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվ մասնակիցների թիվը 2016-ի վերջի դրությամբ կազմել է շուրջ 170 հազար մարդ:
2015 թ. համեմատ ֆոնդերի ներդրումների կառուցվածքում 3 տոկոսային կետով ավելացել են ոչ պետական պարտատոմսերում ներդրումները և կազմել ընդհանուր ակտիվների 7%-ը: Դրամական միջոցներում ու ավանդներում ներդրումներն ավելացել են 4 տոկոսային կետով և կազմել ընդհանուր ակտիվների 27%-ը:
Նույն ժամանակահատվածում կրճատվել է պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը 4 տոկոսային կետով, օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերում ներդրումները` 3 տոկոսային կետով:
Ֆոնդերի արտարժութային ակտիվների տեսակարար կշիռը տարեվերջին կազմել է 33.9% կամ 21.4 մլրդ դրամ, որի գերակշիռ մասը կամ 17.4 մլրդ դրամը կազմում են օտարերկրյա ներդրումային ֆոնդերի արժեթղթերը:
Ֆոնդերի եկամտաբերությունը 2016 թ. կազմել է 13.8% (2015 թվականին՝ 5.3%):
Ֆոնդերի ակտիվների 39%-ը կամ 24.7 մլրդ դրամը կազմում են ՀՀ պետական պարտատոմսերում ներդրումները: ՀՀ պետական եվրոբոնդերում ներդրումները կազմում են 385 մլն դրամ:
Մեկնաբանել