
Հ. Ավագյան. «Սուպերմարկետները գրավում են մանրածախ առևտրի ոլորտն ու փոքր տեղ թողնում ՓՄՁ-ին»
Օրենքի հավասար կիրառություն բոլոր տնտեսվարողների համար, շուկաների անհասանելիություն և արտահանման խոչընդոտներ՝ սրանք են հայաստանյան ՓՄՁ-ի (փոքր և միջին ձեռնարկատիրություն) զարգացման երեք գլխավոր խոչընդոտները։ «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ այսօր նման տեսակետ հայտնեց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի արդեն նախկին նախագահ Հակոբ Ավագյանը։
«Նորություն չէ, որ եթե ՓՄՁ-ի նկատմամբ օրենքը կիրառվում է ըստ գրվածի և դեռ մի բան էլ՝ ավելին, ապա բիզնեսներ կան, որոնց արտոնյալ պայմաններ են տրամադրվում, այդ թվում՝ պետական պաշտոնյաների բիզնեսներին։ Նրանք հավասար մրցակցային դաշտում չեն ՓՄՁ-ի հետ։ Սա է առաջնային խնդիրներից մեկը, որը խոչընդոտում է փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը Հայաստանում»,- ասաց Հ. Ավագյանը։
Նրա խոսքով՝ երկրորդ խնդիրը շուկաների անհասանելիությունն է։ «Օրինակ՝ մանրածախ առևտրի ոլորտում սուպերմարկետները գրավում են շուկան և փոքր տեղ թողնում ՓՄՁ-ին»,- նշեց Հ. Ավագյանը։ Հիշեցնենք, որ այս խնդրին ավելի վաղ անդրադարձել ենք։ Անգամ պաշտոնական վիճակագրությունն է ցույց տալիս, թե ինչպես է խոշոր սուբյեկտների՝ սուպերմարկետների կշիռը մանրածախ առևտրում վերջին տարիներին մեծացել։ Եթե 10 տարի առաջ խանութները, որոնց շարքում պետք է առավելապես նկատի ունենալ սուպերմարկետներին, գրավում էին մանրածախ առևտրի 46%-ը, ապա նախորդ տարվա վերջի տվյալներով` կշիռը կազմում է 77%: Բացի այդ, ՓՄՁ ներկայացուցիչները դժգոհում են, որ սուպերմարկետները դուրս են մղում ՓՄՁ-ի արտադրանքը շուկայից՝ իրենք արտադրելով նույնանման ապրանքներ։
Երրորդ ամենատարածված խնդիրը, որին բախվում է հայաստանյան ՓՄՁ-ն, կապված է արտահանման հետ։ «Պետական քաղաքականությունը պետք է նպաստի, որ ՓՄՁ-ն ևս արտահանման լայն հնարավորություններ ունենա։ Պետք է ոչ թե հայտարարություններ արվեն, այլ այդ ամենը առարկայական դառնա»,- նշեց Հ. Ավագյանը։
Նրա հիմնադրած և ղեկավարած ասոցիացիան այսօր գումարել էր տարեկան` 3-րդ համագումարը, որի ժամանակ ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ է ընտրվել տնտեսագետ Արտակ Մանուկյանը։
«ՓՄՁ Համագործակցության Ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը ստեղծվել է 2014 թվականին՝ ՀՀ-ում գործող կամ նոր ստեղծվող փոքր և միջին ձեռնարկատերերի շահերի պաշտպանության, վերջիններիս օժանդակելու համար: Հիմնադրման ժամանակ ասոցիացիան ունեցել է 7 անդամ, այսօր՝ 620։
Միջոցառմանը փոքր տաղավարով ներկայացված էին նաև ասոցիացիայի անդամ հանդիսացող ձեռնարկությունների արտադրանքները։ Արտադրողներից երկուսին և նրանց բարձրացրած խնդիրներին առաջիկայում կանդրադառնանք։
«Որոշել ենք այս անգամ էլ հնարավորությունը բաց չթողնել և կրկնել մեր կոչը՝ գնել ապրանքներ, որոնք արտադրված են Հայաստանում»,- ասաց Հակոբ Ավագյանը։
Մեկնաբանել