
ՊԵԿ-ը չի շտապում մանրամասներ հայտնել ադրբեջանական խնձորի ներկրման մասին
Ապօրինի ճանապարհով ադրբեջանական խնձորի Հայաստան ներկրման վերաբերյալ գործը գտնվում է Քննչական կոմիտեի վարույթում։ Թե ովքեր են ներկրել, ովքեր են օրինախախտ մասքավորները, ինչպես նաև այլ մանրամասներ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն կհայտարարի գործի քննությունից հետո։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Խիստ բացասական եմ վերաբերվում այդ երևույթին: Մեղքի բաժին ունեն ոչ միայն մաքսավորները, այլ նաև ներկրողն ու վաճառողները: Մենք ևս մեր մեղքի բաժինն ունենք»,- ասաց Վ. Հարությունյանը:
Ինչպես երեկ հայտնել է Հատուկ քննչական ծառայությունը, 4 անձի մեղադրանք է առաջադրվել հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար. «Խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ Երևանի բնակիչներ Հ. Ֆ.-ն ու Ա. Ե.-ն ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի բնակիչներ Ա. Խ.-ի ու Գ. Թ.-ի օժանդակությամբ առանց հայտարարագրելու ապօրինի ներկրել, իսկ այնուհետև, առանց պետական գրանցման ու հարկային մարմիններում հաշվառման, Երևանի շուկաներում իրացրել են մեծ քանակությամբ գյուղմթերք, այդ թվում' ադրբեջանական ծագման խնձոր»:
Մեկնաբանել